Ձերբակալվել է թմրաբիզնեսի երկու պարագլուխ
Նախօրեին «Զվարթնոց» օդանավակայանում ԱԱԾ աշխատակիցները, Ոստիկանության հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում, կասեցել են թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման ևս մեկ փորձ:
Երևան-Մոսկվա-Բանգկոկ չվերթի չորս օտարերկրյա ուղևորի անձնական զննության ժամանակ նրանց որովայնում հայտնաբերվել է պոլիէթիլենային 130 հատ փոքրիկ տոպրակներում` 1կգ 345 գրամ ընդհանուր քաշով «մետամֆետամին» տեսակի թմրանյութ, որը բժշկական միջամտությամբ հանվել է դուրս:
ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ մարտի 10-ին ևս Ազգային անվտանգության ծառայության մարմինները կասեցրել են Երևան-Մոսկվա-Բանգկոկ տարանցիկ ճանապարհով թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման հերթական փորձը:
Դարձյալ «Զվարթնոց» օդանավակայանում երեք օտարերկրյա ուղևորի բեռների զննության ընթացքում հայտնաբերվել է 4 կգ 656 գրամ «մետամֆետամին» տեսակի թմրանյութ, որը ներծծված է եղել ուղեբեռներում գտնվող բրդյա բաճկոնների մեջ:
Նույն օրը Երևան քաղաքում բացահայտվել և ձերբակալվել են հանցավոր խմբի երկու պարագլուխները, որոնք կազմակերպել էին թմրամիջոցի մաքսանենգ ներկրումը և արտահանումը:
Հարուցված քրեական գործերով նախաքննությունը կատարում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել