Հայ առաքելական եկեղեցին Տավուշի մարզում
Նոյեմբերյան քաղաքի ավտոկայանում մեկին հարցրի, թե չի՞ ժամանել, արդյոք, Երեւանից մի քանի ժամ առաջ դուրս եկած միկրոավտոբուսը:
Քիչ անց ինձ մոտեցավ մոտ քսան տարեկան մի աղջիկ: Երեւում էր, որ տեղացի չէ:«Դու՞ք էլ եք սպասում Երեւանի միկրոավտոբուսին»,- հարցն ընդամենը զրույց սկսելու առիթ էր, որից նա սահուն անցում կատարեց դեպի հոգեւոր ոլորտ` Աստված եւ Եհովա: Դրանից հետո, մինչ օրս նա եւ իր ընկերուհիները մի քանի անգամ թակել են Նոյեմբերյանի շենքերի բոլոր բնակարանների դռները, բաժանել իրենց «Դիտարան» ամսագրի օրինակները, հոգեւոր թեմաներով զրույցի բռնվել, դավանել իրենց ուսմունքը:
Ժամանակ առ ժամանակ սահմանամերձ քաղաքում գործող «վկաների» կազմը որոշակիորեն փոփոխվում, սակայն նրանց գործունեության նպատակը նույնն է մնում: Ասում են` սուրբ տեղը դատարկ չի մնում: Այն, ինչ ներկայումս չի անում Հայ առաքելական եկեղեցին (սովորական շփում հասարակ մարդկանց հետ, հարցուփորձ նրանց դարդ ու ցավից), չեն զլանում «Եհովայի վկաները»:
Հայ առաքելական եկեղեցին Տավուշի մարզում բազում եւ բազմապիսի խնդիրներ ունի: Հեռավոր եւ սահմանամերձ մարզը միշտ էլ պակաս հավատացյալ է եղել, քան, օրինակ, Արարատյան դաշտի բնակչությունը:
Տավուշում հեթանոսական ավանդույթներ ունեցող Վարդավառն ավանդաբար ավելի շուքով է նշվում, քան որեւէ քրիստոնեական տոն, բացառությամբ Քրիստոսի ծննդի, այն էլ որպես տարեմուտ է տոնվում: Շուրջ 8 ամիս է, ինչ Թորգոմ վարդապետ Տոնիկյանը ստանձնել է Գուգարաց թեմի Տավուշի մարզի փոխառաջնորդի պաշտոնը:
Նախկին փոխառաջնորդ Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը այժմ հոգեւոր ծառայություն է մատուցում Իսպանիայում: Թորգոմ վարդապետի խոսքերով, այս ընթացքում բավականաչափ գործեր են արվել:
Դիլիջան քաղաքում կահավորվել է փոխառաջնորդի ծառայողական բնակարանը, Իջեւանում ձեւավորվել գրասենյակ, ուր աշխատում է փոխառաջնորդարանի աշխատակազմը, բարելավվել է փաստաթղթաշրջանառությունը, կարգի բերվել փոխառաջնորդարանի ծառայողական երկու մեքենաները, մարզի հոգեւոր սպասարկողները ձեւակերպվել են որպես աշխատողներ` սոցիալական հիմնադրամին համապատասխան մուծումներով:
Բերդի տարածաշրջանում նշանակվել է նոր քահանա, ով ծառայողական բնակարան ունի: Բերդ քաղաքում եկեղեցի չկա: Փոխառաջնորդն ասաց, որ հետամուտ է լինելու այստեղ շուտափույթ եկեղեցի կառուցելուն: Դիլիջան քաղաքում եւս եկեղեցի չկա, ավելի քան 15 հազար բնակչությամբ առողջարանային քաղաքը կարիք ունի աղոթատեղիի:
Իջեւան քաղաքում արդեն մի քանի տարի ձգձգվում է բարեգործի ֆինանսավորմամբ կառուցվող եկեղեցու գործարկումը: 2006 թ. հոկտեմբերի 2-ին Կառավարությունը որոշել է հաստատել Նոյեմբերյան համայնքի վարչական սահմանների նկարագիրը եւ համայնքի վարչական սահմաներում գտնվող պետական հողերը հանձնել համայնքին:
Զարմանալի է, սակայն, որ 1848 թ. կառուցված, 1903 թ. նորոգված քաղաքի միակ` Սուրբ Սարգիս եկեղեցին այդ փաստաթղթով համայնքի վարչական սահմաններում չկա: Եկեղեցու տարածքը գրանցված չէ անշարժ գույքի կադաստրի Նոյեմբերյանի տարածքային ստորաբաժանումում: Հարկ է եկեղեցու տարածքը կադաստրում գրանցել եւ փոխանցել Հայ առաքելական եկեղեցուն:
Դրա համար հավանաբար հարկ կլինի դատարան դիմել եւ եկեղեցուն որպես տարածքի 10 տարի «անընդմեջ, բացահայտ եւ բարեխիղճ» օգտագործող ճանաչելով` լուծել տարածքի իրավաբանական պատկանելության հարցը:
1997 թ. հուլիսի 18-ին Նոյեմբերյանի երկրաշարժի հետեւանքով, ի թիվս բազում այլ կառույցների, Սուրբ Սարգիս եկեղեցին վթարային դարձավ: Շուրջ 8 տարի հոգեւոր օջախը վթարային էր, եւ ծիսական արարողությունները կատարվում էին եկեղեցուն կից հովվատանը:
Փոքրիկ հովվատունը չէր կարող տեղավորել բոլոր հավատացյալներին, ովքեր շնչահեղձ էին լինում խնկի եւ վառվող մոմերի հոտից: Սուրբ Էջմիածնի հովանավորությամբ եկեղեցու հիմնանորոգումը սկսվել է 2005 թ. հոկտեմբերին: Չնայած կառույցի նորոգումը հիմնականում ավարտվել է, սակայն դեռեւս աշխատանքներ կան իրականացնելու:
Եկեղեցուն կից տարածքում գործում է 10 հազար վոլտ լարումով էլեկտրական ենթակայան, ինչը վտանգավոր է: Այն ժամանակավոր տեղափոխել են եկեղեցուն կից, սակայն ենթակայանի համար նոր տարածքի հարցը դեռեւս չի լուծվել:
Ժամանակին քաղաքի բնակիչներից մեկը, որ եկեղեցու մերձակա տարածքում է ապրում, համաձայնություն էր տվել իր այգուց ենթակայանի համար անվարձահատույց տեղ հատկացնել: Սակայն հիմա այդ քաղաքացին մտադրությունը փոխել է եւ իր տարածքի համար համապատասխան փոխհատուցում է պահանջում:
Բացի այդ, ենթակայանի համար նախատեսվող տարածքը երկու ընտանիքների սեփականությունն է հանդիսանում: Թորգոմ վարդապետ Մանուկյանը մարտի 1-ին լինելով Սուրբ Սարգիս եկեղեցու տարածքում` ծանոթացավ իրավիճակին: Նա էլեկտրական ենթակայանի հավանական տեղակայման վայր նշեց եկեղեցուն կից հովվատան վերեւի մասը:
Սակայն չլուծված է մնում մի հարց` ո՞վ պետք է ֆինանսավորի ենթակայանի վերատեղադրման ծախսերը: Այս խնդրի մասին տեղյակ է նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ե. Գլադունչիկը: Բացի այդ, եկեղեցին պետք է արեւմտյան կողմից մուտք ունենա, հարկ է աստիճանահարթակ տեղադրել: Հիմա այստեղ կիսաքանդ վիճակ է, եւ հեշտությամբ կարելի է ոտք կոտրել: Մուտքի կառուցումը եւս ծախս է, որը սպասում է իր հովանավորին: Գուգարաց թեմի Տավուշի մարզի փոխառաջնորդն ասաց, որ Սուրբ Սարգիս եկեղեցում ամեն կիրակի պատարագ է մատուցվելու, ելույթ կունենա եկեղեցական երչախումբը: Երգչախումբն արդեն ձեւավորված է, դրա անդամները աշխատավարձ կստանան: Սակայն չլուծված է մնում երաժշտական գործիքի հարցը: Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի մոտ խորհրդակցության ժամանակ նշվեց նվագակցող գործիքի գինը` 750-800 դոլար:
Նոյեմբերյանի քաղաքապետարանի սուղ բյուջեն հնարավորություն չի տալիս այս հարցում եկեղեցուն աջակցել, եւ վերստին հարկ կլինի ապավինել տարածքի գործարարների աջակցությանը:
Նրանցից մեկը` քարի արդյունահանմամբ զբաղվող Պավլիկ Ղուլիջանյանը, տրամադրել է Սուրբ Սարգիս եկեղեցու խորանի քարերը:
Իսկ Սուրբ Սարգիս եկեղեցում մինչեւ հիմա շինարարական տախտակամած է. անվանի նկարիչ Հենրիկ Մամյանը որմնանկարներով զարդարում է իր ծննդավայրի եկեղեցին: Նկարիչը բնակվում է Երեւանում, տարիքն էլ առաջացած է, ուստի այս գեղեցիկ գործը դանդաղ է արվում: Լուծված չէ նաեւ եկեղեցու ջեռուցման եւ լուսավորության խնդիրը:
Եկեղեցում ամռանը զով է, սակայն ձմռան ամիսներին ցուրտը նեղում է հավատացյալներին: Թորգոմ վարդապետ Տոնիկյանը Աստծո տաճարի չլուսավորվելու առիթով դիտողություն արեց Նոյեմբերյանի տարածաշրջանի քահանա Տեր Հրայր Բեջանյանին` ասելով, որ երկու լամպ տեղադրելու համար վերադաս ատյաններ դիմելու հարկ չկա:
Նոյեմբերյանի քաղաքային գերեզմանատան մուտքի մոտ Վոլգոգրադում բնակվող նոյեմբերյանցի գործարար Սեդրակ Մամյանի կողմից կառուցվող մատուռի հետ կապված էլ հարց կա:
Կառույցը նույնպես գրանցված չէ անշարժ գույքի կադաստրում: Թորգոմ վարդապետի խոսքերով` կա Ամենայն հայոց կաթողիկոսի հրահանգը` չօծել այն նորակառույց եկեղեցիները, մատուռները, որոնք չունեն հողի հատկացման, սեփականության գրանցման վկայական կամ գտնվելով մասնավոր տարածքներում` մատչելի չեն բոլոր հավատացյալներին:
Հ.Գ. Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը վերջերս «Հետքի» ընթերցողների հարցերին պատասխանելով` նշել էր. «Հուսով ենք, որ առաջիկայում Տավուշի մարզը նաեւ իր առանձին թեմը կունենա»: Գուգարաց թեմի Տավուշի մարզի փոխառաջնորդը անտեղյակ էր նման հեռանկարին` ասելով միայն, որ այդ հարցը Ամենայն հայոց կաթողիկոսի իրավասությանն է պատկանում: Իսկ Տավուշի փոխառաջնորդարանն ինքնուրույն է վարչական հարցերում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել