HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մի տարածքը մյուսի համար քանդելն անթույլատրելի է»

Կառավարության մարտի 3-ին կայացրած որոշմամբ պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկից հանվել է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային  կինոդահլիճի անունը` վերջինիս տեղում եկեղեցի կառուցելու նպատակով: Հիշեցնենք, որ եկեղեցին կառուցված է եղել «Կինոմոսկվայի» տեղում: 1934 թ. եկեղեցին քանդվել է, եւ փոխարենը կառուցվել է «Մոսկվա» կինոթատրոնը: Թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ այդ եկեղեցաշինությունը, այսօր «Ուրբաթ» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ փորձեց պարզաբանել Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: «Որոշումը չափազանց հապճեպ կայացվեց: Վերջին հաշվով կառավարությունը պետք է մեր կարծիքը լսի, հաշվի առնի մասնագիտական կառույցների կարծիքը»,-ասաց նա: Նրա խոսքերով` կա գործող օրենք, համաձայն որի` պետության կողմից պահպանվող հուշարձանների ցուցակները կազմվում են առանձին հանձնաժողովի կողմից, որտեղ ընդգրկված են լինում ճարտարարապետներ, հնագետներ: Վերջիններիս որոնց որոշմամբ էլ այս կամ այն կառույցը հանվում է այդ ցուցակից: «Կաթողիկոսարանը խնդրում է, եւ միանգամից կատարվում է այդ խնդրանքը: Գուցե կաթողիկոսը թյուրիմացության մեջ է: Գուցե նրան այս  ամենի միայն դրական կողմն է ներկայացված»,- ասաց նա: Նրա ասելով`  իրենք պատրաստվում են դիմել նաեւ կաթողիկոսին` այդ եկեղեցու շինարարությունը չսկսելու համար: «Ձեւակերպումը, թե պետք է վերականգնել Պողոս-Պետրոսը, այնքան էլ ճիշտ չէ, քանի որ դրա համար անհրաժեշտ կլինի քանդել «Կինոմոսկվան», որովհետեւ նախկինում այդ եկեղեցին կառուցված է եղել հենց «Կինոմոսկվայի» տեղում»,- ասաց ճարտարապետը: Նա հավաստիացնում է, որ «Մոսկվա» կինոթատրոնը շատ մեծ նշանակաություն ունի մեր ճարտարապետության եւ քաղաքի պատմության համար: «Եթե ամառային դահլիճը չի աշխատացվում, չի նշանակում, որ այն պետք է քանդել: Այդ կառույցի եւ լուծումներն են նոր, թարմ, եւ հարմարավետ է ամեն առումով: Տիպարային կառույցներից մենք հոգնել էինք: «Կինոմոսկվայի» ամառային դահլիճները հենց այդ լուծումներից էին: Գալիս էին, նայում, թե ինչպես ենք մենք այդ լուծումները գտել: Ի վերջո, Պողոս-Պետրոս եկեղեցին իրենից բարձր ճարտարապետական կարեւորություն չի ներկայացրել: Մենք, քանդելով այդ դահլիճը եւ տեղը եկեղեցի կառուցելով, ուղղակի նույն ձեւուվ ենք վարվում, ինչպես վարվեցին 1934 թվականին: Նույն ճանապարհով ենք գնում»,-ասաց Մ. Մինասյանը: Նրա խոսքերով` եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ապա  պետք է քանդենք այն բոլոր շենքները, որոնց տեղում նախկինում եղել են եկեղեցիներ, ինչպես օրինակ Չարենցի անվան դպրոցը եւ այլ շենքեր: «Ես չեմ նույնիսկ տարանջատում եկեղեցին եւ մշակութային կենտրոնները: «Կինոմոսկվա» համալիրը հենց այդ կենտրոններից մեկն է: Շատ բաներ ունենք անելու, մինչդեռ ամեն  քայլափոխի եկեղեցի ենք կառուցում»: Հարցին, թե արդյո՞ք հանրային քննարկման կարիք չկա, արդյո՞ք երեւանցիների կարծիքը կարեւոր չէր` այդ որոշումը կայացնելու համար, նա ասաց. «Հանրային քննարկում մենք սպասում էինք, որ գոնե միության ձայնը կլսվի, բայց չեղավ նման քննարկում: Մենք իհարկե, կհրավիրենք: Էս ճանապարհով գնալը շատ սխալ է: Միակ տեղը, որ հնարավոր է դա կառուցել,  Նկարիչների միության եւ «Կինոմոսկվայի» մեջտեղում գտնվող տարածքն է, որն արդեն վաճառված է: Եթե այդքան շատ են ուզում եկեղեցի կառուցել, թող այդ տարածքը վերցնեն: Բայց քանդել մի տարածք` մյուսի համար, անթույլատրելի է»,- ասաց նա: Մարիամ Մուղդուսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter