HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Ավարտվեց «Զարուհի Փոստանջյանն ընդդեմ «Ազատամտության»» հայցի քննությունը

Դատարանը վճիռը կհրապարակվի մարտի 26-ին Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանն այսօր դատարանում հայտարարեց, որ եթե օրինական ուժի մեջ մտնի «Ազատամտություն» օրաթերթում պատգամավորին վիրավորող հրապարակումների վերաբերյալ հարուցված քրեական գործը կարճելու մասին որոշումը, ապա ինքը նույնպիսի արտահայտություններ կօգտագործի («չկայացած պոռնո աստղ») քննիչի, դատախազի և դատարանի մասնագիտական գործունեությունը գնահատելիս: Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը դատարանում բողոքարկում է Կենտրոն վարչական տարածքի քննիչ Աշոտ Մխիթարյանի կայացրած որոշումը, որով կարճվել էր «Ազատամտություն» օրաթերթում պատգամավորին վիրավորող հրապարակումների վերաբերյալ հարուցված քրեական գործը՝ Քրեական օրենսգրքի 136 հոդվածի 1-ին մասով (Վիրավորանք): Քրեական գործը կարճվել էր այն պատճառաբանությամբ, թե լրագրողներն ընդամենը գնահատել են Զ. Փոստանջյանի մասնագիտական գործունեությունը և նրան վիրավորելու նպատակ չեն ունեցել: Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական տարածքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, կայացավ վերջին դատական նիստը: Դատական նիստին առաջին անգամ ներկա էին հայցվոր Զարուհի Փոստանջյանը, «Ժառանգության» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, ինչպես նաև բանակում զոհված հայ զինվորների ծնողները: Հայկ Ալումյանի հայտարարությանն ի պատասխան` դատախազ Սերգեյ Աբրահամյանն ասաց, որ պետք չէ խոսել շանտաժի լեզվով: Հայկ Ալումյանը, «Հետքի» հարցին, թե ինչո՞ւ էր փաստաբանը սպառնում դատարանում, պատասխանեց. «Դա սպառնալիք չէ, ես խոստանում եմ` իրենց մասնագիտական գործունեությունը գնահատելիս ես կաշկանդված չեմ լինի որևէ արտահայտություն անելուց: Եթե դրա մեջ սպառնալիք տեսան, նշանակում է` իրենց դա դուր չեկավ, որ իրենց մասնագիտական գործունեությունն ինչ-որ մեկն այդպես մեկնաբանի, և իրենց և տիկին Փոստանջյանի միջև ինչ-որ տարբերություններ են տեսնում: Ես էլ եմ տեսնում այդ տարբերությունը, բայց ի օգուտ տիկին Փոստանջյանի»,-ասաց Հայկ Ալումյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter