Նպաստ համակարգի վերաբերյալ տեսակետ է հայտնում Ախուրյանի ՍԾՏԳ պետը
Սոցիալական ծառայությունների Ախուրյանի տարածքային գործակալությունը սպասարկում է 33 գյուղ: Գործակալության պետ Մաքսիմ Շահբազյանի փոխանցմամբ` սպասարկվող համայնքներից 10125 ընտանիք հաշվառված են «Փարոս» համակարգում, սակայն բոլորը չէ որ փաստագրվում են: Այս տարի, գործակալության պետի տեղեկացմամբ, փաստագրվել է 3 հազար ընտանիք, նրանցից նպաստառուի կարգավիճակ են ստացել միայն 1562-ը: Բացի դրանից եւս 141 ընտանիք օգտվում են հրատապ աջակցություն ծրագրից:
2007 թ-ին աշխատանքը թաքցրած մոտ 50 ընտանիք է հայտնաբերվել Ախուրյանի տարածաշրջանում եւ 11 մլն դրամի գումար է մարվել: «Այդ ցուցակում հայտնվել էին մարդիկ, ովքեր հիմնականում սեզոնային աշխատանք են արել, ասենք` կարտոֆիլ են հավաքել, 2-3 ամսով ձեւակերպվել են գործատուի մոտ ու ստացվել է, որ պետությունից իրենց եկամուտները թաքցրել են,-բացատրում է Մաքսիմ Շահբազյանը,-«Պառնաս» ծրագրով հայտնաբերվածների գումարները զրոյացվել են»:
Ախուրյանի տարածքային գործակալությունում, ներկայում 18 ընտանիքի խնդիր կա, որոնք «Պառնաս» ծրագրով հայտանբերվել են այս տարի եւ դուրս մնացել աղքատության համար տրվող նպաստ համակարգի ցուցակներից: Մաքսիմ Շահբազյանի հավաստմամբ` բոլորն էլ ծայրահեղ աղքատ ընտանիքներ են: Եկամուտները թաքցրած ընտանիքները գործակալությունից տեղեկանում են, որ իրենց ընտանիքի կարիքավորության միավորը հավասարեցվել է զրոյի աշխատավարձը թաքցնելու պատճառով եւ ՀՀ Կառավարության 26.06.2009թ. թիվ 723-Ն որոշման հիմքով Ախուրյանի ՍՏԾԳ աջակցության խորհրդի որոշմամբ ավել ստացված գումարի պարտքի մարման վերաբերյալ որոշում է կայացվել: Այնուհետեւ տեղեկացվում է,որ գումարի վերադարձման համար կազմվելու է ժամանակացույց, հակառակ դեպքում բռնագանձումը կատարվելու է դատական կարգով: Միաժամանակ զգուշացվում է, որ այսուհետ ոչ հավաստի տեղեկատվության ներկայացման պատճառով ավել վճարված գումարների պարտքի մարման վերաբերյալ այլեւս դրական որոշում չի կայացվելու:
«Էս ընտանիքներից պիտի գումարները հետ գանձենք մեկ տարվա ընթացքում,-ասում է Մաքսիմ Շահբազյանը,-ամեն մեկի համար առանձին ժամանակացույց ենք կազմելու, տեսնենք, թե որ ընտանիքի հետ ինչպիսի պայմանավորվածություն ձեռք կբերենք, այլապես պիտի դիմենք դատարան, որ ԴԱՀԿ-ի միջոցով կատարվի բռնագանձումը: Օրինակ` Ազատան գյուղից Ալեքսեյ Ղաբանյանը հրաժարվել է գումարը հետ վերադարձնել եւ 96 հազար դրամը գանձելու համար ստիպված ենք լինելու դիմել դատական ատյաններին»:
Երբ հայտարարվեց, թե հանրապետությունում «Պառնաս» ծրագրով 16 հազար ընտանիք է հայտնաբերվել, շատերն այն տպավորությունն էին ստացել, որ վերջապես իրական աղքատ ընտանիքների փոխարեն պետությունից նպաստ ստացող ապահովված ընտանիքներն են բացահայտվել: Ախուրյանի տարածքային գործակալությունում ներկայացրած ցուցակի բոլոր ընտանիքներն իրականում աղքատ էին, նրանց մեջ կային անգամ ծայրահեղ աղքատ եւ բազմանդամ ընտանիքներ:
«Էնքան խեղճ են, որ եթե խորամանկություն ունենային չէին գրանցվի էդ մի քանի ամսվա համար,-կարծիք հայտնեց զրույցին մասնակից տեսուչներից մեկը,-լիքը մարդկանց գիտենք, որ նպաստ են ստանում, մեքենան տաքսու տակ քշում են, բայց որ հետաքրքրվում ես, պարզվում է, որ մեքենան ուրիշի անունով է, իրանը չէ: Փաստացի ստացվում է, որ էդ մարդը մեքենա չունի, իսկ մենք որ գիտենք, որ դա իրանն է, չենք կարող ապացուցել»:
«Մարդիկ, որ բողոքում են նպաստ համակարգից, ճիշտ են անում,-կարծիք հայտնեց գործակալության պետը,-տեսեք, օրինակ բերեմ, ես աղքատ եմ, բայց փող չունեմ, որ կարգ հանեմ, նպաստ ստանամ: Դու հարուստ ես, փող ունես էդ կարգն առանց հիվանդության էլ կհանես ու կդառնաս նպաստառու: Դրա համար էլ հենց էս մարդիկ կստանան ու հենց էս մարդիկ չեն բացահայտվի»:
Սոցիալական ծառայությունների Ախուրյանի տարածքային գործակալության պետ Մաքսիմ Շահբազյանը դեմ է, որպեսզի գյուղական համայնքներում գործի նպաստ համակարգը: «Ես կոլեգիաների նիստերում մի քանի անգամ այդ հարցը առաջ եմ քաշել, լինելով գյուղական վայրերը սպասարկող ծառայության պետ: Գյուղացու թիկունքին պիտի կանգնել ու օգնել ծրագրերով, ոչ թե մի քանի կոպեկ փող տալով,-բացատրում է Մաքսիմ Շահբազյանը,-մենք ձուկ բռնել սովորեցնելու փոխարեն էդ մարդու ձեռքը ձուկ ենք տվել: Աշխարհի ոչ մի երկրում էդպիսի բան չկա, որ երկրի հարկատուն նպաստ ստանա կառավարությունից»:
«Մենք գյուղացուն ասում ենք կով մի պահի, հողդ մի մշակի, որ նպաստ ստանաս,-խոսքը շարունակում է գործակալության պետը,-գյուղացին էլ հողը չի մշակում, որ հանկարծ եկամուտ չհաշվեն ու նպաստից չզրկեն: Էս է, վաղը մյուս օրը Շաքարի գործարանը գալու է` էդ սաղ հողերը առնելու, գյուղացուն էլ իրա մոտ մշակ է դարձնելու: Պետությունը պիտի կանգնի գյուղացու թիկունքին, որ արտադրած բերքը մարդը կարողանա իրացնի, շահագրգռված լինի հողը մշակի, անասուն պահի, ոչ թե սպասի, թե ամեն ամիս մի քանի հազար դրամ նպաստ է ստանալու»:
Անցած տարվա օգոստոսի 1-ից առ այսօր 500 ընտանիք դուրս է մնացել նպաստ համակարգից: Ախուրյանի գործակալությունը 9 ամսվա կտրվածքով 70 մլն դրամ է խնայել: «Պառնաս» ծրագրով հայտանբերված 18 ընտանիքից էլ միայն 6 կրկին դառնան նպաստառու: Մնացածին օգնելու նպատակով էլ հնարավոր է ընդգրկեն հրատապ աջակցություն ծրագրում, որպեսզի կարողանան գումարները հետ գանձել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել