Նոր մասնագիտություններ՝ գաղութում
Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում կարող են պահվել մինչեւ 4400 անձ, բայց այսօր նրանց թիվը հասնում է 4530-ի, որոնցից 50-ն ազատ ռեժիմով են պատիժը կրում:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մտահոգություն հայտնեց, որ Հայաստանում շեշտադրումը դրվում է ազատազրկման ձեւով պատիժներ կրելուն, իսկ այլընտրանքային ձեւով պատժատեսակների ինստիտուտը կամ չկա, կամ էլ լիարժեք չի գործում:
Տնային կալանքը, հանրային աշխատանք կատարելը, Արծվիկ Մինասյանի ասելով, շատ ավելի արդյունավետ է եւ ծառայում է իր նպատակին: Հայաստանի կազարմային խցերով քրեակատարողական հիմնարկները, պատգամավորի բնորոշմամբ, անձի մոտ բերում են, թե ֆիզիկական, թե հոգեբանական տառապանքներ:
«Սա այն դեպքում, երբ պետությունը մեկ անձի հաշվով մեկ ամսվա համար ծախսում է 110 հազ. դրամ եւ 2011թ. պետական բյուջեով 7 մլրդ դրամ է նախատեսված»,- ասում է Արծվիկ Մինասյանը:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, պատասխանելով Արծվիկ Մինասյանի հարցերին, ասաց, թե քրեակատարողական հիմնարկներում ազատազրկվածների թվերը կայուն չեն եւ անընդհատ փոփոխվում են:
«2008թ. սկսվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կառուցումը, սակայն 2009թ. ֆինանսական միջոցների սղության պատճառով ֆինանսավորումը դադարեցվել էր: Այս տարի բյուջեից հատկացվել է 1 մլրդ դրամ եւ եկող շաբաթվանից արդրադատության նախարարության կայքէջում կարող եք հետեւել շինարարական աշխատանքների ողջ ընթացքին, որը մեծ թափով ընթանում է»,- ասաց նախարարը:
Հրայր Թովմասյանի խոսքերով՝ «Արմավիր» ՔԿՀ-ի կառուցումով մինչեւ 2013թ. ավարտը Հայաստանում կունենանք առաջին եվրոպական տիպի հիմնարկ:
Հրայր Թովմասյանն ասաց, ոչ թե ամսական 110 հազար դրամ է բաժին ընկնում պատիժ կրող մեկ անձին, այլ ընդամենը 19.500 դրամ, ինչը միջազգային չափորոշիչներով շատ քիչ է: Համեմատության համար նախարարը նշեց, որ կախված պատժի ռեժիմից՝ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում պատիժ կրող մեկ քաղաքացուն բաժին է հասնում 20-40 հազ դոլար:
«Ճիշտ եք նկատում, որ աղքատիկ է այլընտրանքային եղանակով պատիժները կրելու ձեւերն ու եղանակները»,- նկատեց նախարարը:
Արծվիկ Մինասյանն էլ ավելացրեց, որ այլ երկրներում այլընտրանքային պատժատեսակներով պատիժ կրողները նույնիսկ մասնակցում են տնտեսության զարգացմանը, իսկ Հայաստանում քրեակատարողական հիմնարկները, ըստ էության, վերածվել են հակասոցիալական երեւույթների:
«Դատապարտված անձանց մի ստվար հատված այնտեղից դուրս է գալիս ոչ թե հասարակության համար ավելի արժեքավոր քաղաքացի, այլ վիճակագրությունը նույնպես ցույց է տալիս, որ նրանք հետո կրկնակի հանցագործներ են դառնում»,-հավելեց Ա. Մինասյանը:
Հրայր Թովմասյանը խոստովանեց, որ պատիժը կրելուց հետո, իրոք, մոռանում են այդ մարդուն եւ բացառապես ոստիկանությունն է որոշակի գործողություններ իրականացնում:
«Այս տարի, թերեւս առաջին անգամ, մոտ 40 հոգու նկատմամբ նշանակվեց պատժի չկրած մասն այլ՝ ավելի մեղմ պատժով, եւ այդ մարդիկ զբաղված էին հանրային աշխատանքներով, հիմնականում Երեւանում՝ կանաչապատման աշխատանքներով, եւ դա գոհացուցիչ էր»,- նշեց Հ. Թովմասյանը: Նա ուշադրություն հրավիրեց նաեւ հասարակակական կարծիքի վրա, քանի որ ազատազրկումից բացի ցանկացած պատիժ հասարակությունը պատիժ չի դիտարկում եւ ասում է, որ նրան չպատժեցին:
Ըստ նախարարի՝ առաջին անգամ այս տարի պատիժը կրող 12 քաղաքացի ազատազրկման վայրերում ստացել են խոհարարի, իսկ 10-ը՝ վարսահարդարի մասնագիտացում: Իսկ «Աբովյան» ՔԿՀ-ում մշակույթի նախարարության ենթակայության տակ գործող ՊՈԱԿ-ը խեցեգործություն է սովորեցնում: Նրանցից 12-ը պատիժն արդեն կրել են եւ այսօր քրեակատարողական հիմնարկում ստացած մասնագիտությունով են իրենց հացը վաստակում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել