Կիրառե՞լ, թե՞ չկիրառել Ռումինիայի փորձը
«Transparency International» հակակոռուպցիոն հասարակական կազմակերպությունը մարտի 1-7-ը ուսուցողական այց էր կազմակերպել Ռումինիա: 10 հոգանոց պատվիրակության մեջ էին ՀՀ նախագահի, Կառավարության, Արդարադատության նախարարության աշխատակազմերից ներկայացուցիչներ, դասախոսներ, լրագրողներ:
Պատվիրակության կազմում էր նաեւ ՀՀ նախագահի օգնական, հակակոռուպցիոն հանձնաժողվի նախագահ Գեւորգ Կոստանյանը: Ուսուցողական այցի թեման շահերի բախումն էր ու հատկապես պաշտոնատար անձանց հայտարարագրերի ներկայացումը: Հանդիպումներ եղան Ռումինիայի Ազգային օրինավորության խորհրդի ներկայացուցչի, Կառավարման եւ ներքին գործերի նախարարության հակակոռուպցիոն գլխավոր վարչության, դատախազության հակակոռուպցիոն գլխավոր վարչության ներկայացուցիչների, Սենատի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահի եւ այլոց հետ: Գեւորգ Կոստանյանը դեռ Ռումինիայում դժգոհեց, որ այդ երկրի փորձի ուսումնասիրությունը սխալ է, քանի որ օրենսդրական դաշտը տարբեր է, եւ այն չի կարող կիրառվել Հայաստանում: Իսկ Ռումինիայում շահերի բախումն ու հատկապես պաշտոնյաների հայտարարագրերի հրապարակայնությունն ու թափանցիկությունը, ի տարբերություն Հայաստանի, շատ լավ էր կարգավորված: Այդ ոլորտում աշխատող գերմանական «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ղեկավար Ստեֆանիե Ռիկարդա Ռոսը նույնիսկ նշեց, որ Ռումինիան շահերի բախման կարգավորումներով եւ հայտարարագրերի ներկայացման ուղղությամբ շատ ավելի առաջ է, քան եվրոպական շատ երկրներ: Արդեն 3 տարի է Ռումինիայում ստեղծվել է հատուկ մարմին` Ազգային օրինավորության գործակալությունը, որի նպատակն է վերահսկել քաղաքացիական ծառայողների կողմից իրենց լիազորության կամ հանրային ծառայության ընթացքում ձեռք բերված հարստությունը, ինչպես նաեւ բացահայտել շահերի բախման եւ անհամատեղելիությունների գոյությունը: Հանդիպումների ժամանակ Ռումինիայում հպարտությամբ էին նշում, որ արդեն 3 նախարար է հեռացվել աշխատանքից ու ներկայումս էլ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների գործեր շահերի բախման կապակցությամբ քննվում են: Աշխատանքից հեռացվել է մի նախարար, որը խնդրել է մեկ այլ նախարարի, որպեսզի իր տղային աշխատանքի տեղավորման համար միջնորդի այլ գերատեսչության: Հայաստանն այս առումով հպարտանալու առիթ չունի, քանի որ մինչ օրս որեւէ պաշտոնյա շահերի բախման պատճառաբանությամբ չի հեռացվել իր պաշտոնից: Իսկ նման դեպքերը քիչ չեն նույնիսկ Ազգային ժողովում, որտեղ որպես փորձագետներ աշխատում են պատգամավորների եւ պաշտոնյաների զավակները: Այս օրերին Ռումինիայում քննվում է նաեւ Էկոնոմիկայի նախարարի գործը: Նա մի քանի տարի առաջ Բուխարեստի քաղաքապետն է եղել ու միեւնույն ժամանակ զբաղվել է քարի ներկրմամբ ու արտադրությամբ: Նա քաղաքի փողոցների եզրաքարերը փոխելու համար որոշում է կայացրել գնել այն ընկերության քարը, որի սեփականատերը հենց ինքն է: Այդ մասին գրել է տեղի մամուլը, ու ներկայումս նախարարի պաշտոնը զբաղեցնող նախկին քաղաքապետի գործը գտնվում է Ազգային օրինավորության գործակալությունում, քանի որ կա շահերի բախում: Շահերի բախմանը Ռումինիայում այնքան լուրջ են վերաբերվում, որ վերջերս որոշակի ժամանակով դադարեցվել էին նաեւ երկրի նախագահի լիազորությունները, քանի որ նա նույնպես կասկածվել է շահերի բախման մեջ: Ռումինիայում գույքի եւ եկամուտների հայտարարագիր են ներկայացնում բոլոր պաշտոնյաները, նրանց ամուսիններն ու իրենց հետ ապրող երեխաները` շուրջ 35 կատեգորիայի 250 հազար մարդ: Բոլոր հայտարարագրերը հրապարակային են եւ տեղադրված են ինտերնետային կայքում: Հայտարարագիր են ներկայացնում նաեւ Հանրային հեռուստաընկերության բոլոր աշխատակիցները, քանի որ պետբյուջեից են աշխատավարձ ստանում: Եթե քաղաքացիները կամ լրատվամիջոցները տեղեկություններ ունեն կոնկրետ պաշտոնյայի գույքի եւ եկամուտների մասին, ապա կարող են դիմել օրինավորության գործակալություն: Գործակալությունը պարտավոր է ուսումնասիրել դիմումը եւ ընթացք տալ: Եթե հայտնաբերվում է, որ պաշտոնյան թաքցրել է գույք կամ ֆինանսական եկամուտներ, ապա նյութերն անմիջապես ուղարկվում են դատախազություն, եւ հարուցվում է քրեական գործ: Իսկ Ռումինիայում գույք կամ ֆինանսական եկամուտներ թաքցնելը բավականին դժվար է, քանի որ որոշակի գումարի դեպքում հրապարակվում են նաեւ պաշտոնյաների բանկային բոլոր տվյալները: Հայաստանում այդ տվյալները համարվում են բանկային գաղտնիք եւ չեն հրապարակվում: Բացի այդ, եթե որեւէ մեկը Եվրամիության տարածքում գործարք է կնքում, ապա այդ գործարքը նույնպես հայտարարագրվում է, եւ տվյալները փոխանցվում են Ռումինիայի պատկան մարմիններին: Ռումինիայում նույնիսկ հրապարակային են դարձվում պաշտոնյային վերաբերող այն տեղեկությունները, որոնք օրենքով նախատեսված չեն: «Իրավական ռեսուրս կենտրոն» հ/կ-ի ծրագրերի ղեկավար Ռադու Նիկոլայն ասում էր, որ մի քանի հ/կ-ներ դիմել են պաշտոնյաներին, որպեսզի տեղեկություններ տրամադրեն իրենց կանանց, ազգականների մասին, թե նրանք որտեղ են աշխատում, որ կուսակցության անդամ են եւ այլն: Պաշտոնյաները չեն տրամադրել` պատճառաբանելով, թե դա օրենքով նախատեսված չէ: Հ/կ-ները դիմել են դատարան, եւ նրանց պահանջը բավարարվել է: Դատարանը պատճառաբանել է, որ պաշտոնատար անձինք իրենց վերաբերող ցանկացած տեղեկություն պարտավոր են հրապարակել, քանի որ դա հետաքրքրում է հասարակությանը: Իսկ Հայաստանում իրավիճակը բոլորովին այլ է: Երբ ռումինացի մասնագետները տեղեկանում էին, որ մեր երկրում պաշտոնյաների հայտարարագրերը տրվում են միայն գրավոր դիմումով, այն էլ` ժամկետային սահմանափակումներով, միայն 3000 եւ ավելի տպաքանակ ունեցող մամուլին եւ այլն, ծիծաղում էին` նշելով, որ դա հանրության սեփականությունն է, եւ որեւէ մեկն իրավունք չունի այն թաքցնել: Ռումինիայի Սենատի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Թոնի Գրեբլան ընդդիմության ներկայացուցիչն էր: Ըստ նրա` Ռումինիայում բիզնեսով զբաղվող պատգամավորին 30 օր ժամանակ են տալիս, որպեսզի նա ընտրություն կատարի բիզնեսի եւ մանդատի միջեւ: Եթե նա ընտրում է բիզնեսը, ապա զրկվում է պատգամավորի մանդատից, իսկ ինքնակամ հրաժարվելու դեպքեր Ռումինիայում արդեն եղել են: Ռումինիայի փորձագետներն էլ խորհուրդ տվեցին Հայաստանում այդ ոլորտը լիարժեք կարգավորելու համար բարեփոխել Սահմանադրությունը եւ պատգամավորներին զրկել անձեռնմխելիությունից: Գ. Կոստանյանը համամիտ չէր այդ մտքին: Ըստ նրա` անձեռնմխելիությունն առաջին հերթին ընդդիմությանն է պետք, քանի որ հակառակ դեպքում իշխանությունները կճնշեն նրանց: Շահերի բախման եւ հայտարարագրերի կարգավորման ուղղությամբ Հայաստանում առաջիկայում սպասվում են օրենսդրական փոփոխություններ. նախագիծն արդեն Ազգային ժողովում է: Դժվար է ասել, թե Ռումինիայի փորձը ինչքանո՞վ հաշվի կառնեն օրենքն ընդունելիս` նկատի ունենալով, որ ԱԺ պատգամավորների մեծ մասը զբաղվում է բիզնեսով եւ չի պատրաստվում հրաժարվել պատգամավորական մանդատից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել