HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

ՀՀ քաղաքացին երկրի նախագահին լսելի դառնալու համար դիմել է ԵԱՀԿ-ին

57-ամյա Պարույր Գուլգուլյանը ամիսներ շարունակ ցանկանում է իր խնդիրը լսելի դարձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն ներպետական օղակներով դա չի հաջողվել: Այդ պատճառով էլ ՀՀ քաղաքացին դիմել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության երեւանյան գրասենյակին (ԵԱՀԿ): ԵԱՀԿ-ն եւս Սերժ Սարգսյանին չի տեղեկացրել քաղաքացու խնդրի մասին, փոխարենը գրավոր պատասխան է ուղարկել` նշելով, որ իրենց գրասենյակը չի կարող օգնել` ելնելով իր մանդատից եւ գործունեության կոնկրետ ոլորտներից: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը չի կարող միջամտել քննչական եւ դատական գործընթացներին: Պարույր Գուլգուլյանը շուրջ 15 տարի քննչական եւ դատական ատյաններում փորձում է արդարության հասնել: Օրերս նա բողոք է ներկայացրել ՀՀ Վճռաբեկ դատարան. «Իմ այս դիմումը գրելով` ցանկանում եմ կոնկրետ ներկայացնել գործում առկա եւ անժխտելի խախտումները, առանց մեկնաբանությունների... ավելի քան համոզված եմ, որ իմ այսօրվա ներկայացրածին ՀՀ վճռաբեկ պալատը տեղեկացված է եւ, առավել եւս վստահ եմ, որ բոլոր դատարանների դատավորները, ովքեր առնչվել եւ զբաղվել են այս գործով, խորապես համոզված են նրանում, որ իմ ասածի մեջ ոչ մի սուտ չկա, էլ չեմ ասում դատախազների մասին»,- նշել է Գուլգուլյանը իր դիմումում: Դատական ատյաններին մշտապես ներկայացնելով իր նկատմամբ կատարված ապօրինությունները` Գուլգուլյանը համոզվել է, որ նրանք հակված չեն գործին արդարացի լուծում տալու, այդ պատճառով էլ ցանկանում է հանդիպել երկրի նախագահին: «Նախագահն է դատավորներին նշանակում, թող կանչի-ասի` էս ի՞նչ եք անում, ինչպե՞ս կարելի է ակնհայտ ապօրինություններն ու կեղծիքները չնկատել»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Պարույր Գուլգուլյանը: Նա նշեց, որ ֆինանսական միջոցներ չունի` Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար. «Բայց ո՞վ փող չունի, չպիտի արդարության հասնի, բա մեր դատարաններն ինչի՞ համար են»,- հարցնում է ՀՀ քաղաքացին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter