Կենտրոնի բնակիչներն արթնացան շինարարական աղմուկից
Այսօր առավոտյան ժամը 6-ին Պուշկին 3 հասցե է եկել շինարարական տեխնիկա եւ սկսել է շինարարական աշխատանքներ իրականացնել: Արդեն հսկայական փոս է բացված, հատվել են մի քանի ծառեր:
Բնակելի շենքից քիչ հեռու Հ2 հեռուստաընկերության հիմնադիր-տնօրեն Սամվել Մայրապետյանը էլիտար շենք է կառուցել եւ որոշել է ստորգետնյա ավտոտնակի մուտքը բացել Պուշկին 3 հասցեի բնակելի շենքին պատկանող տարածքից, ինչին ընդդիմանում են շենքի բնակիչները:
«Դիտմամբ են շաբաթ օրով շինարարական աշխատանքներ սկսել, որպեսզի մենք չկարողանանք ինչ որ մեկին բողոքել: Սա բացահայտ ապօրինություն է»,- դժգոհում էին նրանք:
Շինարարական աշխատանքների հետեւանքով վնասվել է շենքի խմելու ջրի ջրագիծը եւ ամբողջ շենքը ջուր չունի: Այս պահին շինարարական աշխատանքները դադարեցված է եւ «Հայջրմուղկոյուղի» ընկերության աշխատակիցները վերականգնում են շենքի ջրամատակարարումը:
Բնակիչների ասելով` իրենք դիմել են ՀՀ նախագահին, Քաղաքաշինության նախարարին եւ ստացել են պատասխաններ, որ ավելորդ աղմուկ չբարձրացնեն, քանի որ տարածքը չի քանդվելու: Սակայն` այսօր բնակիչներն անակնկալ արթնացել են շինարարական մեքենաների աղմուկից:
Այնտեղ էր նաեւ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչը: Նա, տեսնելով տարածքում հավաքված մարդկանց եւ լրագրողներին, առանց բացատրություններ տալու անմիջապես հեռացավ:
Շենքի բնակիչները տարածքում հավաքված մոտ մեկ տասնյակ ոստիկաններից փորձում էին հետաքրքրվել, թե ինչու են հանգիստ նայում, երբ մեծահարուստի էլիտար շենքի ավտոտնակի մուտքն ապահովվելու համար քանդում են իրենց բնակելի շենքի հիմքը: Նրանք էլ պատասխանեցին, թե «հասարակական կարգն ենք պահպանում»:
«Բա ինչի՞ չեք ապահովում մեր հասարակական կարգը, երբ լույսը չբացված արթնացրին շինարարական մեքենաները: Դա հասարակական կարգի խախտում չի՞»,-հակադարձեց Հասմիկ անունով մի կին: «Ահազանգեիք կգայինք»,-ասաց ոստիկանը: «Զանգելու կարիք չկար, ձեր ոստիկաններն իրենց հետ են տարածք եկել»,-ավելացրեց Հասմիկը:
Շենքի բնակիչները պատրաստվում են դիմել դատարան, քանի որ իրենց պնդմամբ` կառուցապատումն ապօրինի է: Իրենց ցույց են տվել ընդամենը հատակագիծը, բայց հողահատկացման որոշումը մինչ օրս չեն տեսել: «Որովհետեւ հողահատկացում չի կարող լինել, դա մեր շենքինն է, ո՞նց են շենքի տակի հողը հատկացնում ու շենքը դարձնում վթարային»,-ասում էին բնակիչները:
Քիչ առաջ դեպքի վայրում էին Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները, որոնք կասեցրեցին ծառահատումները մինչեւ երկուշաբթի, որպեսզի կառուցապատողը ներկայացնի համապատասխան փաստաթղթեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել