HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

Գների աճ Ձեթ մատակարարող կազմակերպությունները խանութպաններին երեկ տեղեկացրել են, որ այսօրվանից ձեթերի գրեթե բոլոր տեսակների մեծածախ գները թանկանում են 50 դրամով: Մատակարարները դա բացատրել են դրամի արժեզրկմամբ: Այս կերպ ասած` այն ձեթը, որի մեծածախ գինը մինչեւ երեկ 590 դրամ էր, այսօրվանից խանութներին կմատակարարվի 640 դրամով: Փաստորեն` ձեթերի մեծածախ գինը կթանկանա մոտ 7 տոկոսով: Թե ինչպես դա կանդրադառնա մանրածախ գների վրա, առայժմ դժվար է ասել: Նշենք, որ վերջին մի քանի օրերի ընթացքում նորզելադնական կարագի մեկ կիլոգրամի մեծածախ գինը բարձրացել է 1980 դրամից` 2050 դրամի, իսկ մեկ պարկ (50 կիլոգրամ) շաքարավազի գինը` 15 հազար 500 դրամից հասել է 16 հազար 250 դրամի: Սպասվում է, որ առաջիկա օրերին կթանկանան եւս մի քանի ապրանքներ: Իրավիճակն ավելի վտանգավոր է դառնում «Որքան շուտ Լեռնային Ղարաբաղը մասնակից դառնա ընթացող բանակցություններին, այնքան լավ»,- երեկ Երեւանում շարունակվող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ Ռոթ» սեմինարի ժամանակ նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեն: Մինչդեռ, ըստ նրա, ԼՂ մասնակցություն ասելով չպետք է հասկանալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, քանի որ այն ճանաչված պետություն չէ որեւէ երկրի կողմից: Ֆրանսիացի համանախագահը նշել է, որ շատ արդար է, որ ԼՂ բնակչությունը նույնպես ցանկանում է մասնակից լինել այն բանակցություններին, որոնք շոշափում են իր կենսական շահերը, սակայն դա կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ ԼՂ բոլոր բնակիչները, այդ թվում նրանք, ովքեր ապրում էին այդ տարածքում նախքան հակամարտությունը, վերադառնան իրենց նախկին բնակավայրերը: «Երբ մարդիկ խաղաղության մեջ կապրեն եւ իրար հարեւաններ կհամարեն, եւ այն մարդիկ, ովքեր նախկինում ապրում էին այնտեղ, վերադառնան, այդ ժամանակ, ակնհայտ է, որ նրանք իրավունք ունեն պահանջել, որպեսզի մասնակցեն բանակցություններին»,- հայտարարել է Ֆասիեն ու հավելել, որ Ռոբերտ Քոչարյանն է ցանկացել, որպեսզի բանակցություններում ինքը ներկայացնի եւ Հայաստանը եւ Ղարաբաղը: Իսկ Ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը իր հերթին հայտարարել է. «Ղարաբաղի խնդրում ամեն ինչ ավելի մռայլ է, մոխրագույն, քան 5 տարի առաջ»: Թուրքական զորքեր` Լաչինի միջանցքո՞ւմ Թուրքական «Sabah» օրաթերթի փոխանցմամբ, Անկարան պատրաստակամություն է հայտնել զորակազմ ուղարկել Լաչինի միջանցք` անվտանգության ապահովման նպատակով: Բացի այդ, ըստ թուրք պարբերականի, Անկարան սկսել է ջանքեր գործադրել, որպեսզի Ադրբեջանը հրաժարվի պատերազմը վերսկսելու ռազմատենչ հայտարարություններից: Թերթը, վկայակոչելով անանուն բարձրաստիճան դիվանագետին, գրում է. «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը պետք է լինի բացառապես խաղաղ ճանապարհով: Ադրբեջանը որոշ ներքաղաքական հաշվարկներ կարող է ունենալ: Սակայն պատերազմի մասին կոչերը տեղին չեն»: Մանկապարտեզը վաճառե՞լ են Երեկ Մասիսի թիվ 1 մանկապարտեզում կռիվ է բռնկվել ոստիկանների, այդ թվում մանկապարտեզի ղեկավարների եւ հարեւանությամբ բնակվող քաղաքացիների մասնակցությամբ: Տարածքի բնակիչների ասելով` մանկապարտեզի շենքը բոլորից թաքուն վաճառվել է 5 անհայտ քաղաքացու: Ըստ տեղացիների, գործարքը կատարվել է նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի եւ նախկին մարզպետ` ներկայիս ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի միջնորդությամբ: «Այս մանկապարտեզը հիմա էլ գործում է, մեր երեխաներն այնտեղ են գնում: Հիմա էլ ոստիկանների հետ եկել են, որ բոլորին դուրս հանեն ու տարածքը հատկացնեն անօրինական սեփականատերերին: Կտրել են ցանկապատները, հետո էլ ծառերն են կտրելու, լողավազանն ու տաղավարը քանդեն: Անգամ մեկ «սեփականատիրոջ» տարածքն արդեն հասցրել է վերավաճառվել»,- թերթին պատմել են միջադեպի մասնակիցները: Կտրվելու են ծառերը Պուշկինի փողոցի վրա, Ժուռնալիստների տան դիմաց ցանկապատված այս տարածքում կառուցվելու է ստորգետնյա ավտոկայանատեղի, քանի որ Սամվել Մայրապետյանի` Աբովյան-Պուշկին խաչմերուկում կառուցած էլիտար շենքի բնակիչների էլիտար մեքենաները կանգնելու տեղ չունեն: Այստեղ` հենց Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանի աչքի առաջ, Երեւանի կենտրոնում կտրվելու են ծառերը, եւ հերթական անիմաստ կառույցն է ստեղծվելու: Վահագն Չախալյանի դեմ նոր գործ է հարուցվել Երեկ «Երկիր» միությունից տեղեկացրին, որ ջավախահայ քաղաքական գործից Վահագն Չախալյանի նկատմամբ վրացական իշխանությունները հարուցել են նոր քրեական գործ` 2005-ի հուլիսին Ջավախքի Սամսար գյուղի հայ եկեղեցու վրացականացման ձախողված փորձի եւ նույն թվականի դեկտեմբերին հայ-վրացական սահմանի` Բավրայի անցակետի մոտ տեղի ունեցած ջավախահայության բողոքի ցույցի առնչությամբ: Հերթը Մեծ Բրիտանիայինն է ԱՄՆ-ից եւ Շվեդիայից հետո Հայոց ցեղասպանության մասին օրինագիծ կքննարկվի նաեւ Անգլիայի Համայնքների պալատում: Համայնքի պալատի 12 պատգամավորների ստորագրությամբ ստեղծված հանձնաժողովը ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր պաշտոնապես նշելու մասին պահանջը ուսումնասիրության է վերցրել հունվարին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter