HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ըստ Թոմաս դե Վաալի` ԼՂ հարցում լավագույն լուծումը միջանկյալ կարգավիճակի տարբերակն է

Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամը կազմակերպել էր քննարկում` «ղարաբաղյան հակամարտության կարգավորում. իրականն ու անիրականը» թեմայով, որին մասնակցում էր գրող և լրագրող Թոմաս դե Վաալը, ով հայ հանրությանն ավելի շատ հայտնի է իր «Սև այգի» գրքով` նվիրված ԼՂ հակամարտությանը: Քննարկմանը մասնակցում էին հասարակական եւ քաղաքական գործիչներ, Հայաստանում հավատարմագրված արտասահմանյան դիվանագետներ: Այն վարում էր «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հատուկ օգնական Սալփի Ղազարյանը:

Հենց սկզբում դե Վաալը նշեց, թե իրեն դուր չի գալիս «սառեցված հակամարտություն» արտահայտությունը, և Ղարաբաղի դեպքում, ըստ նրա, իրավիճակը ճիշտ է բնորոշել «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» ձևակերպմամբ. «Չեմ կարող ասել, թե կարող է մոտ ապագայում պատերազմ լինել, բայց և այնպես, կարծում եմ, որ երկար ժամանակահատվածում պատերազմի վտանգ կա»: Թոմաս դե Վաալի խոսքերով` սառեցված հակամարտություն կարելի է համարել կիպրոսյան իրավիճակը, երբ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ, սակայն չեն էլ վերադառնա պատերազմական վիճակին: Իսկ Ղարաբաղյան հակամարտության պարագայում, նրա կարծիքով, պատերազմը կարող է վերսկսվել թեկուզ «հիմարության գործոնի» պատճառով, երբ ինչ-որ մեկի «մեղքով», նույնիսկ ոչ բարձրաստիճան պաշտոնյայի, կռիվը կարող է մոլեգնել: Իբրև «հիմարության գործոնով» պայմանավորված պատերազմի օրինակ` նա մատնանշում է Չեչնիայի դեպքերը, երբ «սկսվեց պատերազմ, որի կարիքը չկար, որից բոլորը տուժեցին, բայց այն, այնուհանդերձ, տեղի ունեցավ»: Կիսելով Ադրբեջանում տեղի ունեցած քննարկումների տպավորությունները, դե Վաալը նշեց, թե հիմա այնտեղ ավելի դրականորեն են տրամադրված որոշ հարցերի նկատմամբ, քան տարիներ առաջ, օրինակ`«խոսում են ժողովուրդների միջև, ղարաբաղահայերի հետ շփումների մասին, մտնում են ողջամիտի տարածք` Մադրիդյան, թե Սոչիի սկզբունքներ, ինչպես ուզում եք, անվանեք»,- ասում է նա: Սալփի Ղազարյանը նկատեց, որ 1998 թվականից ի վեր Ադրբեջանը մերժել է բանակցային գործընթացում առաջարկված բոլոր տարբերակները, մինչդեռ հայկական կողմը տվել է դրական պատասխան: Սակայն հանկարծ կողմերին առաջարկվել է մի փաստաթուղթ, որին «Ադրբեջանն «այո» է ասել, իսկ մենք կամ ոչինչ չենք ասում դրա մասին, կամ էլ մրմնջում ենք բացասական արձագանք»: Դե Վաալը պատասխանեց, թե ինչքանով տեղյակ է, խոսքը վերաբերում է երկուսուկես էջ բովանդակություն ունեցող փաստաթղթին, որը շատ առումներով «շրջանակային» է և ունի բավականին ճեղքեր: «Միգուցե իրենք (ադրբեջանցիները) անցյալում դրականորեն չեն արտահայտվել որոշ հարցերի կապակցությամբ, օրինակ` Լաչինի միջանցքի հարցում: Բայցևայնպես, կարծում եմ, այսօր էլ թյուրըմբռնումներ կան` հնարավոր համաձայնության կամ ժողովրդական հանրաքվեի բնույթի վերաբերյալ: Հանրաքվե, որ կանցկացվեր ղարաբաղի կարգավիճակի հարցով: Ինչպես միշտ, շրջանով պտտվում ենք ու հասնում Ղարաբաղի կարգավիճակի պրոբլեմին: Ես չեմ կարծում, որ նրանք իրենց դիրքորոշումն այդ հարցում փոխել են: Ուստի, հնարավոր է, որ փաստաթուղթը մի քիչ ավելի երկբա է, ավելի երկիմաստ է, քան նախկինում, և դա է իրենց դուր գալիս»,- ասում է Թոմաս դե Վաալը: Նրա խոսքերով` ղարաբաղյան հակամարտությունը վերլուծելիս հասկանում ես, որ երբեք խաղաղություն չի լինի երկու նախագահների ստորագրությամբ` ընդհանուր սկզբունքների հայտարարության շուրջ: Ըստ նրա` «աթոռն առնվազն 4 ոտք պետք է ունենա», այնինչ «խաղաղության գործընթացն այս պահին ընդամենը 2 ոտք ունի. բանակցություններ հիմնարար սկզբունքների փաստաթղթի շուրջ, և երկրորդ` շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանում: Ընդ որում` երկրորդ ոտքը բավականին երերուն է»: «Դեսպան Անջեյ Կասպրչիկը ստիպված է 75 կմ գծով դիտարկումներ անցկացնել, և միայն կողմերի բարի կամքով է այդ հրադադարը պահպանվում: ԵԱՀԿ-ի այդ մանդատը կարծես պետք է հզորացնեն, ինչին Բաքուն, ըստ իս, հակված չէ: Բաքուն հակված չէ հզորացնելու ԵԱՀԿ-ի մանդատը, և դա մտահոգիչ է: Իրենք չեն ուզում անել որևէ քայլ, որը կնպաստեր ստատուս քվոյի նորմալացմանը»,- ասում է դե Վաալը: Սեղանի բացակայող 3-րդ և 4-րդ ոտքերը, դե Վաալի բնորոշմամբ, հետհակամարտային պլանավորումն է, որը, օրինակ, անցկացվեց ամբողջ Բալկանյան թերակղզում` ականազերծում, վերակառուցում, տնտեսական ծրագրեր, խաղաղապահությունը: «Եվրամիությունը կարող էր դա անել. իրենք շատ հարուստ փորձ ունեն Բալկանյան երկրներում, ինչո՞ւ այստեող ներկայացված չեն»,- հարցնում է բանախոսը: Իսկ սեղանի 4-րդ ոտքը, ըստ նրա, ժողովուրդների շփումներն են, քաղաքացիական հասարակությունների միջև կապերը, որը նույնպես «այսօր շատ տկար է»: Լիարժեք խաղաղության հասնելու համար, Թոմաս դե Վալի կարծիքով, պետք է փաստաթուղթ ստորագրել ոչ թե հիմնարար սկզբունքների, այլ դրա տարրերի շուրջ: «Բանակցվող ծրագիրը գեղեցիկ է նրանով, որ միջանկյալ կարգավիճակի հարց է դրվում: Կարող եք ստանալ կարգավիճակ, երբ Ղարաբաղը դեպի աշխարհ մատույց կունենա, բայց ոչ լիարժեք անկախություն: Դա բնականաբար, պետք է համադրել անվտանգության երաշխիքներով, այդ երկբայության մեջ կարծես շատ բան կարելի է ստանալ,- ասում է նա և հավելում,- կարևորն այն է, որ բոլորի համար լավ լինի, որ հասնենք միջանկյալ կարգավիճակի, հետո սկսենք ամրապնդել վստահությունը երկու համայնքներիր միջև: Լինի ինչ-որ տեսակ անվտանգություն, որով կարգավիճակի բանակցությունը շատ ավելի հեշտ կդառնա. յուրաքանչյուր կողմն իր ուզածից մի քիչ կստանա: Միգուցե հասնենք ինչ-որ եվրոպական մոդելի, լինի համատեղ ինքնիշխանություն: Բայց այս պահին չեմ տեսնում` ինչպես հասնել այդ կետին: Պարզապես տարածաշրջանը չափազանց ռազմականացված է և չկա այդքան վստահություն: Իսկ միջազգային հանրությունը բավականաչափ ջանքեր չի գործադրում` այդ տեսակ միջանկյալ կարգավիճակին սատարելու համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter