HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքում պատգամավորները կզրկվեն մանդատից

«Հետքի» հարցերին պատասխանում է ՀՀ նախագահի օգնական, հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը

Առաջիկայում մի շարք օրենսդրական փոփոխություններ են լինելու, որոնք նպատակ ունեն կարգավորել շահերի բախումը: Դաշտը կարգավորելու համար նախատեսվում է ստեղծել նաեւ նոր մարմին: Օրենսդրական ի՞նչ փոփոխություններ են սպասվում, եւ կարգավորման ի՞նչ մեխանիզմներ են լինելու:

«Հանրային ծառայության մասին» օրենքի նախագիծն արդեն Ազգային ժողովում է: Նախագծով նախատեսված է առանձին գլուխ, որը վերաբերում է հանրային ծառայողների էթիկային եւ էթիկայի կարգավորումներին: Ըստ այդ օրենքի` հանրային ծառայողներ են համարվում ոչ միայն քաղծառայողները, այլեւ հանրապետության նախագահը, վարչապետը, նախարարները, ԱԺ պատգամավորները եւ այլ պաշտոնատար անձինք, որոնց վրա էլ տարածվում են էթիկայի կարգավորումները: Այդ կարգավորումներով նախատեսում ենք ստեղծել էթիկայի հարցերով հանձնաժողովներ պետական բոլոր մարմիններում եւ միաժամանակ ստեղծել առանձին հանձնաժողով, որը կզբաղվի բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հարցերով: Այդ տեսանկյունից հանձնաժողովը սկսելու է քննարկման առարկա դարձնել նշված պաշտոնատար անձանց էթիկայի հարցերը, ներառյալ գույքի եւ եկամուտների հայտարարագրերը եւ ֆինանսական հաշվետվողականությունը, ինչը հնարավորություն կտա քննարկման առարկա դարձնել վերջիններիս կողմից էթիկայի կանոնների պահպանման հարցերն ընդհանուր վերցրած: Միաժամանակ նախատեսում ենք որոշակի մեխանիզմներ, բնականաբար էթիկայի կանոնների խախտման համար առաջանալու է պատասխանատվություն: Դա կլինի կարգապահական, վարչական, եւ եթե խախտումը կարող է հանգեցնել քրեորեն պատժելի արարքի, ապա կլինի նաեւ քրեական պատասխանատվություն: Մեխանիզմներն արդեն նախագծված են եւ կարծում եմ, որ ԱԺ առաջիկա քառօրյայում քննարկման առարկա կդառնա նաեւ այդ հարցը: Ռումինիա կատարած մեր այցը նպատակ ուներ ուսումնասիրել միջազգային փորձը, որը համադրելի է Հայաստանի օրինակի հետ, եւ այդ տեսանկյունից մեր քննարկումները բերեցին այն համոզման, որ կան գործուն մեխանիզմներ, որոնք կարող են արդյունավետ աշխատել: Այս պահին խոսել այդ մեխանիզմի արդյունավետության մասին` վաղ է: Դա պետք է գործնականում կիրառելի դարձնել եւ որոշ ժամանակ հետո նոր քննարկման առարկա դարձնել դրա արդյունավետության չափանիշները: Ունեցել ենք էթիկայի հանձնաժողովներ, որոնք որեւէ քայլ չեն ձեռնարկել, որեւէ հարցի լուծում չեն տվել, եւ արդեն փաստ է նրանց դրսեւորած անգործությունը:

Ի՞նչ երաշխիքներ կան, որ նոր ստեղծվող էթիկայի հանձնաժողովները լիարժեք եւ ըստ էության կաշխատեն:

Այս պահին գոյություն ունեցող էթիկայի հանձնաժողովներն, իրոք, չեն աշխատում, որովհետեւ դրա համար չկա ոչ մի երաշխիք, ոչ էլ` գործուն մեխանիզմներ: Մեր առաջարկությամբ նմանատիպ էթիկայի հանձնաժողովներն ունենալու են այնպիսի կառուցվածք, որը ներքին բալանսավորում կառաջացնի եւ հետեւաբար կապահովի նրանց անկախությունը: Իսկ անկախության առկայության դեպքում հանձնաժողովներն արդյունավետ գործելու պոտենցիալ ունեն: Օրինակ` նախատեսում ենք, որ այդ հանձնաժողովների կազմը մոտավորապես ձեւավորվի ասենք` 2 ներկայացուցիչ նախարարության կամ գերատեսչության կազմից, 2-ը` հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից եւ մեկ թեկնածու էլ քաղծառայության խորհրդից: 5 հոգուց բաղկացած հանձնաժողովները, որոնք փոխադարձ բալանսավորվում են, ունեն արդյունավետ գործելու ավելի շատ պոտենցիալ հնարավորություն: Այսօր գործող էթիկայի հանձնաժողովներն արդյունավետ չեն գործում նաեւ այն պատճառով, որ չունեն բողոքներ կամ քաղաքացիներից ստացված դիմումներ քննելու իրավասություն: Այս նախագծում առաջարկում ենք, որպեսզի այդ հանձնաժողովները եւս ունենան քաղաքացիներից ստացված դիմում-բողոքներ քննելու իրավասություն` կապված տվյալ պաշտոնատար անձի էթիկայի կանոնների խախտման հետ:

Գույքի եւ եկամուտների հայտարարագրերի ուղղությամբ փոփոխություններ եղան, որոնք ուժի մեջ մտան հունվարի 1-ից: Փոփոխություններից առաջ հայտարարվեց, որ դրանց նպատակը ոլորտը բարեփոխելն է, սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Հայտարարագրեր տրամադրելու համար մտցվեցին ժամկետային սահմանափակումներ: Տրամադրվող տեղեկություններն էլ սահմանափակվեցին. չեն տրամադրվում փոխկապակցված անձի վերաբերյալ տեղեկություններ: Նոր օրենսդրական փոփոխություններով ի՞նչ է արվելու այս ուղղությամբ, եւ ինչքանո՞վ են հրապարակային լինելու հայտարարագրերը:

Ձեր բարձրացրած հարցն իրականում խնդիրներ է առաջացնում: Մենք նոր նախագծով սահմանում ենք պաշտոնատար անձի ֆինանսական հաշվետվողականության հստակ մեխանիզմ, ինչը ենթադրում է, որ պաշտոնատար անձինք լրացնեն նոր ձեւի եւ բովանդակության հայտարարագրեր, որոնք պետք է անմիջապես տեղադրվեն համապատասխան մարմնի կամ գերատեսչության ինտերնետային կայքում եւ մշտապես հասանելի լինեն հասարակությանը: Ես կարծում եմ, որ դրանով ձեր նշած խնդիրները կլուծվեն, որովհետեւ ուղղակիորեն հասանելիություն են ապահովում:

Իսկ ո՞վ է պատասխան տալու պաշտոնյայի ներկայացրած հայտարարագրի համար, եւ ո՞վ է ստուգելու` պաշտոնյան ճի՞շտ է հայտարարագիր ներկայացրել, թե՞ ոչ:

Պաշտոնյան ինքն է պատասխան տալու իր ներկայացրած հայտարարագրի համար, իսկ սուգողը լինելու է այդ էթիկայի հանձնաժողովը: Պաշտոնատար անձը, երբ ներկայացնում է հայտարարագիր, կանխավարկածն այնպիսին է, որ հայտարարագիրը ճիշտ է լրացված` եթե չկան հակառակ պնդումներ: Եթե քաղաքացին, զանգվածային լրատվության միջոցները տեղեկացնում են, որ կոնկրետ պաշտոնյան ունի գույք, որը հայտարարագրված չէ, ապա էթիկայի հանձնաժողովը հնարավորություն ունի քննարկել եւ պարզել հայտարարագրի ճշմարտացիությունը եւ իսկությանը համապատասխանելը: Որեւէ կասկած լինելու եւ դա հիմնավորելու դեպքում անմիջապես այդ նյութերն ուղարկվելու են դատախազություն կամ համապատասխան այլ իրավապահ մարմին` հստակ ընթացակարգով հարցը կարգավորելու համար:

Իսկ եթե օբյեկտիվության տեսանկյունից որեւէ մեկը դժգոհ է հանձնաժողովի աշխատանքից կամ անգործությունից, ի՞նչ է սպասվելու այդ դեպքում:

Անձը կարող է բողոքարկել էթիկայի հանձնաժողովի որոշումը Կառավարության աշխատակազմի էթիկայի հանձնաժողով: Դե ֆակտո մենք ստեղծել ենք երկրորդ ատյան, որպեսզի դա քննարկման առարկա հանդիսանա: Երկրորդ` հաշվի ենք առել, որ այդ էթիկայի հանձնաժողովի գործունեությունը վերաբերում է ոչ թե մարդու իրավունքի պաշտպանությանը կամ խախտմանը, այլ պետական մարմինների եւ պաշտոնատար անձանց արդյունավետ գործունեությանը: Մենք կարծում ենք, որ քաղաքացին դա չի կարող դատարանում բողոքարկման առարկա դարձնել, որովհետեւ դատարան դիմում են այն դեպքում, եթե խախտվում է անձի իրավունքը: Իսկ պաշտոնատար անձի կողմից էթիկայի կանոնի խախտումը բոլոր դեպքերում չէ, որ կհանգեցնի մարդու իրավունքների խախտման: Ընդհանրապես, աշխարհում նման փորձ էլ չկա:

Մեր Սահմանադրությունն արգելում է, որ պատգամավորը զբաղվի բիզնեսով, սակայն այսօր ԱԺ պատգամավորների զգալի մասը զբաղվում է բիզնեսով: Նոր օրենքն ինչպե՞ս է կարգավորելու բիզնեսով զբաղվող անձեռնմխելի պատգամավորի հարցը:

Մենք պետք է տարանջատենք անձեռնմխելիությունը բիզնեսով զբաղվելուց, որովհետեւ դրանք, իմ կարծիքով, փոխադարձ կապի մեջ չեն: Այո, բիզնեսով զբաղվելը Սահմանադրությամբ արգելված է: Միաժամանակ մեր օրենսդրությունը, մասնավորապես Քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է, թե ինչ է նշանակում ձեռնարկատիրական գործունեության իրականացում: Իրոք, ունենք բազմաթիվ դեպքեր, երբ պատգամավորները փաստացի զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ, բայց իրավական տեսակետից չենք կարող ասել, որ դա ձեռնարկատիրական գործունեություն է, որովհետեւ ձեռնարկատիրական գործունեություն չի դիտվում, պայմանականորեն ասած, ՓԲԸ-ի բաժնետերերի խորհրդի նախագահի պաշտոն զբաղեցնելը: Ավելին, մենք բոլորս գիտենք, որ ձեռնարկատիրական գործունեությամբ, այնուամենայնիվ, այդ մարդիկ զբաղվում են երրորդ անձանց միջոցով: Ինչ վերաբերում է անձեռնմխելիությանը, ապա մեր պատգամավորների անձեռնմխելիությունը բավականին օրինաչափ ու անհրաժեշտ է, եւ դա չի կապվում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հետ: Հանձնաժողովի գործունեությունը, այնուհանդերձ, կարող է դրական տեղաշարժեր առաջացնել` հաշվի առնելով, որ հանձնաժողովը լինելու է այն սուբյեկտը, որը քննելու է պատգամավորի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունը, այդ թվում` միջնորդավորված եղանակով: Օրինակ` եթե հանձնաժողովը պարզեց, որ պատգամավորը դե ֆակտո զբաղվում է ձեռնարկատիրությամբ եւ եկամուտ է ստանում իր կողմից փաստացի կառավարվող, բայց այլ անձի կողմից իրավաբանորեն կառավարվող ձեռնարկությունից, ապա այդ նյութերը կարող են ուղարկվել դատախազություն կամ այլ իրավապահ մարմին, արդյունքում դա կարող է հանգեցնել պատգամավորի մանդատի դադարեցմանը:

Կարծես վերահսկողությունից դուրս են մնացել պետության առաջին դեմքերը`` հանրապետության նախագահը, ԱԺ նախագահը եւ վարչապետը: Նոր ստեղծվող էթիկայի հանձնաժողովները ինչքանո՞վ են վերահսկելու նաեւ նրանց գործունեությունը:

Ամբողջությամբ: Անկախ հանձնաժողովն է քննելու բարձրաստիճան պաշտոնյայի էթիկայի հարցերը, այդ թվում` ձեր նշած պաշտոնատար անձանց: Փորձում ենք ապահովել այդ հանձնաժողովի ինստիտուցիոնալ անկախությունը, որպեսզի այն որեւէ հարցով կաշկանդված չլինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter