HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ս. Սարգսյան. «Թուրքիայի վերջին հայտարարություններն ինձ մտածել են տալիս, որ նրանք արձանագրությունները տեսանելի ապագայում չեն վավերացնելու»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը ֆրանսիական «Ֆիգարո» թերթին

Ինչո՞ւ է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը գտնվում փակուղում:

Մենք ունենք հարաբերությունների դժվարին պատմություն: Արդեն 95 տարի է, ինչ Թուրքիան ժխտում է 1915 թվականին Օսմանյան կայսրության իրագործած ցեղասպանության իրողությունը:

Երբ ես հրավիրեցի Թուրքիայի նախագահին Երեւան` ներկա գտնվելու մեր երկու ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպմանը, իմ նպատակն էր մեր երկրների միջեւ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների: 2009 թ. հոկտեմբերին, արձանագրությունների ստորագրման ժամանակ, պայմանավորվածություն կար, որ վերջիններս պետք է վավերացվեն ողջամիտ ժամկետներում եւ առանց նախապայմանների: Մենք ասել ենք, որ Հայաստանը կվավերացնի արձանագրությունները Թուրքիայի կողմից դրանք վավերացնելուն պես: Մինչդեռ, Թուրքիան չի դադարում նախապայմաններ առաջադրել դրանց վավերացման համար, որոնցից հիմնականը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին:

Ի՞նչ կարող է անել Հայաստանը` օգնելու համար Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը:

Մենք առավելագույն ջանքեր ենք գործադրում այդ ուղղությամբ: Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե Հայաստանը եւ Ղարաբաղը շահագրգռված չեն խնդրի կարգավորմամբ, բայց դա, իհարկե, չի համապատասխանում իրականությանը: Մենք պետք է վերջ դնենք շրջափակմանը, որից մենք տուժում ենք: Ադրբեջանն այլ իրավիճակում է. հույս է դնում իր բնական հարստությունների ու նավթադոլարների վրա` սպառազինություն գնելու եւ հիմնախնդիրն ուժային ճանապարհով լուծելու համար: Նրանք չեն թաքցնում իրենց մտադրությունները:

Դուք պատերազմից վախենու՞մ եք:

Պատերազմը երբեք ցանկալի չէ, եւ պատերազմներից պետք է միշտ էլ վախենալ: Միեւնույն ժամանակ` մենք կռվելուց չենք վախենում, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Բայց մեր դիրքորոշումն այն է, որ հիմնահարցը պետք է լուծվի խաղաղ միջոցներով` փոխզիջումների հիման վրա:

Ինչպե՞ս դուրս գալ Թուրքիայի հետ ստեղծված փակուղուց:

Խնդիրը պետք է լուծվի թուրքերի կողմից: 21-րդ դարում անընդունելի է, որ սահմանը փակ լինի, եւ խոսվի նախապայմանների լեզվով: Ասում ենք` եկեք նախ հաստատենք հարաբերություններ, այնուհետեւ խոսենք բոլոր հարցերի մասին: Մեր երկու երկրներն էլ ցանկանում են խորացնել իրենց հարաբերությունները Եվրոպայի հետ եւ նրա հետ կիսել արժեքային ընդհանրությունը, ինչը բացառում է միմյանց նկատմամբ որեւէ թշնամական գործողություն: Եւ միջազգային հանրությունը, կարծում եմ, պետք է իր ծանրակշիռ խոսքն ասի այս հարցի կապակցությամբ:

Կասկածու՞մ եք Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորությանը:

Շատերն են կասկածում: Եւ ոչ միայն Հայաստանում: Հարաբերությունների կարգավորմանն ուղղված իմ նախաձեռնությունը շատ մտահոգություններ առաջացրեց հայերի մոտ ողջ աշխարհում: Կարգավորման գործընթացի ձգձգման հետեւանքով արձանագրությունների կողմնակիցների թիվը գնալով ավելի ու ավելի է նվազում:

Դուք դեռեւս հավատու՞մ եք կարգավորման հնարավորությանը:

Բնականոն հարաբերություններ հաստատելու իմ ցանկությունը մեծ է: Սակայն, Թուրքիայի վերջին հայտարարություններն ինձ մտածել են տալիս, որ նրանք արձանագրությունները տեսանելի ապագայում չեն վավերացնելու: Մենք զգուշացրել էինք, որ եթե համոզվենք, որ թուրքերը կարգավորման գործընթացն օգտագործում են այլ նպատակների համար, կձեռնարկենք համապատասխան քայլեր: Այդ դեպքում մենք արձանագրություններից հետ կկանչենք մեր ստորագրությունը:

Ամերիկյան վարչակազմը հայտարարեց, որ Ներկայացուցիչների պալատում կարգելափակի հանձնաժողովի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը: Ի՞նչ եք կարծում այդ մասին:

Անշուշտ, մեր ամենաանկեղծ ցանկությունն է, որ ոչ միայն Միացյալ Նահանգները, այլ նաեւ Թուրքիան եւ աշխարհի բոլոր երկրները ճանաչեն Հայոց Ցեղասպանությունը: Բայց ԱՄՆ-ի Կոնգրեսը եւ Պետդեպարտամենտն իրենց որոշումները հազիվ թե կայացնում են` հիմնվելով մեր կարծիքի կամ ցանկությունների վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter