HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

ԼՂՀ նախագահը պետհամալսարանում խոսել է բանակցային գործընթացից եւ հայ-թուրքական հարաբերություններից

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն Արցախի պետական համալսարանում ուսանողության եւ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերություններին ու ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը:

Նախագահը շեշտել է, որ ողջունելի կլիներ, եթե դեպի Եվրոպա ձգտող Թուրքիան առաջնորդվի այն համամարդկային արժեքներով, որոնցով առաջնորդվում է Եվրոպան, սակայն, նախագահի կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված վերջին զարգացումները եւ Թուրքիայի պահվածքը խոսում են այն մասին, որ Թուրքիան կեղծ քաղաքականությամբ է վարում:

«Մենք գործ ունենք` ի դեմս Թուրքիայի, այնպիսի պետության հետ, որը չի կարողանում դուրս գալ կոմպլեքսավորված վիճակից»,-հավելել է նախագահը: Նրա կարծիքով` Թուրքիան համարժեք չի պատասխանել Հայաստանի` առանց նախապայմանների հարաբերություններ ստեղծելու առաջարկին, ավելին` նա հենց առաջին իսկ պահերից փորձել է նախապայմաններ առաջ քաշել, որոնցից մեկն էլ կապված է ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ:

Նման պայմաններում, ըստ Բակո Սահակյանի, հնարավոր չէ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավում ակնկալել: Պատասխանելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վրա Ղարաբաղի կառավարության ազդեցության լծակների մասին հարցին` նախագահը նշել է, որ ոչ միայն կառավարությունը, այլ ընդհանրապես ղարաբաղյան կողմի ազդեցության լծակներն այս պահին նվազագույնն են, քանի որ Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին:

Նրա խոսքերով` 2009-ին իրենց հաջողվել է խանգարված ձեւաչափում նոր ուղղություն մտցնել եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպումներում հստակ դիրքորոշում արտահայտել առ այն, որ առանց Ղարաբաղի մասնակցության` հարցի լուծումն անհնար է:

«Համոզված եմ, որ գալու է ժամանակ, երբ եւ միջազգային հանրությունը, եւ որպես միջնորդ հանդես եկող կազմակերպությունները գալու են այդ եզրահանգման»,-ասել է նախագահը: Նա միաժամանակ հայտնել է, որ կողմնակից չէ ծայրահեղ քաղաքականության եւ գտնում է, որ պետք է շարունակել այն հավասարակշված քաղաքականությունը, որը վարում են ԼՂՀ իշխանությունները` սկսած 1994 թվականից: Ըստ նրա` հենց նման քաղաքականությունն էլ ավելի է ամրապնդում մեր դիրքերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter