HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Փողերի լվացման հանցակազմով եւս մեկ «խոշոր» գործ

«Խ-ԴԷՄԻ» ՍՊԸ-ի տնօրեն, «Ֆեյշն Թայմ» խանութում կանացի ջինսե հագուստի եւ աքսեսուարների մանրածախ առեւտրով զբաղվող 29-ամյա Մարիամ Հարությունյանը, Արմեն Հովհաննիսյանի օժանդակությամբ, ԱՄՆ-ի բանկերում գտնվող հաշվեհամարները սպասարկող բանկային կեղծ քարտերի օգտագործմամբ «Master card» միջնորդ վճարային եւ ՀՀ-ում գործող «Արմենիան քարդ» ՓԲԸ-ի համակարգերի միջոցով գումարներ է հափշտակել, ապա դրանք օրինականացրել: Մարիամ Հարությունյանի նկատմամբ 2009 թվականի փետրվարին Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության կողմից հարուցվել է քրեական գործ` 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (գողություն, որը կատարվել է խոշոր չափերով) եւ 190 հոդվածի 1-ին մասով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը): Ըստ քրեական գործի` Մարիամ Հարությունյանը 2008 թվականի հոկտեմբերի 17-ին որպես վճարում է ընդունել «MBNA AMERICA BANK» ամերիկյան բանկի կողմից թողարկված բանկային քարտի կեղծ կրկնօրինակով, որի արդյունքում գողացված 2 միլիոն 983 հազար դրամը փոխանցել է «Խ-ԴԷՄԻ» ՍՊԸ-ի «Կասկադ բանկ» ՓԲԸ-ում սպասարկվող հաշվեհամարին: Մարիամ Հարությունյանի գործը 2009 թվականի հունիսի 10-ին քննվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Ժորա Վարդանյանի նախագահությամբ: Մարիամն իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքներում եւ միջնորդել է գործը քննել արագացված կարգով: Որպես պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ դատարանը հաշվի է առել այն, որ Մարիամ Հարությունյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է կատարած արարքների համար, երիտասարդ կին է, նախկինում դատապարտված չի եղել, բնութագրվում է դրականորեն: Առավել ուշագրավ է մեկ այլ մեղմացնող հանգամանք` Մարիամ Հարությունյանը դատարանում հայտարարել է, որ ամուսինը դիմել է ամուսնալուծության պահանջով, հետեւաբար պատիժն ազատազրկման ձեւով կրելու պայմաններում նրա 2 անչափահաս երեխաները մնում են առանց խնամքի: Դատարանը բավարարվել է միայն հայտարարությամբ եւ քայլեր չի ձեռնարկել` պարզելու, թե Մարիամի ամուսինն իսկապե՞ս պատրաստվում է ամուսնալուծվել, թե այդ հայտարարությունը պարզապես արվել է մեղմ դատավճռի արժանանալու ակնկալիքով: Մարիամ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել 2 տարի 6 ամիս ազատազրկման, նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Դատարանը եզրակացրել է, որ Մարիամ Հարությունյանի կողմից կատարված հանցագործության հանրորեն վտանգավորության աստիճանը նվազել է ու նրա ուղղվելը հնարավոր է առանց նշանակվող ազատազրկման ձեւով պատիժը կրելու: Նշենք, որ մինչ դատավարության ավարտը Մարիամ Հարությունյանը շուրջ 4 ամիս գտնվել է կալանքի տակ, որից հետո նրան անհապաղ ազատ են արձակել հենց դատարանի դահլիճից` սահմանելով փորձաշրջան: Դատապարտվելուց 19 օր անց Մարիամ Հարությունյանը համաներվել է եւ ազատվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի սահմանած պատժի կրումից: Այս դատական գործը չէր արժանանա մեր ուշադրությանը, եթե այն ներառված չլիներ Հայաստանի Հանրապետության ֆինանսական դիտարկումների կենտրոնի հաշվետվության մեջ` որպես փողերի լվացման հանցակազմով դատավճիռ: Նման դատավճիռներով ՀՀ Կենտրոնական բանկը Եվրոպայի խորհրդի փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման հակազդման ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբին ներկայացնում է, թե Հայաստանը փողերի լվացման դեմ պայքարում զգալի առաջընթաց է գրանցել: Ֆինանսական դիտարկումների կենտրոնին (ՖԴԿ) աջակցում է ՀՀ նախագահի կարգադրության հիման վրա ձեւավորված «Հայաստանի Հանրապետությունում դրամանենգության, պլաստիկ քարտերի եւ այլ վճարային գործիքների բնագավառում զեղծարարության, փողերի լվացման, ինչպես նաեւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ տարվող պայքարի հարցերով» միջգերատեսչական հանձնաժողովը: Իսկ ըստ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության` Ֆինանսական դիտարկումների Կենտրոնը 2007 թվականից անդամակցում է ֆինանսական հետախուզության մարմինները համախմբող միջազգային կառույցին՝ «Էգմոնտ» խմբին: Արդյունքում ՖԴԿ-ն բացահայտում է փողերի լվացման այնպիսի «խոշոր» դեպքեր, ինչպիսին Մարիամ Հարությունյանի գործն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter