Կառավարությունը պատրաստվում է ճգնաժամի երկրորդ փուլին
Այսօր Ազգային Ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ, պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը մտահոգություն հայտնեց, որ մի շարք միջազգային կազմակերպություններ եւ փորձագետներ, այդ թվում` Համաշխարհային բանկի ղեկավարը, կանխատեսել են, որ աշխարհը թեւակոխում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի նոր փուլ, ինչը կարող է լինել 2008 թ. ճգնաժամի երկրորդ ալիքը: Համաշխարհային բանկի ղեկավարը նաեւ նշել է, որ 2011 թ. հուլիս-օգոստոսից արդեն սկսել է ճգնաժամի երկրորդ փուլը:
Վիկտոր Դալլաքյանը հետաքրքրվեց, թե արդյոք Հայաստանի կառավարությունը քննարկե՞լ է հեղինակավոր կառույցների կանխատեսումները եւ ինչպիսի՞ն է կառավարության վերաբերմունքը եւ ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվելու համատարած աղքատության պայմաններում ժողովրդի սոցիալ-կենցաղային պայմանները բարելավելու ուղղությամբ:
Պատգամավորի հարցին պատասխանեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա ասաց, որ այդ հարցը քննարկում է Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարության հետ: Այսօր էլ Հայաստանում է գտնվում Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենը եւ Արժույթի հիմնադրամի պատվիրակությունը:
«Մտահոգությունները, որ այսօր հնչեցվում են առաջատար մասնագետների կողմից, կայանում են նրանում, որ միջազգային շուկաներում միջավայրը վատթարանում է, եւ այդ միջավայրի վատթարացումը կարող է ունենալ երկարաժամկետ բնույթ»,- ասում է վարչապետ Սարգսյանը:
Ըստ նրա՝ շատ հնարավոր է, որ այդ կանխատեսումները երեք ամիս անց փոխվեն, քանի որ եռամսյակը մեկ է Արժույթի հիմնադրամը կանխատեսումներ անում:
«Բյուջեի նախագիծը որ ներկայացնենք Ազգային ժողովի քննարկմանը, կներկայացնենք նաեւ այն սցենարները, թե ինչպիսին են լինելու անելիքները: Առաջին հերթին մենք վտանգը տեսնում ենք, որ գալու է արտաքին հատվածից: Դա կարող է կապված լինել կապիտալի ներհոսքի եւ մասնավոր տրանսֆերտների կրճատման հետ, եթե այդ հարվածը հասնի մեր այն գործընկերներին, որոնց ազդեցությունը մեր տնտեսության վրա մեծ է: Առաջին հերթին խոսքը գնում է հանքահումքային ապրանքների գներին, եթե նավթի, գազի գները տատանվեն, ապա Ռուսաստանի տնտեսության վրա դա իր հետքը կթողնի»,- ավելացրեց վարչապետը:
Տիգրան Սարգսյանի խոսքով` նախորդ ճգնաժամը Հայաստանին հարվածել է ոչ թե ֆինանսական, այլ ռեալ հատվածով, մասնավորապես` շինարարության ոլորտում, որտեղ արձանագրվել է անկում, որը մինչ օրս շարունակվում է:
Շինարարության կշիռը տնտեսության համախառն ներքին արդյունքում կազմում էր մինչեւ 28 տոկոս եւ հիմա իջել է մինչեւ 14 տոկոս:
«Հասկանալի է, որ մեզ համար գերակայությունը լինելու է սոցիալական ծրագրերի պահպանումը: Մենք 100 տոկոսով կկատարենք այն սոցիալական պարտավորությունները, որ ունենք եւ դա հնարավորություն է տալիս մեղմել համաշխարհային ճգնաժամի բացասական ազդեցությունը մեր տնտեսության վրա»,- ավելացրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել