ՀԱԿ-ի հայտարարությունը
Վերաքննիչ դատարանում ավարտվեց քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավարությունը: Մեղադրող կողմը չկարողացավ բերել մեղադրական որեւէ հիմնավոր ապացույց: Դատավորը գործեց մեղադրողի հետ բացահայտ դաշնակցած, ապօրինաբար մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունները, անտեսեց բերված փաստերը:
Դատարանը հերթական անգամ կատարեց անձամբ Սերժիկ Սարգսյանի պատվերը` անփոփոխ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը:
Կատարվածը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ոչ թե արադարադատության իրականացում էի, այլ քաղաքական հաշվեհարդար ու անձնական վրեժխնդրության դրսեւորում: Իսկ դրա հիմքում ընկած է երկու իրաղություն. թե որպես լրագրող, թե որպես քաղաքական գործիչ` «Այլընտրանք» հասարակական քաղաքական նախաձեռնության եւ «Իմպիչմենտ» նախընտրական դաշինքի կազմում, նա ավելի քան 10 տարի եղել է ավազակապետության ամենասկզբունքային քննադատն ու դրա դեմ պայքարող աննկուն մարտիկը:
Նիկոլ Փաշինյանը` 2008թ. մարտի 1-ից հետո քաղաքական հալածյալ, 2009թ. հունիսի 1-ին կամավոր ներկայացավ արդարադատությանը եւ բախվեց Հայաստանում արդարադատության բացակայությանն ու իշխող վարչախմբի նեղմտության, քինախնդրության հերթական դրսեւորմանը: Նրա եւ մյուս քաղբանտարկյալների նկատմամբ կիրառվող դաժան հաշվեհարդարը իշխանությունը բռնազավթած ավազակախմբի վախի արտահայտությունն է` վախ ճշմարտությունից, վախ` ժողովրդի աչքերը բացվելուց, վախ` արդար դատաստանից:
Հայ Ազգային Կոնգրեսը ոչ մի ջանք չի խնայելու պայքարելու համար ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ մյուս քաղբանտարկյալների ազատության համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել