HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հայ դասախոսը ԱՄՆ-ում դարձել է շախմատի չեմպիոն

Արտակ Մանուկյանը Գյումրու ՀՊՏՀ-ի մասնաճյուղի դասախոս է: Այժմ գտնվում է ԱՄՆ-ում JFDP (Junior Faculty Development Program) կրթական ծրագրի շնորհիվ: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում փոխանակել ակադեմիական փորձը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև: «Այստեղ գտնվելը ինձ հնարավորություն է տալիս ներկայացնել իմ երկիրը` հանդես գալով որպես յուրահատուկ դեսպան: Հավատացե´ք, շարքային և նույնիսկ ոչ շարքային ամերիկացին կատարյալ պատկերացում չունի Հայաստան երկրի և հայ մարդկանց մասին:

Նման պատկերացումները ձևավորվում են նմանատիպ շփումների ընթացքում»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Արտակը: Նրա օրինակով ԱՄՆ-ում արդեն գիտեն, որ շախմատը առանձնահատուկ տեղ ունի հայ հասարակության համար: Արտակը գերազանց շախմատ է խաղում եւ կարճ ժամանակում դարձել է Դելավեր նահանգի համար առաջին շախմատիստը: Ավելին, նա իր փորձը փոխանցում է ամերիկացիներին: Այդ նպատակով ամեն ուրբաթ անվճար պարապունքներ է անցկացնում Դելավերի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար: «Արդեն ունեմ շուրջ տասնհինգ աշակերտ, որոնք վերջերս դարձան Դելավերի նահանգի լավագույն շախմատիստներ: Վերջերս ինձ ևս բախտ վիճակվեց  ապացուցելու հայկական շախմատի ավանդույթները գործնականում»,- ավելացրեց Ա. Մանուկյանը: 2010 թվականի փետրվարի 27-28 նա մասնակցել է Մերիլենդ նահանգի շախմատի բաց մրցաշարին, որտեղ դարձել է միանձնյա հաղթող: Նա հինգ հնարավորից վաստակել է 4.5 միավոր: Այս մրցաշարում խաղարկվում էր ԱՄՆ շախմատի առաջնության տասնհինգ միավորներ (Գրան Պրիի տասնհինգ միավոր): Միավորների հիման վրա իրավունք է տրվում ավտոմատ կերպով մասնակցել ԱՄՆ-ի առաջնությանը: «Այս հաղթանակը շատ արժեքավոր է ինձ համար, քանի որ այս նահանգը իր տարածքով Հայաստանի չափ է (մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը այդպես է նկարագրում Հայաստանը) եւ որ ամենակարևորն է` այս նահանգը ունի հարուստ շախմատային ավանդույթներ, քանի որ համաամերիկյան շախմատային խաղերի իննակի չեմպիոն է»,- ավելացրեց Արտակը: Հաղթանակից հետո Արտակից հարցազրույց են վերցրել ԱՄՆ շախմատի պաշտոնաթերթից, որտեղ հայ դասախոսը նշել է ամերիկացի շախմատիստների թերի կողմերը: Ըստ նրա` պետք է կարդալ և ուսումնասիրել աշխարհի իններորդ  չեմպիոն մեծն Պետրոսյանի գիրքը` «Պաշտպանվելու արվեստը»: Արտակի ասելով` չնայած ամերիկացիները մեծ առաջընթաց են գրանցել շախմատում, մասնավորապես` արագ հաշվում եւ տեսնում են կոմբինացիաները, սակայն նրանց պաշտպանվելու եւ վերջնախաղերի արվեստը հեռու է բավարար լինելուց: Իսկ այդ բացը պետք է լրացնել դասականների, ինչպիսիք են Պետրոսյանը, Կապաբլանկան, Նիմցովիչը, աշխատությունները ուսումնասիրելով: «Մենք պետք է ավելի հաճախ հպարտ լինենք մեզանով: Մասնավորապես` ԱՄՆ-ում գրեթե ամեն քայլափոխի գրված է` «մենք հպարտ ենք, որ մենք ամերիկացի ենք»: Ես էլ հպարտ եմ, որ ես հայ եմ»,- եզրափակեց Արտակ Մանուկյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter