Եռակողմ քննարկում. ո՞վ է շահում «Վերին Լարս» անցակետի բացումից
Մոսկովյան «Կոռնեգի» կենտրոնի փորձագետ Ալեքսեյ Մալիշենկոն կարծում է, որ «Վերին Լարս» հսկիչ-անցագրային կետի վերաբացումը արդեն իսկ դրական փաստ է, քանի որ գոնե ինչ-որ պատուհան է բացվել ռուս-վրացական հարաբերությունների բարելավման համար: «Դա որոշակի օդանցք է, որտեղից ինչ-որ չափով թթվածին կանցնի»,- այսօր «Նովոստի» մամուլի միջազգային կենտրոնում կայացած Երևան-Թբիլիսի-Մոսկվա տեսակամրջի ժամանակ ասաց Ալեքսեյ Մալիշենկոն:
Հիշեցնենք, որ վրաց-ռուսական սահմանի «Կազբեկի»-«Վերին Լարս» հսկիչ-անցագրային կետերը 2006թ. հուլիսից չէին գործում: Ռուսական կողմը փակել էր «Վերին Լարսը»` որպես հիմնավորում պաշտոնապես հայտարարելով վերանորոգման մասին: 2009թ. մայիսից վերանորոգման աշխատանքներն ավարտվել էին: Եվ միայն այս տարվա մարտի 1-ից այն սկսեց նորից գործել: Այսօրվա տեսակամուրջը «Վերին Լարս» անցակետի բացմանն էր նվիրված: Ռուսական կողմի բանախոս, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը որոշակի տվյալների արդեն տիրապետում էր: Նրա խոսքերով` արդեն իսկ խնդիրներ կան վիզաների հետ կապված, քանի որ Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ Վրաստանի քաղաքացիները վիզա պետք է ստանան շվեյցարական կողմի միջնորդությամբ: Սերգեյ Մարկեդոնովի կարծիքով` անցակետի բացումը որոշակի խորհրդանիշ է ռուս-վրացական հումանիտար հարաբերություններ ձևավորելու ճանապարհին: Նա նշում է, որ հայկական կողմի մասնակցությունն ու շահագրգռվածությունն այս հարցում ակնհայտ են, և «Վերին Լարսի» փակումը անհանգստացրել է Հայաստանին, քանի որ կասեցվել են այդ ճանապարհով անցնող Հայաստանի երեք քառորդ բեռնափոխադրումները, ինչը նպաստել է նաև հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացի արագացմանը: ««Կազբեկի»- «Վերին Լարս» հսկիչ անցակետի բացումը որոշակիորեն կօգնի Հայաստանի տնտեսությանը, և հնարավոր է, որ սա առավել հիմնավոր դադար լինի հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացում»,- ասում է Սերգեյ Մարկեդոնովը: Քաղաքագետը հիշեցրեց նաև հայ-վրացական հարաբերությունների մասին, որոնք այնքան էլ պարզ չեն. նախ` Վրաստանը և Հայաստանը հարևան երկրներ են, մյուս կողմից` բարդ էթնոքաղաքական իրավիճակ է տիրում հայաբնակ Սամցխե-Ջավախքում: Բանախոսը շեշտեց, որ Ջավախքը ոչ Աբխազիա է, ոչ Օսիա, բայց որոշակի անհանգստացնող միտումներ, այնուամենայնիվ, այնտեղ կան: Հայաստանը որպես միջնորդ է հանդես եկել, որը նաև որոշակի ներքին ազդանշան է եղել Ջավախքում եղած, Մարկեդոնովի բնորոշմամբ` տաք գլուխների համար, ինչը նշանակում էր, որ Վրաստանը ևս Սամցխե-Ջավախք տարածաշրջանում պետք է վերանայեր իր քաղաքականությունը: Թբիլիսիից տեսակամրջին միացել էր Հակամարտությունների կարգավորման հարցերով նախկին նախարար, ներկայումս ընդդիմության ներկայացուցիչ Գեորգի Խաինդրավան: Նա նշեց այն դժվարությունների և խոչընդոտների մասին, որոնց պատճառով Վրաստանի քաղաքացիների համար գործնականորեն անհնար է օգտվել «Վերին Լարս» անցակետից: Նախ` որպեսզի Վրաստանի քաղաքացիներն անցնեն Ռուսաստանի սահմանը, պետք է շատ բարդ գործընթաց հաղթահարեն` կապված վիզաների հետ: Երկրորդը` եթե սովորական քաղաքացիները չեն կարող վիզաներ ստանալ, ապա առավել դժվար կլինի նաև փոխադրամիջոցների հաղորդակցությունը: Ավելին` վրացական բեռները չեն կարող հասնել Ռուսաստան, քանի որ Ռուսաստանի շուկան փակ է վրացական արտադրանքի համար: «Տնտեսական օգուտի համար Վրաստանին այս անցակետը ոչինչ չի տալիս»,- կարծում է Գ. Խաինդրավան և շեշտում, որ «Վերին Լարսը» բացվել է մեկ նպատակով` զինել Հայաստանում գտնվող Գյումրիի ռուսական զորամասը: Անցակետի բացումը, ըստ Գ. Խաինդրավայի, հարված է նաև վրաց-ադրբեջանական հարաբերություններին: Ռուս-վրացական հարաբերությունների բարելավմամբ ավելի շատ շահագրգռված է Միխեիլ Սահակաշվիլին, ինչի համար, ըստ վրացի բանախոսի, վրացի ժողովուրդը մի օր կդատի նրա: Հայաստանի կողմից տեսակամուրջի մասնակից, Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ չնայած անցակետի բացմանը` դեռ վաղ է խոսել ռուս-վրացական հարաբերություններում պատուհանի բացման մասին է, իսկ ընդհանրապես բարելավման մասին խոսելն ավելորդ է: «Քաղաքական կոնֆլիկտը Վրաստանի և Ռուսաստանի միջև մնում է այնպիսին, ինչպիսին կար, իսկ բաղկացուցիչ հակամարտությունները մեղմվում են, նկատի ունեմ` հումանիտար և տնտեսական կողմերը»,- ասաց Ալ. Իսկանդարյանը: Խաինդրավայի դիտարկմանը, թե վրացական կողմը որևէ օգուտ չի ստանալու, քանի որ թույլ չեն տալու վրացական բեռների անցկացումն «Վերին Լարսով», Ալ. Իսկանդարյանը նկատեց. «Ես չեմ կարծում, որ ամեն մի խնձորի, տանձի կամ կարտոֆիլի վրա կլինի «պատրաստված է Հայաստանում» մակագրությունը, իսկ եթե այդ դրոշմը լինի, ապա դա չի նշանակելու, որ այդ տանձը, մանդարինը աճեցված են Հայաստանում: Այն ժամանակ էլ, երբ «Կազբեկի»-«Վերին Լարս» անցակետը բաց էր, միշտ էլ գտնվում էին ջրից անցնելու միջոցներ»: Տեսակամուրջի հայկական կողմի մյուս բանախոսը` քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը, նշեց, որ Հայաստանի համար տրանսպորտային միջանցք է բացվել, ինչը կնպաստի բեռների էժան փոխադրմանը: Ըստ Մարգարովի` այստեղ ոչ միայն Հայաստանն է դիվիդենտներ շահել, այլ մնացած կողմերը ևս, այդ թվում և Վրաստանը: Այն հնարավոր է որոշակի սոցիալական դերակատարություն ունենա հենց այն տարածքում, որտեղ գտնվում են հսկիչ-անցագրային կետերը: Ռուսական կողմի բանախոս Սերգեյ Մարկեդոնովը հավելեց, որ անցակետի բացումը հարաբերությունների բարելավման գործընթացի ձևաչափի փոփոխություն է: Նրա ասելով` չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը` ներքին հաղորդակցություն Վրաստանի և Ռուսաստանի միջև, այնուամենայնիվ, կա: Որպես ասվածի վառ օրինակ` Մարկեդոնովը նշեց ВТБ բանկի ներկայությունը Թբիլիսիում, վրացի բազմաթիվ գործիչների ունեցած անշարժ գույքը ՌԴ մայրաքաղաքում: «Չլուծված հակամարտության պարագայում էլ կյանքը շարունակվում է»,- նշեց նա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել