HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարակուսանք են հայտնում զեկույցի հրապարակման անհիմն ուշացման առթիվ

Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը Մարտի 8-ին ԵԱՀԿ-ն հրապարակել է «Դատավարությունների մոնիտորինգ» զեկույցը, որը հիմնականում նվիրված է մարտի 1-ից հետո ընդդիմության ակտիվիստների նկատմամբ դատավարությունների ուսումնասիրմանը: Զեկույցում արձանագրված են այնպիսի իրողություններ, որոնք ցույց են տալիս , որ դատավարություններն անցել բազմաթիվ աղաղակող անօրինականություններով, ժողովրդավարական հիմնարար սկզբունքների եւ մարդու իրավունքների խախտումներով: Մասնավորապես. 1/ Ազատության իրավունք խախտման վերաբերյալ զեկույցը արձանագրում է. «Ձերբակալման որոշումները հիմնավորված չեն եղել և անհատական գործերի փաստերին չեն վերաբերվել, այլ ավելի շատ պարունակել են ընդհանուր դրույթներ: Չնայած այն սկզբունքին, որ նախաքննական կալանքը պետք է կիրառվի ավելի շատ որպես բացառություն, քան որպես կանոն, կալանքը սովորաբար երկարացվել է մինչև հնարավոր առավելագույն ժամկետը, և խափանման այլընտրանքային ձևերը հազվադեպ են դիտարկվել` հաճախ անպատասխան թողնելով պաշտպանող կողմի համապատասխան միջնորդությունները: Ոստիկանության կողմից ձերբակալությունները հաճախ ոչ պատշաճ և անփույթ են ձևակերպվել, որոնք կասկածներ են հարուցում ոստիկանության կողմից ձերբակալությունների և կալանքների օրինականության մասին»: 2/ Անմեղության կանխավարկածի խախտման մասին ասված է. «Որոշ դատավարությունների ժամանակ մոնիտորինգ անցկացնողները ականատես եղան այնպիսի դեպքերի, որոնք կասկածների տեղիք են տալիս, թե արդյո՞ք իրականում պաշտպանյալը անմեղ է համարվել մինչև իր մեղքն ապացուցվելը: Մի քանի դատավորներ ամբաստանյալների մեղքը ենթադրող թշնամական մեկնաբանություններ են արել: Լսումների ժամանակ ամբաստանյալների նկատմամբ կիրառված անվտանգության միջոցառումները մատուցել են մեղադրյալներին որպես վտանգավոր հանցագործներ, եղել են անհամաչափ և հիմնված չեն եղել վտանգի անհատական գնահատման վրա: Դիտորդները դեպքեր են արձանագրել, երբ դատարանի ընթացիկ որոշումները պաշտպանյալներին պատկերել են որպես հանցագործություն կատարած անձ եւ երբ դատավորները լրիվ չեն կատարել պաշտպանյալներին նրանց իրավունքները բացատրելու պարտավորությունը, ներառյալ ցուցմունք չտալու իրավունքը»: 3/ Դատավարության կողմերի միջեւ հավասարության սկզբունքի խախտման մասին ասված է. «Մոնիտորինգ անցկացված գործերից շատերում մեղադրող և պաշտպանվող կողմերի միջև նկատվել է հավասար պայմանների բացակայություն, հակառակ արդար դատավարության երաշխիքների՝ թե՛ երկրի օրենսդրության մեջ, և թե՛ միջազգային ստանդարտներում: Պարբերաբար դատավորները անհավասար վերաբերմունք են ցուցադրել կողմերին` բացեիբաց բարյացակամ վերաբերմունք ցուցաբերելով մեղադրական կողմին և բացահայտ թշնամանքով վերաբերվելով պաշտպանվող կողմին: Որոշ դատավարությունների ընթացքում պաշտպանվող կողմի միջնորդությունները` ներկայացնելու և կամ ուսումնասիրելու հավելյալ փաստեր, կանոնավոր մերժվել են, որն էլ լրջորեն խարխլել է պաշտպանվող կողմի՝ գործը ներկայացնելու հնարավորությունը: Մեղադրող կողմի համար բարենպաստ գրավոր վկայություններին ապավինումն այն դեպքում, երբ հնարավորություն չի եղել ստուգել այս վկայությունները դատավարության ընթացքում, արժանի է հատուկ մտահոգության»: 4/ Ոստիկանության ցուցմունքներով դատապարտելու մասին արձանագրված է. «Զգալի թվով գործեր հիմնված էին ոստիկանների տված վկայությունների վրա` առանց բավարար հնարավորություն տալու պաշտպանվող կողմին ստուգելու տվյալ փաստը նախնական քննության ժամանակ, որն իր հերթին կասկածներ է առաջացնում դիտարկված գործերում հավասար պայմանների առկայության մասին: Բազմաթիվ գործերում ոստիկան վկաների ցուցմունքները դատապարտման առաջնային հիմք են հանդիսացել` հաճախ հաշվի չառնելով ընթացակարգային խախտումները, հակասությունները և լրացուցիչ ապացույցների բացակայությունը»: 5/ Խոշտանգումներով ձեռք բերված ապապցույցների մասին. «Մոնիտորինգային գործունեության ամբողջ ընթացքում ԺՀՄԻԳ-ի աշխատակիցների ուշադրությունն են գրավել ոստիկանության կողմից խոշտանգումների և վատ վարվելակերպի մասին բողոքները: Չնչին բացառություններով ինչպես դատախազները, այնպես էլ դատավորները չեն արձագանքել այն դեպքերում, երբ թե՛ երկրի և թե՛ միջազգային օրենքները հակառակն են պահանջել: Զեկույցը նաև բացահայտում է այն օրինաչափությունը, որ դատավորները միշտ չէ, որ գնահատել են ապացույցների ձեռքբերման թուլատրելիությունն այնպես, ինչպես պահանջվում է երկրի և միջազգային ստանդարտներով: Այդ ստանդարտներն անընդունելի են համարում խոշտանգումների ու վատ վարվելակերպի միջոցով ձեռք բերված ապացույցները: Այդպիսի ապացույցները բացառելու համար պաշտպանական կողմի միջնորդությունները հիմնականում անտեսվել և մերժվել են: Որոշ դեպքերում դատավորները հիմնվել են ամբաստանյալների նախաքաննական հայտարարությունների վրա, որոնք հակասում էին դատավարության ժամանակ նրանց ցուցմունքներին` հաշվի չառնելով ճնշումներն ու ահաբեկման մասին վկայությունները: Նմանապես, դատավորնեը հիմնվել են վկաների ցուցմունքների վրա, որոնք ակնհայտորեն ստացվել եմ ճնշման տակ»: ԵԱՀԿ զեկույցում տեղ գտած այս, ինչպես նաեւ բազմաթիվ այլ դիտարկումներ ցույց են տալիս, որ այսօր բանտերում պահվող եւ արդեն ազատված քաղբանտարկյալների նկատմամբ արդարադատություն չի իրականացվել: Զեկույցը հիմնովին ժխտում է ռեժիմի պնդումներն այն մասին, թե նրանք պատիժ են կրում օրենքով սահմանված կարգով եւ լուրջ հիմքեր է ստեղծում քաղբանտարկյալների ազատ արձակման համար: Հայ Ազգային Կոնգրեսի Կենտրոնական գրասենյակը, միաժամանակ, իր տարակուսանքն է հայտնում զեկույցի հրապարակման անհիմն ուշացման առթիվ, ինչի պատճառով Հայաստանի իշխանություններն անպատիժ կերպով շարունակեցին անօրինական դատավարությունները՝ անմեղ մարդկանց ազատազրկման դատապարտելով իրենց քաղաքական հայացքների եւ օրինական քաղաքական գործունեության համար: Հույս ենք հայտնում, որ, հենվելով իր իսկ գնահատականների վրա, ԵԱՀԿ/ԺՄԻԳ նաեւ համարժեք գործունեություն կծավալի քաղբանտարկյալների անհապաղ ազատման եւ Հայաստանում ժողովրդավարական ազատությունների վերականգնման ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter