HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեքսանդր Իռադյան. «Երաժշտությունն է ինձ ընտրել, ոչ թե ես նրան»

Ալեքսանդր Իռադյանի հետ ծանոթացա հարցազրույցներից մեկի ժամանակ: Նրան ներկայացնելով` ասացին, որ պատրաստվում է մեկնել միջազգային երաժշտական մրցույթի: Երբ խնդրեցի այդ մասին հարցազրույց տալ, նա հրաժարվեց` ասելով. «Մինչեւ որեւէ մրցանակ չստանամ, ոչ մի հարցազրույց չեմ կարող տալ»:

Այս խոսակցությունից երկու շաբաթ հետո Եկատերինբուրգում կայացած խմբավարային երաժշտագիտական եւ կոմպոզիտորական ընդհանուր դաշնամուրային պատրաստվածության 2-րդ միջազգային մրցույթում նա ստացել էր «Գրան պրի» մրցանակ: Մրցույթի մոտ 40 մասնակիցները ներկայացրել են ԱՊՀ երկրները: Ալեքսանդրը 19 տարեկան է, սովորում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 3-րդ կուրսում: Ես իմացա, որ պետք է մրցույթի մասնակցեմ հոկտեմբեր ամսին, ինձ այդ մասին ասաց պրոֆեսոր Արմինե Նաղդյանը: Ես, իհարկե, համաձայնեցի: Ֆինանսական խնդիր կար` ինչպես պետք է գնայի, ով պետք է ֆինանսավորեր: Ի վերջո, այդ խնդիրներն իրենց վրա վերցրին կոնսերվատորիան եւ մշակույթի նախարարությունը: Ընտրեցինք բարդ ծրագիր: 1-ին փուլում նվագեցի Շոստակովիչի գործերից: Նա սիմֆոնիկ նվագող է, դաշնակահար չէ, ու նվագել այն դաշնամուրով` նշանակում էր ողջ սիմֆոնիկ երաժշտությունը բերել դաշնամուրի մեջ տեղավորել: Ես պարզապես ինձ սկսեցի զգալ դիրիժոր, պատկերացնել, որ կառավարում եմ նվագախումբ: Երկար ժամանակ չէի կարողանում դա զգալ: Հասկանալ նրան շատ դժվար էր: Նրանից անմիջապես հետո պետք է կատարեի Պրոկոֆեւի գործերից` դաշնամուրային երաժշտություն, բայց, ի վերջո, դա էլ հաջողվեց: 2-րդ փուլում ես նվագեցի իմ ստեղծագործությունը` «Եռապատ». երեք հոգեվիճակ, երեք տրամադրություն, երեք տարբեր մարդիկ: Ամեն մարդ իր ձեւով է հասկանում, մարդ պիտի լսի, չեմ կարող ասել` ինչպիսին է այն: Մարդկանց դրական արձագանքից մտածեցի` գուցե հաջողվի մրցանակային որեւէ տեղ զբաղեցնել, քանի որ մարդիկ մոտենում, հարցնում էին, թե ով եմ ես, հետաքրքրվում էին իմ երաժշտությամբ: 3-րդ փուլում նվագեցի Սկրյաբինի «12-րդ էտյուդը», ապա` Լիստի «Մեֆիստովալսը» եւ եզրափակեցի Կոմիտասի թեմաներից մեկով` Սարաջյանի մշակմամբ:

Իսկ ի՞նչ զգացողություն ուենցար` իմանալով, որ դու ես «Գրան պրի» ստացողը, եւ սպասելի՞ էր, արդյոք, այդ հաղթանակը:

Աննկարագրելի զգացողություն էր: Երբ բոլոր երկրների անունների վերեւում տեսա Հայաստան, սառեցի: Երկու ժամ շոկի մեջ էի, չէի հավատում: Անմոռանալի է: Ինձ մոտենում էին, շնորհավորում, ձեռքս սեղմում... Հասկացա, որ կարողացել եմ փոխանցել իմ ուզածը:

Ինչպե՞ս է ծնվում երաժշտությունը:

Չգիտեմ, ուղղակի լսում եմ: Իմ գլխի մեջ այդ ամենը հնչում է: Նույնիսկ եթե կատարման ժամանակ դա տարբերվում է, ապա ոչ թե ես ճիշտ չեմ գրել, այլ իրենք են ինչ-որ բան սխալ նվագում: Վերջնական տարբերակում ես գիտեմ` դա է ճիշտը, հնարավոր չէ` ես սխալ լսեմ: Գրելիս պատկերացնում եմ` որտեղ է այն կատարվում, ով է չափ տալիս, ինչ են զգում դահլիճում նստածները: Եթե ես դա չհաշվարկեմ, թե ինչպիսի ազդեցություն է ունենում դահլիճում նստած մարդու վրա, ես չեմ գրի, որովհետեւ այն պետք է ինչ-որ բան տա լսողին: Ունկնդրի մեջ ինձ անհրաժեշտ էմոցիաներ առաջացնել. սա եմ ուզում: Ես ուզում եմ վախ առաջացնի, առաջացնում է, եթե ես վախենում եմ, իրենք էլ կվախենան, եթե ես ուրախանում եմ, ուրեմն լսողն էլ կուրախանա: Ես գրում եմ սիմֆոնիկ երաժշտություն ու չեմ հասկանում` ինչպես կարող է մարդ նստի դաշնամուրի առաջ ու գրի սիմֆոնիկ երաժշտություն: Ես գրում եմ սեղանի առաջ նստած: Վերջին 3 տարվա ընթացքում չեմ մոտեցել դաշնամուրին, որ նվագեմ իմ գրածը: Նստում եմ սեղանի մոտ, լսում եմ, պատկերացնում եմ ու տեսնում եմ նվագախմբի կազմը, տեսնում եմ ամեն ինչ, ես արդեն ներկայանում եմ իբրեւ դիրիժոր: Ես իմ երաժշտությունը միշտ լսում եմ կողքից: Դրանք եւ իմն են, եւ իմը չեն: Եթե մարդիկ հիանում են դրանով, ուրեմն այն այլեւս իմը չէ: Ես նվագեցի, այն գնաց:

Սովորում ես կոմպոզիցիայի բաժնում, իսկ ինչու՞ ընտրեցիր հենց այդ բաժինը:

Ես չեմ ընտրել, կոմպոզիցիան է ընտրել ինձ: Առհասարակ, երաժշտությունն է ինձ ընտրել, ես չեմ ընտրել: Սկզբում ուղղակի մանկական երաժշտություն էր, նույնիսկ կոմպոզիցիա էլ չէր, ընդամենը ինչ-որ բաներ էին: Մի օր երաժշտական դպրոցում, որտեղ երգչախմբի դասընթաց էինք անցնում, դասի վերջում ես խնդրեցի լսել իմ ստեղծագործությունը: Ես հիշում եմ, թե ինչպես ողջ դասարանը` մոտ 80 հոգի, վեր կացավ, ծափահարեց: Երեւի հենց դա էր, որ խթան դարձավ, որ կոմպոզիցիան ինձ գտնի: Քիչ-քիչ սկսեցի գրել, ցույց տալ տարբեր մարդկանց, այդպես պարզ դարձավ իմ ուղին: Երաժշտական հակումներս ի հայտ եկան 6-7 տարեկանում, սկսեցի վոկալի գնալ, բայց դաշնամուր սկսել եմ նվագել բավականին ուշ: Ես երբեք միտք չեմ ունեցել նվագել դաշնամուրով: Դժվարությամբ եմ գրում հենց դաշնամուրի մոտ: Ինձ երաժշտությունն է թելադրում` ինչ պետք է անեմ, ինչ գործիք է պետք, որ արտահայտի իմ լսածը: Ես ուրախ եմ, որ երաժիշտ եմ, ոչ թե նկարիչ: Նկարիչ ընկերներիցս մեկն ասում է, որ երբ նկարում է, դրանք կարծես հարազատ են դառնում, երեխաների նման, հետո դրանք վաճառում է ու դժվար է բաժանվում իր նկարներից: Իսկ ես պահում եմ, դրանք ինձ մոտ են մնում, մնում են իմ գլխում, իսկ ձեռքիս տակ` հենց օրիգինալ նոտաները: Ծանր կլիներ դրանց հրաժեշտ տալը:

Մարիամ Մուղդուսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter