
«Սեյվ դը չիլդրեն»-ի արձագանքը` վարչապետին ուղղված բաց նամակին
«Սեյվ դը չիլդրեն»-ի արձագանքը «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի`վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված բաց նամակին
«Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի կողմից վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված բաց նամակի` «Սեյվ դը չիլդրեն» միջազգային կազմակերպությանը վերաբերող կետերի առնչությամբ պաշտոնապես հայտարարում ենք հետևյալը.
- Կոտայքի մարզի Քասախ համայնքի տարածքում ներկայումս իրականացվող շինության կառուցումը ֆինանսավորում է ԱՄՆ պետքարտուղարության Բնակչության, փախստականների և միգրացիայի գործակալությունը: Ծրագիրն իրականացնում է «Սեյվ դը չիլդրեն ֆեդերեյշըն ինկ.» (կրճատ` «Սեյվ դը չիլդրեն») միջազգային կազմակերպությունը: Նախագծա-նախահաշվային փաստաթղթերը մշակել է «ՀԱՅԳՅՈՒՂՇԻՆՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ն, շինարարական աշխատանքներն իրականացնում է «ՀԻԴՐՈԷՆԵՐԳԱՇԻՆ» ՓԲԸ-ն, շինարարության որակի վերահսկող ընկերություն է ընտրվել «Շինսերտիֆիկատ» ՍՊԸ-ն:
Ի դեպ, շինարարական աշխատանքների մեկնարկման պահից իսկ վերոնշյալ տեղեկատվությունը փակցված է եղել իրականացվող շինարարական աշխատանքների տարածքում և հասանելի է եղել բոլորի համար` վերևում ներկայացված պաստառի միջոցով:
Այսպիսով, նոր կառուցվող շենքը որևէ առնչություն չունի ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի ներկայացուցչի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) կողմից նախկինում կառուցված շինության հետ, որի մասին նշված է նամակում: Ներկայումս կառուցվող շենքի բնակարանները որպես ժամանակավոր կացարան տրամադրվելու են Երևանի Արցախի փողոց, 4-րդ նրբանցք, 10/2 հասցեում գտնվող հանրակացարանում և Քասախ գյուղում, մասնավորապես` նախկին գաղութի տարածքում բնակվող նախկին փախստական ընտանիքներին, ովքեր չունեն որևէ անշարժ գույք: Այս մասին փախստականներին բազմից տեղեկացվել է ինչպես կազմակերպված անհատական և խմբային հանդիպումների, այնպես էլ պաշտոնական գրությունների միջոցով:
- Փախստականները տեղեկացված են եղել նաև բնակարանների բաշխման չափորոշիչներին:
- «Սեյվ դը չիլդրեն»-ի կողմից կառուցվող շենքի բնակիչների վերջնական ընտրությունը կկայացվի ս.թ. սեպտեմբեր ամսի վերջին:
«Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը, կիսելով փախստականների մտահոգությունները, կոչ է անում բոլոր շահագիգիռ կողմերին ձեռնպահ մնալ անհիմն ենթադրություններ ու անպատասխանատու հայտարարություններ անելուց, քանզի դրանք միայն կարող են հարուցել փախստականների ավելորդ անհանգստությունը:
Մեկնաբանել