Դեսպանը հանդիպումներ է ունեցել դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ
Ռումինիայում ՀՀ դեսպան Եղիշե Սարգսյանը հանդիպումներ է ունեցել դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Տրայան Բասեսկուի հետ հանդիպման ժամանակ Ռումինիայի նախագահը ընդգծել է Հայաստանի եւ Ռումինիայի միջեւ հարաբերությունների կարևորության մասին, շնորհակալություն հայտնել դեսպանին երկկողմ կապերի զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն ուղղված գործունեության համար:
ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ` զրուցակիցները երկուստեք համոզմունք են հայտնել, որ նախագահ Սերժ Սարգսյանի` այս տարի ծրագրվող պաշտոնական այցը Ռումինիա մեծապես կնպաստի հայ-ռումինական համագործակցության հետագա զարգացմանը:
Նախագահ Բասեսկուի խնդրանքով դեսպան Սարգսյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի լուծման գործընթացի վերջին զարգացումները եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը:
Սենատի նախագահ Միրչեա Ջեոանայի հետ հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են միջխորհրդարանական կապերի կարեւորությունը երկկողմ հարաբերություններում, եւ խոսվել է հնարավոր նոր ծրագրերի մասին:
Ռումինիայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Դանիելի հետ ՀՀ դեսպան Եղիշե Սարգսյանի հրաժեշտի հանդիպման ընթացքում կողմերը զրուցել են հայ եւ ռումին քույր եկեղեցիների միջեւ ավանդական կապերի եւ դրանց հեռանկարների վերաբերյալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել