HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Նոր մանրամասներ «Օդնոկլասնիկի» գործում

«Ինձ ստիպեցին գրել մի ցուցմունք, որը ոչ մի կապ չուներ իրականության հետ: Վախեցրին, թե Սամվելը  ցմահ կնստի, եթե գրեմ էն, ինչ եղել է իրականում,-հանդիպման ժամանակ  ասաց Լիդա Եդիգարյանը,- քննիչն ասաց` աղջիկ  ջան, եթե դու չգրես էն ձեւով, ինչ ձեւով որ պետք է Տիգրանի հարազատներին, ես քո անվտանգության համար պատասխանատու չեմ: Հիմի ուզում եմ ցուցմունքս փոխեմ, կսպառնան, թե ցուցմունք փոխելու համար 5 տարի կնստեցնեն: Բայց ես պատրաստ եմ դրան, թող նստեմ, բայց խիղճս հանգիստ կլինի, որ Սամվելին ու մյուս տղաներին չեմ զրպարտել»: 2009 թ. ապրիլի 27-ին  գլխի փակ գանգուղեղային վնասվածքից  մահացած գյումրեցի Տիգրան Թադեւոսյանի  մահվան մեջ մեղադրվող Սամվել  Սարգսյանի վերաբերյալ դատական  գործի լսումը դեռ չի ավարտվել: Սամվել Սարգսյանին առաջադրվել  է մեղադրանք Քր. օր.-ի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 14-րդ կետերով: Սույն քրեական գործով անցնող վկա Լիդա Եդիգարյանը փետրվարի 19-ի դատական նիստում տվեց մեկ այլ ցուցմունք` պնդելով, որպեսզի հետագայում դատարանը դա հիմք ընդունի վճիռ կայացնելիս, քանի որ նախաքննական ցուցմունքը տվել է ճնշման տակ, եւ այն չի համապատասխանում իրականությանը: Լիդա Եդիգարյանի 2009 թ. ապրիլի 28-ին տված նախաքննական ցուցմունքով էր հիմնավորվել ամբաստանյալ Սամվել Սարգսյանի մեղքը: «Մենք դիմել ենք  Մարդու իրավունքների պաշտպանին, հանրապետության գլխավոր դատախազին, որպեսզի թույլ տան աղջկաս ցուցմունքը փոխի,- պատմում է Լիդայի մայրը` Աննան,- բայց կոնկրետ պատասխանելու փոխարեն գրությունները մակագրել են էն նույն մարդկանց վրա, ովքեր որ էսքան բանը մեր գլխին սարքեցին: Հիմի նորից պիտի նամակ գրենք` թե ինչ կլինի, էդ մարդկանց մոտ մի ուղարկեք, թող Երեւանում քննեն աղջկաս: Հիմի մեր միակ հույսը դուք եք, որ լսեք աղջկաս, խնդրում եմ, լսեք ու գրեք էն, ինչ իրականում եղել է»: Պատմում է Լիդա Եդիգարյանը «Ապրիլի 15-ին դպրոցում ազատ ժամ ունեինք, ես էլ որոշեցի հեռախոսով  ինտերնետ մտնել, սայթս նայելու համար: Տեսա, որ Տիգրանի կողմից գրած էր. «Փախար, ես քու» արտահայտությունն ու բազմակետ էր դրած: Հետո նայեցի, որ լուսանկարներիս էլ «1» էր դրել, սկզբից չհասկացա պատճառը, հետո հիշեցի, որ մեր դասարանի Լիդան  նախորդ օրը` ապրիլի 14-ին,  «Opera mail»-ով իրա հասցեն մտնելու տեղը բացել էր իմը ու անծանոթ տղայից ընկերության առաջարկ տեսնելով` ջնջել էր,- պատմում է Լիդա Եդիգարյանը,- հետո հասկացել էր, որ սխալվել է, ինձ տեղյակ պահեց, ես էլ ասի. «Լավ, ոչինչ, մեկ է` եթե ես էլ կարդայի, պիտի մերժեի»: Դե, քանի որ ընկեր ունեի, ինքն էլ իմ սայթը կնայեր, սիրուն բան չէր, որ ես ուրիշ տղայի ընկերությունն ընդունեի, թեկուզ իմ պարապմունքի տեղի»: 16-ամյա աղջկան  վիրավորել էր հասակակցի կողմից  արված կոպիտ արտահայտությունն  ու նա որոշել էր այդ մասին  տեղյակ պահել սիրած տղային: «Սամվելին զանգեցի, պատմեցի, ինքը լսեց ու մենակ ասաց` լավ, եղավ ու հեռախոսն անջատեց: Ճիշտն ասած` ես չպատկերացրի, թե հանկարծ կարող է Սամվելը գա պարապմունքի տեղն ու ուզենա Տիգրանին տեսնել: Ու ասեմ, որ ոչ պարապմունքից առաջ, ոչ էլ հետո հարմար պահ չի եղել, որ ես Տիգրանին հարցնեի, թե ինչի է էդպիսի բան գրել: Ժամը 16:45 րոպե մեր պարապմունքը պրծավ, մենք խմբով դուրս եկանք: Մուտքից որ դուրս եկանք, շենքի մոտ տեսա Սամվելին: Ես, բնականաբար, խմբից առաջ անցա, մոտեցա Սամվելին, ինքը թե. «Դու գնա տուն, դու ըստեղ էնելու բան չունես»: Հետո որ ես թեքվեցի, որպեսզի տեսնեմ, թե Արուսիկն ու Իզաբելլան ինչ եղան, տեսա, որ Սամվելը մոտեցավ Տիգրանին ու առանձնացան, ավելի ճիշտ` գնացին շենքի հակառակ կողմը, ես գնացի դեպի կանգառ»: Լիդայի հիշելով` այդ ամբողջը, այսինքն` իրենց պարապմունքից դուրս գալը, Տիգրանի եւ Սամվելի առանձնանալը, ընկերուհիներով կանգառում 12 համարի երթուղայինին սպասելը տեւել է 5-ից 7 րոպե: Երթուղային բարձրանալու պահին տեսել է վազող Տիգրանին: Սամվելը վազել է Տիգրանի հետեւից: Ի դեպ, վկաների հարցաքննության ժամանակ այդ բանը հաստատեցին նաեւ Լիդային կանգառում միացած երկու աղջիկները` Լենան եւ Անահիտը: «Մինչեւ հիմի աչքերիս  դեմն է էդ վազքը, էդ ժամանակ աղջիկները  հարցրին, թե ինչ է պատահել, ես էլ պատմեցի, որ Տիգրանը ինտերնետով վիրավորել  է ինձ, ես էլ ասել եմ ընկերոջս,- պատմում  է Լիդան,- հետո որ երթուղայինը շարժվեց, տեսանք, որ գեղեցկության սրահի մոտ խմբված մարդիկ կային: Մարդկանց արանքից բան չէր երեւում, գազելի շոֆերը թե` երեւի մարդ են ավտոյի տակ գցել»: Թե իրականում  ի±նչ է պատահել, Լիդան իմացել է  դեռ տուն չհասած: Զանգել է Սամվելը  եւ խնդրել աղջկան մինչեւ տուն մտնելը հանդիպել իր հետ: «Սամվելի շորերը լրիվ ցեխոտված էին, ձեռքերը` քերծված, հարցրի` ի±նչ է եղել, ասեց` հեչ, ընկել եմ, հետո պատմեց, որ Տիգրանն իրեն մայր է հայհոյել ու փախել, ինքն էլ վազել է ետեւից, հետո ոտքը կպել է ընկած Տիգրանին ու ընկել է վրան: Հեռախոսը ձեռքին է եղել, փորձել է դրանով իրան պահել, հեռախոսն էլ լրիվ քերծված էր,-պատմում է Լիդան,- ավել բան Սամվելն ինձի չի պատմել, ինքն ընդհանրապես զուսպ տղա է ու չի սիրե, որ ավելորդ հարցեր կուտան իրան»: Զրույցի ժամանակ  Լիդան հիշեց, որ այդ օրը Սամվելը «չարոխ» տիպի անկրունկ կոշիկներով է եղել, իսկ Տիգրանի գլխին գըլխարկ է եղել վազելու ժամանակ: «Էն որ անընդհատ ասում  են, թե ծեծել են, ծեծել են, էդ ո±ր  մի ծեծվածը տեղից բարձրանալուց հետո գլխարկ կփնտրե, որ դնե գլխին, նոր  վազե: Կամ որ անընդհատ կըսեն, թե իբր  կրունկով խփել են Տիգրանի գլխին, անհնար բան է, նախ` Սամվելը անկրունկ չարոխներով էր, հետո էլ` Տիգրանը որ կվազեր, շորերը նորմալ վիճակում էին: Տիգրանն էդ օրը բաց գույնի ջինսից շալվարով էր, եթե իրան գետնին գցած, ծեծած լինեին, էն էլ էդ անձրեւին ու ցեխին, ուրեմն մենք անպայման կեղտոտված շալվարը կնկատեինք, բայց իրա վազելուց անգամ գլխարկն էր գլխին»: Ապրիլի 27-ին տեղեկանալով  Տիգրանի մահվան մասին` Լիդայի մայրը  որոշում է ընդունում հաջորդ օրը  աղջկան տանել ոստիկանություն, որպեսզի  վերջինս իմացածը պատմի: Ապրիլի 28-ի առավոտյան ոստիկանությունում տված բացատրության մեջ դեպքերը Լիդան շարադրում է այնպես, ինչպես ներկայացրեց «Հետքին», սակայն երբ հերթը հասնում է պաշտոնապես ցուցմունք տալուն, քննիչը ստիպում է աղջկան փոխել տեքստը: «Ես որ բացատրությունը կգրեի, էդ ժամանակ դրսից բարձր  կանացի ձայներ լսեցի, հետո իմացա, որ Տիգրանի հորեղբոր կինն է, ինչ-որ թղթեր էր բերել, թե ի՞նչ` լավ չհասկացա: Էդ ժամանակ ներս մտավ մի հատ ուրիշ ոստիկան ու բացատրություն վերցնողից հարցրեց, թե ինչ եմ գրել: Էդ առաջին ոստիկանը բարձր կարդաց գրածս, էն մյուսը որ լսեց, դարձավ ինձի, թե բա` չեղավ, աղջիկ ջան, էդ տղու հարազատներն եկել, ինձնից 5 տղու անուն կուզեն: Դու էս ի±նչ ես արել, աղջիկ ջան, քու գրածովդ Սամվելը ցմահ կերթա»: Լիդային հավատացնում  են, որ իր գրածի հետեւանքներն անուղղելի  են լինելու եւ սիրած տղան ցմահ բանտարկվելու է: Իսկ եթե Լիդան հիշի եւ թաղից 5 տղայի անուն տա, ովքեր կլինեն Սամվելի ընկերները, ապա նրանք կներգրավվեն գործում որպես վկաներ, Սամվելն էլ ամենաշատը մի 7-8 տարի կնստի կամ գուցե 5 տարի: Քննչական բաժանմունքում մորն ու աղջկան 12 ժամ պահելուց հետո, ի վերջո, կեսգիշերին գրած ցուցմունքի վերջում Լիդան ավելացնում է, որ իր հիշելով` այդտեղ եղել են Սեւյան փողոցի բնակիչներ Սերգեյը, Էդգարն ու Վալերիկը: «Արդեն էն վիճակում էի, որ էլ սթափ մտածել չէի կարողանում, հետո էլ ինձ անընդհատ ասում էին, թե տղաները, որոնց անունը ես պիտի տամ, գործով որպես վկա են անցնելու, ուղղակի գալու են ասեն, որ ծեծ չի եղել, Տիգրանը ընկել է, այլապես Սամվելին ցմահ կտան,- պատմում է Լիդան,- իմ թվարկած տղաներից երկուսին` Սերգեյին ու Էդգարին, ես այդ օրը տեսել եմ տաքսի նստելիս: Ես որ կանգառում կանգնած էի, իրանք իմ կողքից անցան, նստեցին տաքսի: Իսկ Վալերիկին տեսել եմ արդեն «Գազելի» միջից, «Պրեստիժ» խանութից դուրս գալիս: Էդ է եղել: Ես որ տղերքի անունը գրեցի, ոստիկաններն արդեն ինձի հանգիստ թողեցին, էլ չըսեցին, թե անպայման հինգ տղայի անուն գրե: Իրանց ասելով` էդ երեք անունն էլ էր իրանց հերիք»: Ի դեպ, Սամվել Սարգսյանը  կամովին հանձնվել է իրավապահ մարմիններին  միայն մայիս ամսին: Վերջինիս ծնողներին` Կարինեին եւ Վարդանին, 24 ժամ պահել  են ոստիկանությունում` ենթարկելով հոգեբանական  ճնշումների: Հաջորդ օրը առավոտյան  Սամվելի մայրը խոստացել է տղային հանձնել իրավապահ մարմիններին` մի պայմանով, որպեսզի մյուս տղաներին, ովքեր ոչնչից տեղյակ չեն, հանկարծ չվնասեն: Սակայն արդեն օգոստոս ամսին իմացել են, որ մյուս երեք տղաների նկատմամբ եւս քրեական գործ է հարուցված: «Ես հիմի նոր կհասկնամ, թե ինչ սխալ քայլ եմ արել, որ առանց փաստաբանի, իմ 16 տարեկան աղջկան առել, գնացել եմ ոստիկանություն,- ասում է Լիդայի մայրը,- հետո եմ իմացել, որ մենք իրավունք ունեինք ցուցմունք չտալու, անգամ ոստիկանություն չներկայանալու: Հետո երբ իմացանք, որ մեզ խաբել են ու էն անմեղ տղերքի վրա էլ են գործ սարքել, դիմեցինք, որ Լիդան ցուցմունքը փոխի, այսինքն` գրի էն, ինչ որ բացատրություն տալիս էր գրել` չթողեցին, թե սուտ ցուցմունքի համար դատ կհասնի ու մեզի համոզեցին, թե լավ կլինի Լիդան դատարանում ցուցմունքը փոխի: Հետո էլ դատարանում, երբ որ դատավորն ուզեց գործի մեջ ծանոթանալ Լիդայի տված բացատրությանը, պարզվեց, որ էդ թուղթն անհետացել է, բայց Սամվելի փաստաբանն ասաց, որ իր մոտ կա դրա պատճենը եւ ինքն այն անպայման կներկայացնի պաշտպանական փուլում»: Լիդայի մայրը  պատմեց, որ իր աղջիկը, դեպքի օրվանից սկսած, Տիգրանի հարազատներից հեռախոսազանգեր է ստացել, որոնք իրենց բնույթով եղել են ճնշող ու մեղադրող, հետո, երբ արդեն Տիգրանը մահացել է, մահացողի եղբայրը զանգել ու հայհոյել է, հետո էլ սպառնացել, որ Լիդային կտանեն, Տիգրանի գերեզմանի վրա մատաղ կանեն: «Ես հասկանում եմ, որ աղջիկս մեղավոր է, ինքն էլ է իրան շատ մեղավոր զգում, որ ասել է Սամվելին, բայց ախր էդ օրվա դեպքերի մեջ ոչ մի դիտավորություն չի եղել: Իմ երեխեն արդեն հոգեբանի կարիք ունի, չի ուզում մարդկանց հետ շփվել, չի կարողանում ինստիտուտ գնալ, ով ինչ ասես խոսում է: Մի անտանելի վիճակ է ստեղծվել,- ասում է Լիդայի մայրը,- բայց մենք շարունակելու ենք բողոքել, մինչեւ մեզ որեւէ մեկը լսի: Եթե Սամվելը պիտի պատիժ կրի, ուրեմն գոնե իր արածի համար, ոչ թե չարածի, էն տղերքի վրայից էլ էդ մեղադրանքը գոնե հանեն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter