HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Աշտարակի զբաղվածության մարզային կենտրոնում ավելացել են այցելուները

Վերջին տարիներին իրար ետեւից սկսեցին բացվել աշխատանքի տեղավորման գրասենյակներ, ու ստվերում մնացին ՀՀ զբաղվածության տարածքային կենտրոնները: Քաղաքացիները նոր-նոր են սկսում դիմել զբաղվածության կենտրոններ` հույս ունենալով, որ պետական մարմինն իրենց կապահովի համապատասխան աշխատանքով: «Մինչեւ ճգնաժամը մարդիկ մտածում էին, որ առանց մեզ կարող են աշխատանք գտնել, բայց աշխատանք չգտնելով` դիմեցին մեզ: 2009-ին օրական մոտ 30 մարդ էր գալիս մեր կենտրոն»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Աշտարակի զբաղվածության մարզային կենտրոնի տնօրեն Հայրապետ Սեթոյանը: Զբաղվածության մարզային կենտրոնի տնօրենի տեղակալ Ջեմմա Սիմոնյանն էլ ասաց, որ աշխատանքի տեղավորվածների թիվն աճում է ոչ միայն նոր ստեղծվող աշխատատեղերի, այլ առկա աշխատատեղերի հաշվին: Ըստ նրա` քաղաքացին տեղավորվում է աշխատանքի, հետո զգում է, որ դա իր տեղը չէ ու նորից վերադառնում է զբաղվածության կենտրոն: Մտածում է, որ ամսական 18 000 դրամ գործազրկության նպաստ կստանա ու զուգահեռ նոր աշխատանք կփնտրի: ՙԵրբեմն գործատուների կողմից անհարկի պարապուրդները, աշխատավարձի ուշացումները տանում են նրան, որ գործատուների մոտ աշխատողների շրջանառությունը շատանում է: Մի մասը չհամակերպվելով` դուրս են գալիս աշխատանքից, նորերն են գալիս եւ այսպես շարունակ»,- ավելացրեց Ջ. Սիմոնյանը: Աշտարակում 40 եւ բարձր տարիք ունեցողներին աշխատանքի տեղավորելը լուրջ բարդություն է: Տիկին Սիմոնյանն ասում է, որ այդ տարիքային խմբին աշխատանքի տեղավորելու համար ստիպված են լինում բարեխոսել գործատուների մոտ: Աշտարակում հիմնականում բանվորական աշխատատեղեր են, եւ գրասենյակային աշխատանք գտնելու երիտասարդների հույսերը մեծամասամբ չեն արդարանում: Աշտարակի տարածաշրջանում ընդհանրապես մանկավարժի կարիք չկա, իսկ տնտեսագետի, իրավաբանի կամ հաշվապահի մասնագիտությունների համար շատ քիչ հայտեր են լինում: Կենտրոնին շատ են դիմում նորավարտ մանկավարժներ ու բուժքույրեր, որոնց պահանջարկը չկա: «Երբեմն գործատուն գալիս ու այնպիսի գրասենյակային աշխատող է ուզում, որ իր բոլոր աշխատանքները կատարի: Այսինքն` մեկ անձի մեջ ամփոփված լինի եւ հաշվապահ, եւ գործավար: Աշխատանքային գրքույկում գրում է գործավար, բայց այդ աշխատողն անում է գրեթե ամեն ինչ»,- ասում է Ջ. Սիմոնյանը: Նրա խոսքով` այսօր աշխատանք փնտրողների կեսը մասնագիտություն չունի: Բայց տարեց տարի սկսում է աճել կենտրոնին դիմող բարձրագույն կրթություն ունեցողների թիվը: «Շատ դժվար է ուսումնարան ավարտած բուժքրոջն ասել, որ ինքը բուժքույր չի աշխատելու եւ պետք է այլ աշխատանք գտնի, քանի որ իր պահանջարկը չկա: Անմիջապես նրանց աչքերն արցունքոտվում են, ու ասում են` բա ինչի՞ եմ սովորել»,- ավելացրեց Ջ. Սիմոնյանը: Հայրապետ Սեթոյանն էլ ասում է, որ Կրթության եւ գիտության նախարարությունը պետք է լուրջ ուսումնասիրություն կատարի, համաձայնեցնի մյուս օղակների հետ ու հաջորդ տարի ըստ պահանջարկի ընդունելություն կատարի: «Զբաղվածության 56 կենտրոններում կուտակված է 1500 տնտեսագետ: Նախարարությունը պետք է իրեն հարց տա, թե ինչո±ւ ենք նորից տնտեսագետ պատրաստում: Այս ցուցանիշների հետ պետք է հաշվի նստել»,- նշեց Հ. Սեթոյանը: Ջեմմա Սիմոնյանը պատմեց, որ երբ գործատուներից հետաքրքրվել են, թե ինչ աշխատողների պահանջ կունենան առաջիկա տարիներին, գործատուները չեն իմացել, թե մոտ ապագայում ինչպես են առաջ տանելու իրենց բիզնեսն ու ինչ մասնագետների կարիք կունենան: Հայրապետ Սեթոյանն էլ կարծում է, որ առաջին հերթին գործատուն պետք է հասկանա, որ պետությունը գոյատեւում է իր վճարած հարկերի հաշվին եւ չթաքցնի իր աշխատողներին ու վճարելիք հարկերը: Զբաղվածության մարզային կենտրոնի տնօրենի համար անհասկանալի է Կառավարության այսօրվա հարկային քաղաքականությունը: Նրա ասելով` այսօր գործատուն չգիտի` ինչ ձեւով աշխատի, քանի որ օրենքն իր համար պարզ չէ: «Մեկ ՀԴՄ են տեղադրում, մեկ չեն տեղադրում, մեկ կտրոն են տալիս, մեկ չեն տալիս, այսպիսի վայրիվերումների մեջ ենք: Մեր ուսումնասիրություններից եւ գործատուների բողոքներից պարզել ենք, որ հարկային օրենքը բոլորի համար հավասար չի գործում: Հիմա դուք խանութներից ՀԴՄ կտրոններ ստանու՞մ եք: Ինձ ընդհանրապես Աշտարակում ՀԴՄ կտրոն չեն տալիս: Սկզբում լավ էր, բոլոր խանութներում տալիս էին: Դա նշանակում է, որ մշտական հսկողություն է պետք, չեմ ասում` խստացնեն, բայց հսկողություն պետք է, մինչեւ գործատուն ինքը հասկանա, որ բոլորի համար միատեսակ մոտեցում է ցուցաբերվում»,- ավելացրեց Հ. Սեթոյանը: Աշտարակի զբաղվածության մարզային կենտրոնի աշխատակիցների ուսումնասիրությունները պարզել են, որ հարկային ցանկացած փոփոխություն բացասաբար է ազդում հատկապես աշխատողների վրա: Հ. Սեթոյանի համոզմամբ, գործատուն էլի իր եկամուտը կունենա` լինի օրինական, թե ոչ, բայց աշխատողը հաստատ կկորցնի աշխատանքը: Նշենք, որ Աշտարակի զբաղվածության մարզային կենտրոնում 2009-ին հաշվառվել է 681 քաղաքացի, որից 477-ը` կին: Հաշվառվածներից 498-ը ստացել է գործազուրկի կարգավիճակ, որից 352-ը` կին: Հաշվետու ժամանակահատվածում աշխատանքի է տեղավորվել 164 քաղաքացի, որից 113-ը` կին: 2010-ին հաշվառվել է 60 աշխատանք փնտրող, որից 38-ը` կին, իսկ 2009 թ. հունվարին հաշվառվել է 34 աշխատանք փնտրող, որից 24-ը` կին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter