Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի տնօրենի առեղծվածային անհետացումը
Լոռու մարզի Ախթալա քաղաքի Լեռնահարստացման կոմբինատի նախկին տնօրեն Գագիկ Ազատյանը 2009 թ. մայիսի 25-ին Երեւանի իր բնակարանից դուրս է եկել եւ այլեւս չի վերադարձել: Նա Լոռու մարզի Ախթալայի եւ Շամլուղի հանքերի նախկին պետ Հրաչիկ Ազատյանի որդին է: Հրաչիկ Ազատյանը այստեղ հանքերի պետ է աշխատել 1970-ից մինչեւ 1980-ական թվականները:
Գագիկ Ազատյանը Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի տնօրեն է աշխատել, 1995 թ. եւ 2000-2002 թթ.: Ախթալացիներից շատերը Գագիկ Ազատյանի անհետացման մասին խոսելիս, նկատի ունենալով վերջին տարիներին նրա եւ Ախթալայի «Մեթըլ Փրինս» ընկերության բաժնետեր Սերոբ Տեր-Պողոսյանի միջեւ ծագած դատական վեճերը, գտնում են, որ նախկին տնօրենը ուղղակի Սերոբ Տեր-Պողոսյանի «զոհն» է դարձել:
Իհարկե, այս մասին խոսում են նեղ շրջանակներում եւ շշուկով, քանի որ ինչպես նրանք, այնպես էլ Գագիկ Ազատյանի Ալավերդիում բնակվող հարազատները վախենում են այդ կապակցությամբ մեկնաբանություններ տալ:
Գ. Ազատյանի հարազատները մինչեւ վերջերս իրենց հարազատի խորհրդավոր անհետացման մասին մեր հարցերին հրաժարվել են պատասխանել` պատճառաբանելով, թե Երեւանի քննիչները իրենց հույս են տալիս արագ բացահայտել նրա գտնվելու վայրը:
Սակայն մարտի 7-ին մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում Գագիկ Ազատյանի հորեղբայրը` Լոռու մարզում ճանաչված շինարար Մարտուն Ազատյանը, պատմեց, որ Սերոբ Տեր-Պողոսյանը Գագիկ Ազատյանին մեղադրել է 2000-2002 թթ. Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի տնօրեն աշխատած տարիներին կոմբինատի ֆինանսական միջոցներից 200 հազար ԱՄՆ դոլար հափշտակելու մեջ:
Նա 2007 թ. հայց է ներկայացրել Լոռու մարզի առաջին ատյանի դատարան: «Հայցից հետո Գագիկը ձերբակալվել է, իսկ դատարանի վճռից հետո ազատ է արձակվել: Նախաքննության ընթացքում քննիչը զարմանում էր Սերոբ Տեր-Պողոսյանի հայցում Գագիկին 200 հազար ԱՄՆ դոլար գումարի յուրացման մեղադրանքի համար:
Դատարանը պարզել է, որ Գագիկի պակասորդը կազմում է ընդամենը 35 հազար ԱՄՆ դոլար, որն էլ նա, դատարանի վճռից հետո, կոմբինատի` իրեն պարտք աշխատավարձի հաշվին ետ է վերադարձրել: Անցավ մի որոշ ժամանակ, Սերոբը նորից դատի տվեց»,- պատմեց 80-ամյա Մարտուն Ազատյանը:
Նշենք, որ վերջին օրերին Ախթալայում եւ Ալավերդիում լուրեր են շրջանառվում, թե մայիսի 25-ին Գագիկ Ազատյանին հեռախոսով դուրս է կանչել «Մեթըլ Փրինս» ընկերությանը պատկանող Ստեփանավանի Արմանիսի հանքավայրի մոլոկան պահակը: Նրա հեռախոսազանգից հետո Գագիկ Ազատյանը տնից անմիջապես դուրս է եկել եւ այլեւս չի վերադարձել:
«Գագիկից ոչ մի տեղեկություն չունենք, քննիչն առայժմ դադարեցրել է քննությունը: Քննիչը կանչել է էդ մոլոկանին: Ես էլ եմ խոսել մոլոկանի հետ, ասում է` ես զանգել եմ, կանչել եմ, բայց չեմ հանդիպել: Քննիչը Սերոբին էլ է կանչել»,- պատմեց Մարտուն Ազատյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի խորհրդական, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանը իրավապահ մարմինների կողմից, «Հետքի» աղբյուրի համաձայն, հարցաքննվել է երկու անգամ: Ինքը` Սերոբ Տեր-Պողոսյանը, սերտ հարաբերությունների մեջ է գտնվում Լոռու մարզի բարձրաստիճան իրավապահների հետ:
Ալավերդիում բոլորը գիտեն, որ Թումանյանի ոստիկանության շենքի վերանորգման համար Սերոբ Տեր-Պողոսյանը հատկացրել է 15 հազար դոլար: Նա տարբեր հանդիպումներում շեշտել է, որ դա իր նվերն է ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին:
Ոստիկանությունն առանձնակի վերբերմունք ունի Սերոբ Տեր-Պողոսյանի նկատմամբ եւ ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի հանկարծ նրա անունը չկապվի որեւէ «գործի» հետ:
Թե որքանո՞վ դա նրանց կհաջողվի, դժվար է ասել: Սերոբ Տեր-Պողոսյանը խնդիրներ է ունեցել նաեւ իր ռուս համասեփականատերերի հետ:
Նրանք արդեն չեն ցանկանում համատեղ աշխատել եւ հրաժարվել են Ախթալայի եւ Շամլուղի հանքավայրերից` դրանք թողնելով Սերոբ Տեր-Պողոսյանին, նրա կնոջը եւ կնոջ եղբայրներին (վերջիններիս է պատկանում «Մեթըլ Փրինս» ընկերության 19 տոկոսը):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել