Քաղաքը կորցնում է իր տեսքը
«Շատ շենքեր կան, որոնք չեն մտնում պետության կողմից պահպանվող հուշարձանների ցուցակի մեջ, սակայն թամանյանական դպրոցի շենքեր են եւ կարեւոր են` քաղաքի տեսքն ամբողջական դարձնելու առումով»,- այսօր «Ուրբաթ» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Անզեն աչքով էլ երեւում է, որ վերջին տարիներին կառուցված շենքերը պատահականորեն են կառուցված:
Նրա ասելով` այստեղ դեր են կատարել եւ քաղաքական եւ տնտեսական փոփոխություննները: Միայն Հյուսիսային պողոտան բավական է` ասելու համար, որ քաղաքային միջավայրը չի պահպանվում:
«Կենտրոնի խիտ կառուցապատումը` հասարարական վայրերից խլված հողերի հաշվին, աղավաղում են պուրակների, այգիների ուրվագծերը, ծանրաբեռնում են դրանք»:
Քաղաքը փոփոխվող մարմին է, այն անընդհատ փոփոխվում է: Կարելի է ավելի լավ շենքեր կառուցել: Քաղաքաշինության նպատակը հենց դա է` կառուցել եւ պահպանել տեսքը:
Օրենքով ամրագրված է, որ պետք է նաեւ քաղաքի պահանջները կատարել, բայց այդ օրենքները չեն գործում: Ճարտարապետի խոսքերով` սովորաբար շենքերն առանց խնայելու այնքան են շահագործում, որ այն այլեւս օգտագործել չի լինում. շենքը ժամանակից շուտ ծերանում է եւ դառնում վթարային: Այն օտարում են եւ տեղում այլ շենք կառուցում, մինչդեռ դրանից կարելի է խուսափել` շենքը պարբերաբար վերանորոգելով:
Մ. Մինասյանի կարծիքով` բոլոր քաղաքներն էլ ձգտում են ժամանակակից տեսք ունենալ, բայց պահպանում են դեմքը, որպեսզի այն ճանաչելի լինի, չկրկնվի: Աշխարհի բոլոր երկրներն ունեն այդ մոտեցումը, իսկ մենք ուղղակիորեն քանդում ենք, չենք պահպանում մեր դիմագիծը:
Մարիամ Մուղդուսյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել