Փոխվարչապետի մոտ տեղի ունեցավ միջկառավարական երեք հանձնաժողովների նիստ
Այսօր տեղի ունեցավ Հայ-եգիպտական, Հայ-կատարական, Հայաստան-ԱՄԷ միջկառավարական համագործակցության հանձնաժողովների հայկական կողմերի նիստը, որը վարում էր հանձնաժողովների հայկական կողմի համանախագահ` ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:
Փոխվարչապետին տեղեկացվեց, որ սեպտեմբերին Երեւանում նախատեսվում է անցկացնել Հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի նիստ, եգիպտական կողմից առաջարկություն է եղել նաեւ նիստի շրջանակում գործարար համաժողով անցկացնելու վերաբերյալ: Մշակվել է նաեւ փաստաթղթերի փաթեթ` գյուղատնտեսության, կրթության եւ գիտության, մշակույթի ոլորտներում համագործակցության վերաբերյալ: Նշվեց, որ Եգիպտոսում այս տարի նախատեսվում է նաեւ Հայաստանի մշակույթի օրերի անցկացում:
Փոխվարչապետը հանձնարարեց եգիպտական կողմից ժամկետների հստակեցումից հետո սկսել միջկառավարական հանձնաժողովի նիստի եւ գործարար համաժողովի կազմակերպման աշխատանքները:
Հայ-կատարական միջկառավարական հանձնաժողովի կատարական կողմի կազմը ձեւավորվել է անցած տարի, եւ փոխվարչապետն առաջարկեց առաջիկա մեկ-մեկուկես ամսվա ընթացքում Կատարի գործընկերների հետ խորհրդակցություններ անցկացնել` հաշվի առնելով նաեւ կատարական կողմի առաջարկը` առաջիկայում ՀՀ նախագահի այցը կազմակերպելու մասին: Նշվեց, որ կատարական կողմի համաձայնեցմանն է ներկայացվել երկկողմ համագործակցության տարբեր բնագավառներին վերաբերող թվով յոթ փաստաթղթերից կազմված փաթեթ:
ԱՄԷ-ի հետ համագործակցության ուղղությամբ նշվեց, որ ապրիլին Աբու Դաբիում նախատեսվող միջազգային պարենային ցուցահանդեսին Հայաստանը նախատեսում է ներկայանալ առանձին տաղավարով: Հայկական շուրջ երկու տասնյակ ընկերություններ ցուցահանդեսին մասնակցելու հետաքրքրություն են ցուցաբերել: Բացի այդ, Երեւանում նախատեսվում է անցկացնել նաեւ գործարար համաժողով: Փոխվարչապետն առաջարկեց Զարգացման հայկական գործակալության ղեկավարին այցելել ԱՄԷ` քննարկելու գործարար համաժողովի, ցուցահանդեսի նախապատրաստման հարցեր:
Կարեւորվեց նաեւ Աբու Դաբիի տեխնոլոգիական բարձրագույն քոլեջում վերապատրաստվելու համար Հայաստանից տասը ուսանողների ընտրության հարցը: Քոլեջը հիմնադրվել է ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի հետ համատեղ եւ համագործակցում է Աբու Դաբիի ներդրումային «Masdar» (Ապագայի էներգիայի ընկերություն») ընկերության հետ, որը հայտնի է վերականգնվող էներգետիկայի բնագավառում իրականացվող ծրագրերով: ՀՀ կառավարությանն արաբական կողմից առաջարկվել է այս տարի 10 հայ ուսանողների վերապատրաստել քոլեջում ոչ միայն էներգետիկայի, այլեւ ենթակառուցածքների, ՏՏ ոլորտներում: Երկու երկրների օրակարգում են նաեւ էներգետիկայի, ավիացիոն ոլորտում համագործակցության հարցեր: Տարվա ընթացքում Երեւանում նախատեսվում է նաեւ ԱՄԷ մշակույթի օրերի անցկացում:
Փոխվարչապետը նիստի ավարտին հորդորեց միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի անդամներին ինտենսիվ աշխատել ԱԳՆ-ի եւ համապատասխան դեսպանատների հետ: Այս մասին հայտնում է հասարակայնության հետ կապերի բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել