HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Չարլզ Լոնսդեյլ. «Ոչ միայն բաց սահման լինի, այլեւ ավելի բաց մթնոլորտ Հայաստանում»

«Հետքի» հյուրն է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը «Այժմ, երբ ետ եմ նայում, հիշում եմ, թե ինչպես մեր տան ետեւում կար մեծ մարզադաշտ եւ թե ինչպես էինք այնտեղ վազվզում, եւ երբ համեմատում եմ Երեւանի հետ, տեսնում եմ, թե ինչքան քիչ են դրսում խաղալու հնարավորությունները հայ երեխաների համար, այդ ժամանակ իսկապես իմ մանկությունը առավելապես գնահատում եմ, ինչքան երջանիկ եւ բախտավոր էինք մենք»,- իր մանկությունը հիշում է Չարլզ Լոնսդեյլը: Ընտանիքում երկու երեխա են. Չարլզ Լոնսդեյլը ունի իրենից մեկուկես տարով փոքր քույր, ով բնապահպան է, կամ ինչպես ինքն է հայերենով ասում` «բնապահպանության մասնագետ»: Դեսպանը մեծացել է ակադեմիական միջավայրում` Օքսֆորդում: Հայրը անգլերենի դասախոս է Օքսֆորդում, մայրը աշխատում է համալսարանի ադմինիստրացիայում, իսկ վերջում դարձավ Քեմբրիջի համալսարանի քոլեջի ղեկավար: «Երբ փոքր էի, ես ուզում էի տիեզերագնաց դառնալ, իսկ իդեալները տարբեր են եղել, դրանք տարիների ընթացքում փոխվել են: Պետք է նշեմ, որ իմ մայրը կաշխատեր արտգործնախարարությունում, եթե 70-ականներին չլիներ այն օրենքը, որ ամուսնացած կանայք չպետք է լքեն արտգործնախարարությունը ամուսնանալուց հետո: Ինձ թվում է` մորիցս եմ ժառանգել հետաքրքրությունը արտաքին աշխարհի նկատմամբ, սերը դեպի ճանապարհորդելը»,- ասում է դեսպանը: Չարլզ Լոնսդեյլը Հայաստանի Հանրապետությունում Նորին Մեծության դեսպան է նշանակվել 2008 թ. հունվարին: Լոնսդեյլը դիվանագիտական ծառայության քսանամյա փորձ ունի: Նա 1990-1993 թթ. Բուդապեշտում զբաղեցրել է երկրորդ քարտուղարի, 1998-2003 թթ.` Մոսկվայում առաջին քարտուղարի, իսկ 2003-2005 թթ.` ՄԹ արտգործնախարարության լոնդոնյան գրասենյակում Աֆղանստանի հարցերով զբաղվող հանձնախմբի ղեկավարի տեղակալի պաշտոնները: Հայաստանում իր պաշտոնը ստանձնելուց առաջ Լոնսդեյլը ՄԹ արտգործնախարարության լոնդոնյան գրասենյակում զբաղեցրել է Մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ կառավարման հարցերով զբաղվող հանձնախմբի ղեկավարի տեղակալի պաշտոնը: «Ցանկացած երկիր սկզբում բավականին տարօրինակ է, եւ ժամանակ է պահանջվում, որպեսզի հարմարվես» Դեսպանը պատմում է, որ համալսարանն ավարտելուց հետո նա դիմել է տարբեր աշխատանքների, այդ թվում` արտաքին եւ ներքին գործերի նախարարություն, բայց, ինչպես ինքն է ասում, բախտը բերեց եւ ընդունեցին Արտաքին գործերի նախարարություն. «Դիվանագետի աշխատանքում մի այսպիսի յուրահատկություն կա. կարող ես արտասահմանում քեզ ավելի հարմարավետ զգալ, քան քո սեփական երկրում: Իհարկե, ցանկացած երկիր սկզբում բավականին տարօրինակ է, եւ ժամանակ է պահանջվում, որպեսզի հարմարվես: Բայց ամեն երկիր, որտեղ աշխատել եմ, չափազանց սիրել եմ եւ կարոտում եմ»: Նրա համար միշտ գրավիչ է եղել Հարավային Ամերիկան եւ ցանկացել է աշխատել այնտեղ, բայց կարիերան իրեն այլ ուղղությամբ է տարել: «Բուդապեշտի իմ աշխատանքը շատ հիշվող է,հատկապես դա իմ առաջին իսկական աշխատանքն էրարտասահմանում եւ այդ պատճառով ես հիացած էի եւ ոգեւորված, Ռուսաստանը շատ մեծ երկիր է, ես հնարավորություն ունեի շատ ճանապարհորդել եւ բացահայտել այդ երկիրը, չնայած աշխատանքը նաեւ դժվար էր լինում, քանի որ զբաղվում էի Չեչնիայի հարցով պատերազմի ժամանակ:Մինչեւ հիմա սիրահարված եմ Հայաստանին:Որտեղ որ գտնվում ես տվյալ պահին, այն էլ քեզ թվում է լավագույնը»: Չարլզ Լոնսդեյլը սիրում է իր աշխատանքը, ասում է, որ ամեն անգամ աշխատասենյակ մտնելիս ժպտում է, բայց հիասթափություններ եւս լինում են. «Լինում է, երբ ուզում ես արձակուրդ վերցնել,վերադառնալ տուն, տեսնել ընտանիքիդ, բայց, իհարկե, միշտ ուրախ ես լինում վերադառնալ»: Չարլզ Լոնսդեյլը կարծում է, որ դեսպանատան թիմը շատ լավն է ու դեսպանատան աշխատանքը գնահատում է 5: «Ես ռեալիստ եմ` ռոմանտիկ տենդենցներով» Չարլզ Լոնսդեյլին հաջողությունների հասնելու գործում օգնել է աշխարհի նկատմամբ հետաքրքրություն ունենալը. «Ես ռեալիստ եմ` ռոմանտիկ տենդենցներով»: Դեսպանի համար թիվ մեկ սկզբունքն է` վարվիր մարդկանց հետ այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեն: Հայաստանում դեսպանի ընկերները դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն են, արվեստագետներ, քաղաքական վերլուծաբաններ, բիզնեսմեններ, այստեղ ապրող անգլիացիներ, որոնց անունները նա նպատակահարմար չգտավ հրապարակել: Դեսպանը հայ գրողներից ընթերցել է Թումանյան, Նարեկացի, Քուչակ: Նրան հաջողվել է կարդալ Թումանյանի պատմվածքներից մեկը, չնայած դա նրանից շաբաթներ խլեց: «Ցավում եմ, որ հայերեն չեմ կարող կարդալ: Դա կախված է նրանից, թե ինչպես է թարգմանված, իսկ հայ գրողներից քչերը կան թարգմանված»: Դեսպանի կարդացած վերջին գիրքը ճապոնացի գրող Մուրակամի Հարուկին է: Ինչ վերաբերում է երաժշտությանը, ապա Չարլզ Լոնսդեյլը սիրում է գրեթե ամեն ինչ` սկսած Բախից եւ վերջացրած ժամանակակից բրիտանական կամ ամերիկյան երաժշտությամբ, ավելի շատ ռոք, քան փոփ: Գերադասում է ոչ այնքան հայտնի խմբեր, օրինակ Բիրմինհեմյան մի խումբ` «Միսթիս Բիգ Ադվենչր»: Դեսպանը հայկական երաժշտությունից լսել է Կոմիտաս, Առնո Բաբաջանյան, Արամ Խաչատրյան, իսկ ժամանակակից երաժշտությունից սիրում է «Կատուներ» ջազ խումբը եւ «Բամբիռ»-ը: Հաճախ գնում է համերգասրահներ ու ցուցասրահներ,սիրում է այցելել արվեստագետներին` իրենց արվեստանոցներում եւ նույնիսկ աշխատել նրանցից մեկի` Արթուր Սարգսյանի հետ: Նրա գրասենյակում կախված էին հայ նկարիչների գործերը` Արթուր Սարգսյան, Գեւորգ Սարգսյան, Վահան Թոփչյան, Հակոբ Հովհաննիսյան: Դեսպանի հոբբիներից է ոչ միայն նկարելը, այլեւ մաքուր օդում զբոսնելը, ժամանակը բնության գրկում անցկացնելը, մարզասրահ գնալը: Հայկական խոհանոցից սիրում է խաշն ու խորովածը, բայց հատկապես մրգերն եւ բանջարեղենը, ասում է`ՄԹ-ում միրգն ու բանջարեղենն այդքան թարմ ու համեղ չեն: «Առաջին բառը, որ սովորել եմ` համեցեքն է» «Մի բաժակ սուրճ, խնդրեմ, մի բաժակ սառը գարեջուր, համեցեք»,- սրանք առաջին արտահայտություններն են, որ դեսպանը սովորել է Հայաստանում: Այժմ Չարլզ Լոնսդեյլը աշխատում է բարելավել ռուսերենը,բայց շատ կցանկանար գոնե միջին մակարդակով հայերեն խոսել: Բրիտանացիները շատ են սիրում կենդանիներ, եւ երբ հարցրինք Չարլզ Լոնսդեյլին, թե այստեղ մենա՞կ է ապրում, նա ասաց. «Եթե չհաշվենք կատվին, ապա ես այստեղ մենակ եմ ապրում»: Դեսպանը նշում է, որ հիմա ընկերների նկատմամբ կարոտը հաղթահարելը շատ ավելի հեշտ է դարձել էլեկտրոնային փոստի, «սկայպի» միջոցով:Բայց նրանցից շատերը արդեն այցելել են Հայաստան եւ հիմա նա անհամբեր սպասում է մոր չորրորդ այցին Հայաստան: «Ամենակարեւոր տարբերությունն այն է, որ Բրիտանիայում շատ բազմազան է բնակչությունը, իսկ Հայաստանում, եթե չասեմ` շատ մոնոէթնիկ է, համենայն դեպս` այդպիսին է թվում: Ինձ այստեղ ցնցեց ջերմությունն ու հյուրընկալությունն է եւ առաջին բառը, որ սովորել եմ` համեցեքն է: Օրինակ` երբ հատկապես քայլում ես գյուղերով, մարդիկ շատ հյուրընկալ են, իսկ Մեծ Բրիտանիայում նրանք ավելի զգուշավոր են»: Դեսպանը պատմեց, թե ինչպես սարերում մի կով արածեցնողի հանդիպեցին, ով իրենց քաղցրավենիք հյուրասիրեց: «Կան բաներ, որ իհարկե կցանկանայի փոփոխված տեսնել: Շատ կուզենայի, որ Երեւանը պահպաներ կանաչ տարածքները, ես հասկանում եմ, որ նախկինում անհրաժեշտ է կտրել ծառերը ջեռուցման նպատակով, բայց այժմ տխուր է տեսնել, որ ավելի շատ սրճարաններ կան, քան ծառեր: Լավ կլիներ նաեվ, որ վարորդները եւ անցորդները ավելի զգուշավոր լինեին եւ տարրական կանոններին հետեւեին: Հայերը շատ կրեատիվ են, նրանք իրավիճակներից միշտ հնարամիտ ձեւով կարողանում են դուրս գալ, ինչպես ճանապարհների դեպքում է»: Այժմ, ըստ դեսպանի, Հայաստանի առաջ ծառացած լուրջ խնդիրներից են Ղարաբաղի հարցը, հայ-թուրքական հարաբերությունները, տնտեսական ճգնաժամը, կոռուպցիայի դեմ պայքարը, իրավական համակարգի ամրապնդումը եւ այլն. «Ոչ միայն բաց սահման լինի, այլեւ ավելի բաց մթնոլորտ Հայաստանում»: Դեսպանը ասում է, որ Հայաստանում շատ հայտնի գեղեցիկ վայրեր կան` Նորավանք, Գեղարդ, բայց նա նախընտրում է վայրի տարածքները` հատկապես Սյունիքում. «Մի տարի ես զբոսնում էի Խոսրովի արգելանոցով դեպի Հավուց Թառ եւ հանդիպեցի մի մարդու, ով ընտանիքով պիկնիկ էր անում, նա ասաց` համեցեք, համեցեք, ես ասացի` շնորհակալություն, բայց պետք է շարունակեմ ճանապարհը, իսկ նա քաշեց իմ ձեռքը եւ տարավ իրենց մոտ: Շատ հաճելի ժամանակ անցկացրինք, ինքը տնական օղի էր բերել, հավ էին մորթել: Սկզբից շոգ էր,իսկ հետո ձյուն եկավ: Սա մի օրինակ է այն բաների, ինչ ես սիրում եմ Հայաստանում, բնությունը, պատմությունը եւ մարդիկ»: Ինչ վերաբերում է եղանակին, ապա դեսպանը ափսոսանքով ասաց, որ նախորդ ամառն ու ձմեռը շատ նման էր լոնդոնյանին, եւ նա անհամբեր սպասում է իսկական հայկական արեւոտ եղանակի: Դեսպանը չբացառեց հայի հետ ամուսնությունը Չարլզ Լոնսդեյլը ամուսնացած չէ եւ դա բացատրեց իր աշխատանքի բնույթով, ինչպես նաեւ այն հանգամանքով, որ երիտասարդ կանայք այժմ ուզում են իրենց կյանքը եւ կարիերան ունենալ. «Շատ կուզենայի, որ դիվանագիտական կյանքը կարողանայի համատեղել ընտանեկան կյանքի հետ: Այս է այսօրվա իմ հույսն ու երազանք»: Հարցին, թե իր համար ի՞նչն է կարեւոր` իր կինը լինի խելացի՞, թե՞ գեղեցիկ, նա պատասխանեց.«Ես շատ եմ սիրում ուժեղ բնավորությամբ կանանց, իհարկե լավ կլինի, եթե կինը նաեւ գեղեցիկ լինի: Ինձ ամենից քիչ է հուզում, որ նա կարողանա տան աշխատանք կատարել»: «Հնարավո՞ր է հայի հետ ամուսնությունը»,- հարցրինք դեսպանին: «Ինչու՞ ոչ, ամեն ինչ հնարավոր է»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter