Կապուղիների մրցույթը կանցկացվի 2010-ի հուլիսին
ԵԽ նախարարների կոմիտեն նոր որոշում է հրապարակել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Ա1+»-ի գործով կայացրած վճռի կատարման մասին` առաջարկելով ՀՀ կառավարությանը տեղեկացնել մրցույթի անցկացման ընթացքի վերաբերյալ:

Մարտի 4-ին վերստին քննելով 2008թ-ի հունիսի 17-ին ՄԻԵԴ կայացրած այս վճռի կատարման ընթացքը` Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ներկայացուցիչները որոշել են` «Ընդունել ի գիտություն այն տեղեկատվությունը, որը ներկայացրել է Հայաստանի կառավարությունը` հաստատելով 2010 թվականի հուլիսին մրցույթի կայացումը, որին հնարավորություն կունենա մասնակցել դիմումատուն»:
Այս համատեքստում որոշման մեջ վերստին հիշեցվել են այն երաշխավորություններն ու հայտարարությունները, որոնք ԵԽ նախարարների կոմիտեն ընդունել է արտահայտման ազատության, ԶԼՄ-ների բազմակարծության ու բազմազանության վերաբերյալ:
Բաժանիր, որ տիրես
Երեկ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները «այցելել» էին Աբովյան փողոցի վրա գտնվող Երևանի ամենահայտնի խանութներից մեկը` «Միլանո»` այն դատարկելու նպատակով:
Այս խանութի զբաղեցրած տարածքը «գերակա շահի» հերթական թիրախն է: Դրա տեղում դարձյալ կառուցվելու է էլիտար շենք, որի պատճառով այն պետք է քանդվի: Խանութի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանը երեկ չի պատասխանել թերթի թղթակցի այն հարցին, թե արդյոք ինքը մասնակցե՞լ է «գերակա շահի» զոհ դարձած բազմաթիվ քաղաքացիների կազմակերպած բողոքի ակցիաներին և սատարել նրանց: Ուշագրավ է, որ երեկ, երբ ԴԱՀԿ աշխատակիցները դատարկում էին «Միլանոն», վերջինիս սեփականատիրոջը որևէ, նույնիսկ բարոյական, աջակցություն ցույց չէին տալիս հարևանությամբ գտնվող խանութների տերերը: Մինչդեռ այդ խանութները ևս առաջիկայում ընկնելու են «Միլանոյի» օրը:
Նաիրի Բադալյանը Հայաստանում է
Հոկտեմբերի 27-ի գործով նախկին մեղադրյալ, հետագայում արդարացված Նաիրի Բադալյանը կրկին ԱՄՆ-ից ժամանալ է Հայաստան` մասնակցելու իր քաղհայցերի քննությանը: Նա դատի է տվել դատախազությանը և պետական մարմիններին և պահանջում է կրկին վերսկսել խոշտանգումների մասով իր քննությունը և իր բողոքի վեաբերյալ կայացրած կարճման որոշումը վերացնել, ինչպես նաև պահանջում է պետական մի շարք պաշտոնյաների, այդ թվում ՀՀ նախագահին իրենից ներողություն խնդրել` 27-ի գործով նախաքննության ժամանակ իրեն պատճառված անհանգստության, վնասվածքների և ընդհանրապես ապօրինի կալանքի համար:
Այժմ նրա քաղհայցերը գտնվում են Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանում` դատավորներ Գագիկ Խանդանյանի և Էդիկ Ավետիսյանի վարույթում:
«Արմավիա»-ի օդանավերը չեն իջնի «Դոմոդեդովոյում»
Ելնելով բիզնեսի նպատակահարմարությունից` «Արմավիա» ավիաընկերությունը որոշել է, որ իր ինքնաթիռները չեն թռչի Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայա: Մարտի 12-ից Արմավիան դեպի Մոսկվա օրական 4 թռիչքները կիրականացնի` օգտվելով «Վնուկովո» և «Շերեմետևո» օդանավակայանների ծառայություններից: Ավիաընկերությունից հերքել են այն լուրերը, թե իբր ինքնաթիռները չեն իջնում «Դոմոդեդովոյում», որովհետև «Արմավիան» պարտքեր ունի օդանավակայանին:
Որտե՞ղ են ամենից շատ բանտարկում լրագրողներին
Լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալներով` Իրանի կալանավայրերում է գտնվում աշխարհում ձերբակալված լրագրողների մեկ երրորդը: Այս իրավիճակը կոմիտեն համարել է սարսափելի: Վերոհիշյալ կոմիտեի զեկույցի համաձայն` փետրվարին Իրանում ձերբակալված են եղել 52 լրագրողներ: Այս առումով երկրորդ տեղում է Չինաստանը, որտեղ անազատության մեջ են 24 լրագրողներ, իսկ Կուբայում ձերբակալված են 22 լրագրողներ:
Հանդիպել է Շիրակին
Տարօրինակ զուգադիպությամբ, թե փոխպայմանավորվածությամբ` այս օրերին Ֆրանսիայում էր գտնվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Թերթի տեղեկություններով` նա հադիպել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հետ:
Օբաման և ոգու ուժը
«The Christian Monitor» օրաթերթը նախօրեին անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձին` նշելով, որ այն Բարակ Օբամային կոչ է անում իրերը կոչել իրենց անուններով: «Սակայն հաշվի առնելով Թուրքիայի ռազմավարական կարևորությունը` դա հեշտ չի լինի անել»,- նշել է հոդվածի հեղինակ Ջոն Հյուզը: «Հայոց ցեղասպանության բանաձև նախագահ Օբաման և ոգու ուժի գինը» վերնագրված հոդվածում Հյուզը նշել է, որ բանաձևից հետո ծավալված իրադարձությունները հաշվի առնելով` քիչ հավանական է, որ Օբաման հաջորդ ամիս պատմական փաստերն իրենց անուններով կկոչի:
«Այս բանաձևն ընդունելով` Կոնգրեսը վիրավորել է Թուրքիայի զգացմունքները և կարող է վնաս հասցնել ԱՄՆ-ի շահերին: Ոգու ուժը, պարզվում է, շատ ավելի թանկ արժէ, քան ԱՄՆ-ը կարող է իրեն թույլ տալ»,- գրում է թերթը: Հոդվածագիրը համոզված է, որ բանաձևը, նախորդների նման, շարունակություն չի ունենա:
«Շահերը կհաղթեն խղճին, քանի որ Թուրքիայի նշանակությունը չափազանց մեծ է` ԱՄՆ ռազմավարական շահերի տեսանկյունից: Հայաստանը` առանց դեպի ծով ելքի, իր ետխորհրդային սինդրոմով և աճող պետական պարտքով ոչինչ չի առաջարկում, բացի բարոյական բավարարվածության զգացումից: Պետք է ընդամենը մեկ բառ, որն այս անգամ էլ չի հնչի աշխարհի ամենաազդեցիկ ձայնով»,-գրում է թերթը:
Պահպանում են հնարավորությունը
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 5-րդ տուրից հետո առնվազն երեք հայ շախմատիստ պահպանում է մրցանակային տեղ զբաղեցնելու հնարավորությունը: Հրանտ Մելքումյանն ու Սամվել Տեր-Սահակյանը տակավին կես միավոր են զիջում առաջատարների խմբին: Նրանք երեկ տոնեցին հերթական հաղթանակը: Իսկ ահա Գաբրիել Սարգսյանը, պարտվելով մրցակցից, զիջեց դիրքերը:
Մրցաշարային աղյուսակը 4.5 միավորով գլխավորում է 4 գրոսմայստեր, որոնցից 1 միավորով հետ են Տիգրան Լ.Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Սլովակիան ներկայանցող Սերգեյ Մովսիսյանը և վիրահայ Դավիթ Հարությունյանը:
Կանանց ստուգատեսում առավել հաջող է խաղում Լիլիթ Գալոյանը, որը վաստակելով 4 միավոր կես քայլ ետ է առաջատար եռյակից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել