Ալբանիայից հետո` Հայաստան
Երեկ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Թիան Չանչունին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանում մեծ կարեւորություն են տալիս Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը եւ հույս հայտնեց, որ դեսպան Չանչունին կարեւոր ներդրում կունենա երկու երկրների միջեւ համագործակցության հետագա ընդլայնման եւ խորացման գործում:
Ըստ Արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության` դեսպան Չանչունին վստահեցրեց, որ բոլոր ջանքերը կգործադրի գոյություն ունեցող գործընկերային համագործակցությունը առավել զարգացնելու համար:
Զրուցակիցները բարձր գնահատելով Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ձեւավորված բարեկամական համագործակցությունը, քննարկեցին երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` առեւտրատնտեսական հարաբերությունների խթանմանը, իրավապայմանագրային դաշտի կատարելագործմանը, մշակութային ու կրթական փոխանակումների ընդլայնմանը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության խորացմանը եւ ապակենտրոնացված համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նախարար Նալբանդյանն ու դեսպան Չանչունին մտքեր փոխանակեցին միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի մի շարք խնդիրների շուրջ:
Նշենք, որ Թիան Չանչունին 2001 -2007 թթ. եղել է Ալբանիայիում Չինաստանի դեսպանը, իսկ այս տարի նշանակվել է Հայաստանում Չինաստանի դեսպան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել