HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա

Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա: Նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր սա Սերժ Սարգսյանի առաջին պաշտոնական այցն է բարեկամ Ֆրանսիայի Հանրապետություն: Նախագահ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԺ պատգամավոր, հայ-ֆրանսիական բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը և պաշտոնատար այլ անձինք: Պաշտոնական այցելության առաջին օրը (մարտի 9-ին) նախագահ Սարգսյանն այցելել է Փարիզի «Մատինյոն» ցուցասրահ, հանդիպել ֆրանսահայ ճանաչված գեղանկարիչ Ժանսեմի հետ, շրջել ցուցասրահում և ծանոթանացել նրա ստեղծագործական հարուստ ժառանգությանը: «Մեր ժողովուրդն իսկապես հպարտանում է Ձեզանով ու բարձր գնահատում Ձեր արվեստը: Ապրելով այլ երկրում` Դուք ավելի ճանաչելի եք դարձրել մեր ժողովրդին` ողջ աշխարհում տարածելով հայ ժողովրդի բարի համբավը»,- նշել է մեր երկրի ղեկավարը: Նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ` Ս. Սարգսյանն ու մեր անվանի հայրենակիցը մտքեր են փոխանակել հայապահպանության ու Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման խնդիրների շուրջ: «Սփյուռքի նախարարության ստեղծման նպատակներից մեկն էլ արտերկրում ապրող մեր հայրենակիցների հայապահպանության խնդրի լուծմանը նպաստելն է: Մենք որպես անկախ Հայաստանի Հանրապետության իշխանություն, պետք է աշխատենք ստեղծել այնպիսի երկիր, որ հայկական ինքնությունը կրող եւ արտերկրում ապրող մեր յուրաքանչյուր հայրենակից հպարտանա իր Հայրենիքով»,- նշել է նախագահ Սարգսյանը: Հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև ծննդյան 90-ամյակի առթիվ ֆրանսահայ անվանի նկարիչ Ժանսեմը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով: Նախագահ Սարգսյանը ճանաչված նկարչին հանձնել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն շքանշանը: Պաշտոնական այցի շրջանակում այսօր կեսօրին Ելիսեյան պալատում նախատեսված է Սերժ Սարգսյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: Ֆրանսիայի Նախագահի անունից ի պատիվ Հայաստանի Հանրապետության նախագահի կտրվի պաշտոնական ճաշ: Այնուհետև Ս. Սարգսյանը կհյուրընկալվի Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեին և Ազգային ժողովի նախագահ Բեռնար Ակուայեին, կհանդիպի ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter