Միքայել Վարդանյանը` ՍԾՏՀԿ-ում Հայաստանի նորանշանակ մշտական ներկայացուցիչ
Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀԿ) ՀՀ Մշտական ներկայացուցչի պարտականությունները ստանձնելու կապակցությամբ Միքայել Վարդանյանը ՍԾՏՀԿ Մշտական միջազգային քարտուղարության Գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանթոպուլոսին հանձնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակը:
Արտգործնախարարության մամլո ծառայության հաղորդմամբ` ՍԾՏՀԿ Գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ Միքայել Վարդանյանը կարեւորել է Հայաստանի մասնակցությունը բազմակողմ համագործակցության ձեւաչափում՝ նշելով, որ իր պաշտոնավարության ընթացքում կշարունակի ջանքեր գործադրել կազմակերպության շրջանակում համագործակցության տարբեր ոլորտներում Հայաստանի շահերը պաշտպանելու, սոցիալ-տնտեսական նախագծերում Հայաստանի մասնակցությունն ընդլայնելու ուղղությամբ:
Գլխավոր քարտուղար Քրիզանթոպուլոսը, իր հերթին գոհունակությամբ նշել է Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը կազմակերպության շրջանակում իրականացվող աշխատանքներում, մասնավորապես վերջին տարիների ընթացքում՝ բարձր գնահատելով մեր երկրի հստակ եւ կառուցողական մոտեցումներն ու դիրքորոշումները, որոնք ուղղված են տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացմանն ու ՍԾՏՀ կազմակերպության արդյունավետության բարձրացմանը:
Միքայել Վարդանյանը հանդիպել է նաև ՍԾՏՀ Գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Նոյան Սումրուի հետ, որից հետո քարտուղարության շենքում կազմակերպվել է ընդունելություն: Միքայել Վարդանյանին ընդունել է Թուրքիայի Հայոց Կրոնական Ժողովի Ատենապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Նա մշտական ներկայացուցչին ներկայացրել է Ստամբուլի հայ համայնքի առօրյան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել