Գ. Խաինդրավա.««Վերին Լարսի» բացումը Գյումրիի ռուսական հենակայանը զինամթերքով համալրելու նպատակ ունի»
««Վերին Լարսի» բացումը Վրաստանի համար որևէ դրական արդյունք չի տա: Հակառակը, դա Վրաստանի համար շատ վատ է: «Վերին Լարսը» աշխատում է Գյումրիի բազայի զինտեխնիկայի ապահովման համար, բնականաբար, ոչ միայն զենքով, այլ հագուստով, սննդամթերքով և այլ ապրանքներով»,-այսօր Թբիլիսի-Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ ասաց Վրաստանի Հակամարտությունների կարգավորման հարցերով նախկին նախարար, այժմ ընդդիմության ներկայացուցիչ Գեորգի Խաինդրավան: Ավելին` նա նշում է, որ, ըստ ձեռք բերված համաձայնության, վրացական կողմն իրավունք չունի ստուգել Հայաստան տեղափոխվող բեռների պարունակությունը:
«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում եռակողմ տեսակամուրջի այսօրվա թեման «Վերին Լարս» հսկիչ-անցագրային կետի վերաբացումն էր: Գեորգի Խաինդրավան նշեց, որ անցակետի բացումը, թերևս, միայն Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլուն է ձեռնտու, քանի որ նա ամեն ինչ անում է, որպեսզի մնա իր աթոռին: «Եթե ինչ-որ բան կատարվում է առանց գլխավոր խաղացողների, առաջին հերթին` Ադրբեջանի, և առանց վրաց հասարակության գիտության և համաձայնության, մենք կարծում ենք, որ դա շատ վատ է»,-ասաց վրացական կողմի բանախոսը:
Նրա մեկնաբանմամբ` Վրաստանը օկուպացված է ռուսական զորքերով, իսկ անցակետը բացվել է միայն Հայաստանի համար, Վրաստանի համար ոչ մի օգուտ չկա դրանից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել