HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Մենք ունենք արդար դատաքննության եւ մասնավոր կյանքի իրավունքի խախտում»

Վերջին տարիներին մեծացել է Եվրոպական դատարան դիմող քաղաքացիների թիվը` հատկապես սեփականության իրավունքի պաշտպանության հարցերով: Դիմումների մի մասը Եվրադատարանում բավարարվում է եւ դիմող քաղաքացու վնասները փոխհատուցվում է պետական բյուջեի միջոցներից: Եվրադատարանում Հայաստանի ներկայացուցիչ, նախագահի օգնական Գեւորգ Կոստանյանից հետաքրքրվեցինք, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում` պետությանը հասցված վնասը մեղմելու համար, քանի որ Հայաստանում կայացված ոչ արդար վճռի հետեւանքով է պետությունը վնաս կրում: Ըստ Գ. Կոստանյանի`Հայաստանից Եվրադատարան մուտք եղած դիմումների քանակը շատ օրինաչափ երեւույթ է, եւ այդ օրինաչափությունը բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլեւ Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր երկրներին: Նրա ասելով` դա պայմանավորված է 2 կարեւոր հանգամանքով: «Կոնկրետ մեր երկրի պայմաններում բարձրանում է քաղաքացիների իրավագիտակցության մակարդակը, եւ քաղաքացիները սկսում են գիտակցել իրենց իրավունքի պաշտպանության հնարավորություններն ու դիմում են դատարան: Երկրորդն էլ` Եվրադատարան դիմելը քաղաքացու համար ծախսատար չի, եւ հաշվի առնելով մեր առանձնահատկությունները` անձը բոլոր դեպքերում դիմում է դատարան, քանի որ պարտվելու եւ հաղթելու խնդիր չունի: Եթե նույնիսկ պարտվի էլ` ֆինանսական ռիսկ չի կրում, հաղթելու դեպքում էլ կստանա եկամուտ: Չենք կարող ասել, որ դիմումների քանակի ավելացումը պայմանավորված է ներպետական մակարդակում իրավունքների խախտման փաստերի ավելացմամբ»,- ասում է Գ. Կոստանյանը: Եվրադատարանում Հայաստանի ներկայացուցիչը համաձայն չէ այն կարծիքի հետ, որ ընդդեմ Հայաստանի վճիռների թիվը մեծացել է: Ըստ նրա` երբ համեմատում ենք Եվրադատարան ներկայացված դիմումների քանակը` ընդդեմ պետության կայացված դիմումների եւ որոշումների քանակը, պատկերացումները փոխվում են, քանի որ հարյուրավոր գործերով քաղաքացիները պարտվում են: «Հստակ թիվ չեմ կարող ասել, բայց դիմումների 90 տոկոսը մերժվում է: Բոլորը խոսում են այն որոշումների ու դիմումների մասին, որոնք բավարարվում են, եւ ոչ մեկը չի խոսում մերժվածների մասին, դրանով է պայմանավորված այն պատկերացումը, թե դիմումները մեծամասամբ բավարարվում է»,- ավելացրեց պրն Կոստանյանը: Ինչ վերաբերում է իրավունքների խախտմանը, ապա նախագահի օգնականը չհերքեց, որ Հայաստանում խնդիրներ կան: Նրա ներկայացմամբ` Եվրադատարանի վճիռները չի կարելի համարել պետության դեմ կայացված, քանի որ այդ վճիռները օգտակար է պետության համար, եւ պատասխանատու մարմինն ու պաշտոնատար անձը սկսում է դասեր քաղել: Այդ վճիռները ստիպում է պաշտոնատար անձանց ավելի զգոն եւ ուշադիր լինել ու իրենց գործունեությունը կազմակերպել Եվրոպական կոնվենցիայի չափանիշներին համապատասխան: «Մենք ունենք ե´ւ արդար դատաքննության իրավունքի խախտում, ե´ւ մասնավոր կյանքի եւ այլն: Կարծում եմ միաժամանակ հետո մենք կունենանք պետական բոլոր մարմիններում պրոցեսներ, որոնք պայմանավորված կլինեն եւ կհամապատասխանեն եվրոպական չափանիշներին: Ինչ վերաբերում է պետությանը հասցված վնասներին, ասեմ, որ մենք ունենք մեխանիզմներ, եւ պետությանը հասցված վնասի դեպքում պետական մարմինը դիմում է ընդդեմ տվյալ պաշտոնատար անձի, նրա անձնական գույքի պետությանը հասցված վնասը բռնագանձելու պահանջով»,- ավելացրեց Գեւորգ Կոստանյանը: Առայժմ Հայաստանում նման պրակտիկա չկա: Ֆինանսական պատասխանատվություն նախատեսված չէ դատավորների համար, որովհետեւ դատավորին ֆինանսական պատասխանատվության ենթարկելն կառաջացնի ֆինանսական անկախության խախտում: Աշխարհում նույնպես դատավորին ֆինանսական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ չկան: «Մենք դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ ենք հարուցում, ու նա ենթարկվում է կարգապահական պատասխանատվության: Դատական օրենսգրքում նախատեսել ենք, որ Եվրոպական դատարանի վճռով, եթե հաստատվել է իրավունքի խախտման փաստը դատարանի կողմից, ապա դա հիմք է` դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար»,- նշեց Գեւորգ Կոստանյանը: Նրա ասելով` մինչ այժմ ունեցել ենք նման 3-4 դեպք եւ մոտ ժամանակներս կունենանք մի շարք այլ դեպքեր եւս, որ դատավորները ենթարկվեն պատասխանատվության: Առաջիկայում այլ պաշտոնատար անձանց գործեր էլ կմտնեն դատարաններ` նյութական վնասները փոխհատուցելու պահանջով: «Հետքի» այն հարցին, թե մի շարք օրեսդրական փոփոխությունները արդյոք կապված չե՞ն գալիք ընտրությունների եւ քաղաքականության հետ, Գ. Կոստանյանը բացասական պատասխատ տվեց: «Բացարձակ կապ չունի: Սա օրինաչափ եւ բնականոն գործընթաց է եւ որեւէ առնչություն չունի քաղաքական գործընթացների հետ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter