HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ղարաբաղը պետք է հստակ ասի` բանակցել, թե ոչ

Եթե ուզում եք Ղարաբաղն ու հարակից տարածքները պահել, ապա պետք է հրաժարվել բանակցություներից, իսկ եթե շարունակում եք բանակցել` պետք է պատրաստ լինեք զիջումների գնալ: Այս միտքն է մարտի 11-ին արտահայտել «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը` «Սիվիլիթաս» հիմնադրամի «Հայաստան 2009. խոստում եւ իրականություն» զեկույցի Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ:

Վարդան Օսկանյանի կարծիքով, բանակցությունները շարունակելու կամ չշարունակելու հարցը կախված է Ղարաբաղի ժողովրդի եւ իշխանությունների քաղաքական որոշումից: Եթե նրանք որոշեն, որ ոչ մի թիզ հող չեն տալիս, ապա պետք է բանակցություններից հրաժարվել: Երկու տարբերակն էլ հնարավոր է, բայց ամեն դեպքում, ըստ նախկին արտգործնախարարի, ղարաբաղցիները պետք է իրենց դիրքորոշումը հստակ եւ ինչքան հնարավոր է շուտ արտահայտեն: Իսկ թե ինչու է նա որպես զիջում խոսում տարածքների մասին, նրա կարծիքով, հենց դրանց մասին է բանակցություններում խոսք գնում: Բայց Վարդան Օսկանյանի կարծիքով, բանակցություններին մասնակցելու ժամանակ հնարավոր է նշաձող սահմանել` թե որ տարածքները կարող են հանձնվել, որոնք` ոչ` ելնելով ազգային անվտանգության խնդիրներից:

Անդրադառնալով բանակցային գործընթացի ներկա փուլին եւ լրատվամիջոցներում շրջանառվող այն լուրերին, թե մադրիդյան նորացված սկզբունքներին Ադրբեջանն «այո» է ասել եւ այժմ էլ փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա, որը «ոչ» է ասել, Վարդան Օսկանյանը հայտնեց իր մտահոգությունը: «Եթե իրոք այդպես է, ապա դա լուրջ մտածելու տեղիք է տալիս, քանի որ նախկինում այդ կարգավիճակում միշտ Ադրբեջանն էր: Ի՞ նչ պատահեց բանակցվող փաստաթղթի հետ, որ հանկարծ այսպիսի իրավիճակ ստեղծվեց` հայ-թուրքական գործընթացի ազդեցությո՞ւն, թե՞ բանակցային գործընթացում որոշ թերացումներ կան: Այս հարցերի շուրջ պետք է մտածել»,- նշել է Վ.Օսկանյանը: Նա միաժամանակ հիշել է իր պաշտոնավարման տարիներին վարվող բանակցությունների մասին եւ շեշտեց, որ պատրաստ է «բաց ճակատով» նստել, քննարկել ու բացատրել, թե ինչու էին սեղանի վրա դրված փաստաթղթին դրականորեն վերաբերում եւ հայտնում, որ դրանց հիման վրա կարելի է շարունակել բանակցել:

«Դրա համար էլ եթե այսօր Ադրբեջանն «այո» է ասում եւ մենք ստիպված ենք «ոչ» ասել, ինչ-որ տեղ մտահոգվում եմ: Եւ կարծում եմ, որ այդ փաստաթուղթն իր հավասարակշռությունը կորցրել է»,- շեշտել է նա:

Հայաստանի նախկին արտգործնախարարն անդրադարձավ նաեւ ղարաբաղցիների անտարբերությանը` դիվանագիտական ոլորտում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ: Նա հավաստիացնում է, որ բազմաթիվ զրույցների ժամանակ զգացել է, որ ղարաբաղցիները շատ ինքնավստահ են, մտածում են, որ եթե իրենց ուզածով չլինի, ոչինչ չի ստացվի: Ավելին` նրան երբեմն նույնիսկ չեն էլ ուզում լսել, թե ինչ են ասում ուրիշները:

Այս ամենը, ըստ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Բաղդասարյանի, պայմանավորված է նրանով, որ Հայաստանը, ինչպես ընդունված է ասել, մենաշնորհել է ոչ միայն հայկական կողմի իրավունքները, այլ նաեւ պատասխանատվությունը, որից Ղարաբաղն ինքնակամ հրաժարվել է:

«Շատ հեշտ է քննադատել Հայաստանի եւ նախկին, եւ ներկայիս ղեկավարներին, բայց կարծում եմ, պետք է ազնիվ լինել եւ խոստովանել, որ շատ ավելի ճիշտ կլիներ, որ այդ պատասխանատվությունը կիսեինք»,- ավելացրել է պատգամավորը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter