HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետի մեկ տարվա աշխատանքը

«Ախթալա համայնքի 2008 թ. բյուջեում սեփական հարկային եկամուտները  պլանավորված են եղել 9 մլն դրամի կարգի գումար: Ես 2009 թ. բյուջեի սեփական  հարկային եկամուտներ պլանավորել եմ 10,1 մլն դրամ, որից փաստացի մուտքերը կազմել են 10,4 մլն դրամ, 2010 թ. սեփական հարկային եկամուտներ պլանավորել եմ 12,2 մլն դրամ: Ինչպես տեսնում եք, իմ կողմից համայնքի բյուջեի սեփական հարկային եկամուտների պլանավորման գործում մեխանիկական նվազեցում չի կատարվել»,- ասաց Լոռու մարզի Ախթալա համայնքի համայնքապետ Հայկ Խաչիկյանը եւ տեղեկացրեց, որ մարտի 1-ին Ախթալայի ավագանուն ներկայացրած 2009 թ. բյուջեի իր հաշվետվությունը հաստատվել է միաձայն: Ախթալա համայնքի 2009 թ. տարեկան բյուջեն կազմել է 34,2 մլն դրամ, փաստացի մուտքերը` 34,5 մլն  դրամ: Ծախսային մասը նախատեսվել է 38 մլն դրամ, փաստացի ծախսերը` 32,9 մլն դրամ. «Բյուջեի 2009 թ. մնացորդը 2010 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 5,2 մլն դրամ, որն էլ մենք ուղղելու ենք Ախթալայում խաղահրապարակի կառուցմանը»,- բացատրեց Հայկ Խաչիկյանը: Համայնքի բյուջեն  դոտացիոն է: Այստեղ տարեկան եկամուտների առյուծի բաժինը կազմում է Կառավարության կողմից 2009 թ. տրամադրված 24,1 մլն դրամ դոտացիան: Քաղաքապետը հաճախ  չէր հիշում 2009 թ. բյուջեում   առանձին  տողերով եկամուտների եւ ծախսերի  իր կանխատեսումները եւ դրանք ներկայացնում էր մոտավոր թվերով, սակայն ջանում էր անկաշկանդ ներկայացնել քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում  իր կատարած աշխատանքները. «2009 թ. մոտ 9 մլն դրամ ենք ծախսել բյուջետային հիմնարկների աշխատավարձի վրա, քաղաքի գերեզմանոցը ցանկապատել ենք բյուջեի 1,2 մլն դրամով, 1,8 մլն դրամ ծախսել ենք քաղաքի փողոցների լուսավորության վրա, 300 հազար դրամով աղբահավաք մեքենայի վրա գազի բալոններ ենք տեղադրել, 900 հազար դրամի աղբամաններ ենք տեղադրել»: Հայկ Խաչիկյանին խնդրեցինք ներկայացնել իր եւ ավագանու աշխատանքային հարաբերությունները. «Նորմալ  է: Եթե մարդիկ շահագրգռություն են ցուցաբերում, որ համայնքի խնդիրները ճիշտ լուծումներ ստանան, բնականաբար, իմ բարեկամներն են»: Ավագանու 6 անդամներից 4-ը Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի  աշխատակիցներ են: Այս հանգամանքը Ախթալայում տարբեր մեկնաբանությունների պատճառ է դարձել: «Էդ մարդիկ եթե պետք է համայնքի շահը ստորադասեն, ասենք, ինչ-որ մեկի շահերին, դա ինձ համար  խոչընդոտ չի հանդիսանա, որ ես իմ գործը առաջ տանեմ»,- ասաց Հ. Խաչիկյանը: Ախթալայի բնակչության  թիվը մոտ 3 հազար է: Թումանյանի տարածաշրջանի մնացած համայնքների նման այստեղ էլ մարդիկ ապրում են դժվարություններով: «Մեթըլ Փրինս» ընկերությունում, ինչպես հայտնեց քաղաքապետը, աշխատում են 380 ախթալացիներ, սակայն գործազուրկների բանակը ավելի մեծ է: Հայկ Խաչիկյանը  հայտնեց, որ համայնքի վարչական տարածքում գտնվող լեռնահարստացման կոմբինատը համայնքի բյուջեին նորմալ վճարում է իր հարկերը, սակայն Ախթալայի զարգացմանը նպաստելու նպատակով առ այսօր որեւէ ներդրում չի կատարել համայնքի բյուջեին: Վերջին 3 տարիներին «Մեթըլ Փրինս» ընկերության կողմից պետբյուջե վճարվել են բնապահպանական վճարներ, սակայն համայնքի բյուջեին այդ վճարներից մասհանումներ չեն կատարվել: «Վերջին 3 տարիների մասհանումները` 2,8 մլն դրամ, պետբյուջեից նախատեսվել է մեր բյուջեին հատկացնել 2010 թ.»,- հայտնեց Հ. Խաչիկյանը: Քաղաքապետը տեղեկացրեց, որ առաջիկայում Ախթալայի ամբուլատորիային կտրամադրվի վերակենդանացման շտապ օգնության մեկ ավտոմեքենա: Ախթալացիների համար կենսական խնդիր է խմելու ջուրը: «2 կամ 4 օրը մեկ  ենք կարողանում բնակչությանը խմելու ջուր մատակարարել: Սա մեր հիմնական հիմնախնդիրներից  է: Այս տարվա վարկային ծրագրերում Կառավարությունը նախատեսել է նաեւ Ախթալայի ջրամատակարարման խնդիրը: Եթե այս տարի այդ աշխատանքները չավարտվեն, հույս ունենք, որ մեր ջրամատակարարման ներքին ցանցը ամբողջովին  կփոխվի 2011 թ.»,- ասաց քաղաքապետը: Այդուհանդերձ, ակնհայտ է, որ համայնքի բյուջեն 34,5 մլն դրամ եկամտով չի կարող լուծել համայնքի զար•ացման կենսական խնդիրները: Այստեղ, ինչպես նաեւ Թումանյանի տարածաշրջանի մնացած համայնքներում, ամեն տարի պլանավորում են բյուջեի գրեթե նույն եկամուտները, համայնքապետերի կողմից նոր եկամուտներ չեն կանխատեսվում: Մինչդեռ նոր եկամուտներ կարող են բերել համայնքներում  մանր ու միջին ձեռներեցության խրախուսումը, համայնքների վարչական տարածքներում գտնվող բնական հարստություններ օգտագործողներից համայնքների բյուջեի համար ռեսուրսահարկերի  սահմանումը: Օրինակ` ինչո՞ւ Ախթալայի եւ Շամլուղի պղնձի հանքերի պաշարները, որը ազգային հարստություն է, պետք է անարգել օգտագործեն եւ հարստանան մեկ կամ մի խումբ մարդիկ: Այդ ներդրողները Ախթալա համայնքի բյուջեին վճարում են ընդամենը գույքահարկ եւ հողի օգտագործման հարկ: Բնական պաշարների օգտագործման համար նրանք համայնքի բյուջեին հարկային վճարումներ չեն կատարում: Հ. Խաչիկյանը հայտնեց, որ Ախթալայում գործում է 8 խանութ: Քաղաքապետի հավաստմամբ` համայնքի բյուջեի եկամուտների  հոսքերին հաճախ խոչընդոտում են •ործող օրենքները. «Օրինակ` մենք ունենք խանութներ, որտեղ ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքերի վաճառքի փաստացի եկամուտները շատ ավելի մեծ են, քան մյուսներինը, սակայն օրենքը հանձնարարում է ավագանուն սահմանել բոլոր խանութների համար ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների վաճառքի լիցենզիայի տուրքի մեկ չափ, մեր դեպքում այն սահմանված է տարեկան 20 հազար դրամ»: Քաղաքապետ Հայկ Խաչիկյանը  բիզնես ունենալու հարցին պատասխանեց, որ իր ղեկավարած համայնքի վարչական տարածքում  բիզնես չունի: «Բացի Ալավերդու Շահումյան թաղամաս գնացող ճանապարհի եզրին տեղավորված գազալցակայանը, ես ուրիշ բիզնես չունեմ»,- հավաստիացրեց նա: Ախթալա համայնքի 2009 թ. բյուջեի եկամուտների հավաքագրման  եւ թափանցիկ ծախսումների մասին փորձեցինք  տեղեկանալ ավագանու անդամների կարծիքին: Նրանցից բժշկուհի  Անահիտ Մուրադյանը ասաց. «Բյուջեում ամեն ինչ կատարվում  է բաց եւ թափանցիկ: Նախկին տարիների համեմատ Ախթալայի զարգացման գործում որոշ տեղաշարժեր կան: Լուծվել են քաղաքի աղբահանության եւ լուսավորության խնդիրները»: Ավագանու անդամ Լեռնիկ Ճիճիլյանն էլ հայտնեց. «Եթե թվանշանային գնահատենք, 5 բալային համակարգում ես քաղաքապետի աշխատանքը կգնահատեմ 4: Դրական եմ գնահատում Հայկ Խաչիկյանի կազմակերպչական աշխատանքները` կապված աղբահանության, ծրագրերի ներդրման, փողոցայի լուսավորության, նաեւ համայնքի զարգացման քառամյա ծրագրի հետ: Բյուջեն նրա կողմից թափանցիկ է ծախսվում: Նրա առաջարկած ծախսերը ամբողջովին ավա•անու կողմից դիտարկվել եւ քննարկվել են»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter