«Վերջին տասներկու տարիներին մշտապես շրջանառվող լուրեր են»
Վարչապետի պաշտոնանկության մասին լուրերը վերջին շրջանում ավելի հաճախ են շրջանառվում: Երեկ «Հրապարակի» թղթակիցը Տիգրան Սարգսյանից փորձել է պարզել, թե որքանով է այն համապատասխանում իրականությանը և եթե դա հատուկ են տարածում, ապա ում է դա ձեռնտու:
Տիգրան Սարգսյանն անբռնազբոս ժպիտով, մի պահ մոռանալով, որ ինքն ընդամենը երկու տարի է զբաղեցնում վարչապետի պաշտոնը, պատասխանել է. «Վերջին տասներկու տարիների ընթացքում դրանք մշտապես շրջանառվող լուրեր են»: Հավանաբար նկատի ուներ նաև Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնավարման շրջանը:
Մահացել է արյան վարակից
Երևանի հիվանդանոցներից մեկում երեք օր կոմայի մեջ մնալուց հետո մահացել է Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 20-ամյա բնակիչ Վ. Փիրումյանը:
Ըստ լավատեղյակ աղբյուրների` բժշկական զննության արդյունքում պարզվել է, որ մայրաքաղաքային գնդում զինծառայությունն անցկացրած Փիրումյանը մահացել է արյան վարակից: Ծառայության ընթացքում նա մարմնին դաջվածք է արել, և չվարակազերծված ասեղից արյան մեջ վարակ է անցել: Երիտասարդը ծառայության ընթացքում վարակված է եղել նաև դեղնախտով, որի հետևանքով նրա որոշ ներքին օրգաններ քայքայվել էին:
Հպարտանալու բան չկա
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն այս տարվա հունվար-փետրվար ամիսներին 4 անգամ ավելի շատ գումար է բռնագանձել ու վերադարձրել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:
«ՉԻ» - Շատ ապրի ԴԱՀԿ ծառայությունը: Բայց հարց է ծագում` արդյո՞ք արժե հպարտանալ այս թվերով: Բանն այն է, որ այս վիճակագրությունն ընդամենը վկայում է տնտեսության ահավոր ծանր վիճակի մասին: Որպես կանոն, «բռնագանձումները» հիմնականում վերաբերում են այն դեպքերին, երբ, ասենք, ինչ-որ մեկը վարկ է վերցրել ու որպես գրավ դրել, ենթադրենք, իր տունը, բայց հետո չի կարողացել վարկը մարել (կոպիտ ասած` «տակ է տվել»), ինչի արդյունքում էլ ԴԱՀԿ-ն կտրուկ աշխուժացրել է իր գործունեությունը:
Այսինքն, ստացվում է, որ հաշվետու ժամանակահատվածում «տակ տվածների» թիվը (կամ ընդհանուր վնասը) 4 անգամ մեծացել է: Իսկ սա իր հերթին ցանկացած երկրի տնտեսության իրական վիճակի ամենաճշգրիտ ցուցանիշն է: Այնպես որ` հպարտանալու բան չկա, ողբալ է պետք:
Ո՞ւմ համար են կառուցում
«Պողոս-Պետրոսը 19-րդ դարի շաբլոն, ստանդարտ եկեղեցիներից էր, որոնցից ամեն գյուղում կար: Ասում են 17-րդ դարի է, բայց այն ժամանակ այդպիսի ահռելի կառույցներ չէին ստեղծվում: Եվ ապա, իմ կարծիքով, եթե անգամ այդ տեղում խոտ լիներ, դարձյալ իմաստ չուներ այստեղ եկեղեցի կառուցելը, քանի որ մի փողոց վերև էլ մի եկեղեցի կա, կողքն էլ օծում է կատարվել հայ իրականությանը խորթ սրբի` Սուրբ Աննայի անունով:
Այսինքն` ամեն քայլափոխի սնկի նման բուսնող այս խավարի որջերի դեմն առնել է պետք: Ո՞ւմ համար են կառուցվում այդ եկեղեցիները: Շատ օգտակար շինություններ կան, որ պետք է կառուցել»,- նկատեց Սամվել Կարապետյանը` անդրադառնալով «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում եկեղեցու կառուցելու խնդրին:
Խախտումներով
Երեկ թերթը տեղեկացրել էր, որ սպառած էլէներգիայի դիմաց կուտակած ավելի քան 829 միլիոն դրամի պարտքի պատճատով «ՀԷՑ»-ը հոսանքազրկել է «Նաիրիտը»: Ըստ «ՀԷՑ»-ից ստացած մեկնաբանության` դա արվել է գործող կարգի պահպանմամբ:
Երեկ, սակայն, «Նաիրիտի» մամլո ծառայությունից թերթին տեղեկացրել են, որ ձեռնարկության հոսանքազրկումն իրականացվել է սահմանված կոպիտ խախտումներով, բայց հրաժարվել են այլ մեկնաբանություններ ներկայացնել:
«Նաիրիտի» էլէներգիայի մատակարարումը երեկվա դրությամբ դեռ չէր վերականգնվել:
Դեռ չեն մոռացել, թե Քոչարյանն ինչպես էր 10 տարի խաբում
Երեկվա ասուլիսում անդրադառնալով այն փաստին, որ Ռոբերտ Քոչարյանը մարտի 9-ին Փարիզում հանդիպել է Ժակ Շիրակին` «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն ասաց. «Որքան էլ թաքցվի կամ հերքվի այն փաստը, որ նրա կողմից փորձ է արվում վերադառնալ քաղաքականություն` միևնույնն է, դա իրականությունը չէ: Ռոբերտ Քոչարյանն ունի այդպիսի ցանկություն: Բայց ես գրեթե վստահ եմ, որ նրան դա չի հաջողվի: Նա ոչ միայն ներքին, այլև արտաքին լուրջ աջակցություն չի ունենա այդ գործընթացում: Աշխարհը չի մոռացել, թե ինչպես է նա 10 տարի խաբելով ման եկել, խոստումներ տվել ու ոչինչ չի կատարել: Աշխարհը հիշում է, թե նա ինչպես հանձնեց իշխանությունը»:
Ըստ նրա` սրանք ոչ թե իր գնահատականներն են, այլ արտերկրի շատ հեղինակավոր անձնանց, որոնց անունները չհրապարակեց:
Ցեղասպանության ընդունման բանաձև իսպանական խորհրդարանում
«Ազգը» տեղեկացրել էր, որ փետրվարի 26-ին Իսպանիային մաս կազմող Կատալոնիայի ինքնավարության խորհրդարանը միաձայն ընդունել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:
Ով ահա նույն կատալոնական խորհրդարանի երեք պատգամավորների, ինչպես նաև Կանաչների կուսակցության մի քանի պատգամավորների նախաձեռնությամբ հայկական բանաձև է մտել Իսպանիայի խորհրդարան: Բանաձևում նաև նշված է, որ Իսպանիան, որպես Եվրամիությունում նախագահող երկիր, պետք է քաջալերի հայ-թուրքական գործընթացները և ամեն կերպ օժանդակի Անկարա-Երևան երկխոսությանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել