HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

«Կինոերկխոսություններ»-ի ֆիլմերը ցուցադրվեցին Արցախում

Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում երեկ տեղի ունեցավ «Երկխոսություն ֆիլմերի միջոցով» ծրագրի երկրորդ` «Կինոերկխոսություններ» շարքի ֆիլմերի շնորհանդեսը:

Միջոցառմանը ներկա էին տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պետական հիմնարկների աշխատողներ, լրագրողներ, երիտասարդներ, ինչպես նաեւ «Հաշտության պաշարներ» բրիտանական կազմակերպության կովկասյան ծրագրերի մենեջեր Լոուրենս Բրոյերսը, նույն կազմակերպության ԶԼՄ-ներին առնչվող ծրագրերի համակարգող Ջենի Նորտոնը, Ինտերնյուս-Հայաստան կազմակերպության պրոդյուսեր Հարություն Մանսուրյանը եւ ռեժիսոր Լեւոն Քալանթարը:

Տեղեկացնենք, որ վերոնշյալ ծրագիրը, որը մեկնարկել է 2006-ին, իրականացվում է «Հաշտության պաշարներ» կազմակերպության հովանավորությամբ եւ Ստեփանակերտի մամուլի ակումբի, Ինտերնյուս-Հայաստան եւ Ինտերնյուս-Ադրբեջան կազմակերպությունների նախաձեռնությամբ: Ինչպես միջոցառման ժամանակ շեշտեց Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը, ծրագրի նպատակը Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի երիտասարդներին համատեղ ֆիլմեր պատրաստելու գործում աջակցելն է:  Ծրագրին մասնակցել են ավելի քան 30 երիտասարդներ, պատրաստվել է 20-ից ավելի համատեղ եւ տեղական վավերագրական ֆիլմեր` այն սերնդի ներկայացուցիչների մասին, որոնց վրա իր հետքն է թողել ղարաբաղա-ադրբեջանական պատերազմը: Հայ եւ ադրբեջանցի երիտասարդների համատեղ պատրաստած 5 ֆիլմերի մոնտաժային աշխատանքներն իրականացվել են Երեւանում կամ Բաքվում, իսկ վերջնական տարբերակները համաձայնեցվել են բոլոր մասնակիցների կողմից` Թբիլիսիում կայացած աշխատանքային հանդիպումների ընթացքում: Ի դեպ, ծրագրի «Զարմուհին Կովկասից» ֆիլմն անցյալ տարի «Ոսկե Ծիրան» փառատոնում արժանացել է հատուկ դիպլոմի:

Տեղեկացնենք, որ ծրագրի առաջին շարքի ֆիլմերը ցուցադրվել են Ղարաբաղի տարբեր բնակավայրերում: Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը հույս հայտնեց, որ ֆիլմերի ցուցադրությունը կշարունակվի: Ինտերնյուս-Հայաստան կազմակերպության պրոդյուսեր Հարություն Մանսուրյանի տեղեկացմամբ` առաջին շարքի ֆիլմերից 4-ը ցուցադրվել է Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ: Ծրագրի ֆիլմերը չեն ցուցադրվել ադրբեջանական հեռուստաալիքներով:

«Հաշտության պաշարներ» կազմակերպության ԶԼՄ-ների հետ կապված ծրագրերի համակարգող Ջենի Նորտոնը նշեց, որ ֆիլմերի շնորհանդեսը տեղի կունենա նաեւ Ադրբեջանում, որտեղ էլ կփորձեն ադրբեջանական հեռուստաալիքների ղեկավարների հետ պայմանավորվել ֆիլմերը ցուցադրելու համար: Ի դեպ, «Կինոերկխոսություններ» շարքի ֆիլմերի շնորհանդեսը վաղը տեղի կունենան նաեւ Երեւանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter