«Փոքր ախպերը» սահմանագոտում
Ամեն անգամ Բարեկամավանից հեռանում եմ ծանր ապրումներով, կարծես փոքր եղբորս թողել եմ կռվի դաշտում եւ հեռանում եմ: Հնամենի Թաքնագյուղը հայոց սահմանին ամրոց է, որի թիկունքը պետք է ամուր պահել: Բարեկամավանը Տավուշի մարզի, ինչու չէ` Հայաստանի ամենահեռավոր, վտանգավոր տարածքում գտնվող գյուղն է:
Այն Նոյեմբերյան քաղաքից հեռու է 33, մարզկենտրոն Իջեւանից` 60 կմ: Գյուղից Նոյեմբերյան մեկնող ավտոբուսի տոմսի գինը 600 դրամ է, ինչը քիչ չէ կարիքի մեջ ապրող բարեկամավանցիների համար: Շաբաթվա մեջ 5 օր (բացի հինգշաբթի եւ շաբաթ օրերից) ավտոբուսը հարեւան Կոթիից գալիս է գյուղ եւ բարեկամավանցիների վերցնելով` ուղեւորվում Նոյեմբերյան, կեսօրից հետո վերադառնում: Իջեւան մեկնելու համար մոտ 8 կմ պետք է կտրել, հասնել Կոթի եւ հասցնել նստել մարզկենտրոն մեկնող ավտոբուսը: Հայաստանի անկախանալուց հետո Բարեկամավանից շատերն են գաղթել: Գաղթել են ադրբեջանական զինուժի հաճախակի կրակոցների, սակայն ավելի շատ` աշխատանք չունենալու պատճառով: Ներկայումս բարեկամավանցի 26 ընտանիք ընտանեկան նպաստ, 3-ը հրատապ դրամական օգնություն է ստանում: Բարեկամավանում իմ գտնվելու ժամանակ էլ կրակոցներ էին հնչում: Գյուղացիներն ասացին, որ սովորական երեւույթ է, ողջ գյուղն է ադրբեջանական գնդակոծության թիրախ: Ադրբեջանական ռմբակոծությունից վնասված տների մի մասը տանտերերը մի կերպ նորոգել, դրանցում ապրում են: Գյուղապետարանից տեղեկացա, որ հրետակոծությունից տուժած եւ չվերանորոգված 10 տուն հաշվառվել է պետական օժանդակության ցանկում, եւ հույս կա, որ փոխհատուցում կլինի:
Գյուղում վերջին 2 տարում մի վատ երեւույթ է առկա: Այստեղից հեռացած բարեկամավանցիներն էժան գնով, որպես շինանյութ վաճառել են տները: Այժմ այդ պատճառով մի քանի տուն կա քանդված: Բարեկամավանի 160 առանձնատների կեսի դռները հիմա փակ են: Հեռավոր, վտանգավոր բնակավայր հազվադեպ է լրագրող գալիս, ուստի ինձ տեսնելով` մարդիկ գյուղամեջում հավաքվեցին` իրենց դժգոհությունները հայտնելու:
75 տարեկան Հրանտ Հասրաթյանը բողոքում է. «Ձորի մեջ սարերով փակված ենք: Այստեղից դուք Հայաստանի որեւէ տարածք տեսնու՞մ եք, այնպես էլ Հայաստանից մեզ չեն տեսնում: Կտրված ենք աշխարհից: Գյուղում ընդամենը մի քանի ջահել է մնացել, նրանք էլ սոված այստեղ են»: «Մեր արոտավայրերը սահմանի վրա են, անասուններն արածեցնելու տեղ չունենք, ապրանքը չենք կարողանում ջրելու տանել, մեր սահմանապահների շները հարձակվում են կենդանիների վրա, շներին գոնե միայն գիշերը արձակեին»,- սրտնեղում է կենսաթոշակառու Վազգեն Մեհրաբյանը: Համայնքապետ Գարիկ Աբազյանի աշխատասենյակում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի լուսանկարն է` սահմանապահների հետ: Գարիկ Աբազյանի վկայությամբ` նախարարը երկու անգամ Բարեկամավան է այցելել: Պաշտպանության նախարարության ֆինանսավորմամբ բարեկամավանցի մի ազատամարտիկի համար, ով բազմանդամ ընտանիք ունի, գյուղում տուն է կառուցվել: Սահմանամերձ գյուղի շուրջ 400 հա վարելահողերից 60 հա-ն գտնվում է ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ, մնացած հողերն էլ հակառակորդի նշանառության ներքո լինելով` չեն մշակվում: Նախկինում փորձել են ազերիների կրակի տակ հող մշակել, սակայն 1996 թ. շարքացանի մոտ Սերյոժա Վիրաբյանի սպանվելուց հետո այլեւս չեն փորձում: Փաստորեն, գյուղի միայն տնամերձերն են մշակվում: Դրա դիմաց համայնքապետարանը 211 հազար դրամ հողի հարկ է գանձում:
Բարեկամավանի համայնքապետ Գարիկ Աբազյանը կարծում է, որ ճիշտ չէ սահմանի եզրին, ծանր պայմաններում ապրող մարդկանցից տնամերձի հարկ վերցնել: Նրա կարծիքով` այդչափ պետք է ավելացվի պետբյուջեից Բարեկամավանին տրվող լրավճարը: Համայնքապետարանի հաշվապահ Մարինե Ղարաքեշիշյանը հայտնեց, որ չմշակվող հողերի համար պետբյուջեից 906 հազար դրամ լրավճար է հատկացվում: Բարեկամավանի 2010-ի բյուջեն 8 մլն 195 հազար դրամ է, որից պետական լրավճարը` 5 մլն 720 հազար, համայնքի սեփական եկամուտները` 575 հազար դրամ: Անցյալ տարի հողի հարկը եւ գույքահարկն ամբողջությամբ գանձվել են: 2008 թ. հոկտեմբերի 19-ից համայնքը ղեկավարող Գարիկ Աբազյանն ասում է, որ համայնքը ոռոգման եւ խմելու ջուր չունի: Մի քանի տարի առաջ Փախստականների նորվեգական խորհրդի ֆինանսավորմամբ 3.5 կմ խմելու ջրագիծ է կառուցվել: Սակայն Գավառից շինարարները գործն անորակ են արել, ջրագիծը մի տարի էլ չի աշխատել: Շինարարները այդ ջրագծի ջրամբարը կառուցել են հնավայրի վրա: Բարեկամավանի դպրոցի պատմության ուսուցիչ Յուրա Չիթչյանը տեղեկացնում է, որ ջրամբարի տարածքից 2 կոտրված կարաս է դուրս եկել, եւս 8-ը շինարարները ծածկել են կառույցի հիմքում: Բարեկամավանցիներն օգտվում են թաղերում գտնվող 4 աղբյուրներից, սակայն ամռան տապին դրանց ջուրը շատ է նվազում: 1980-կան թվականների սկզբին 1100 բնակիչ ունեցող գյուղում հիմա 453 մարդ է ապրում: Համայնքապետարանի քարտուղար Խալաթ Մարտիրոսյանը ներկայացնում է ծնունդների եւ մահերի տխուր վիճակագրությունը. 2008-ին 15 մահ է եղել, 2 ծնունդ, անցյալ տարի` 10 մահ, 3 ծնունդ, ընթացիկ տարում` 3 մահ եւ ոչ մի ծնունդ: 2009 թ. սեպտեմբերին Բարեկամավանի միջնակարգ դպրոցում առաջին դասարան չի եղել, 2010-ի աշնանն էլ չի սպասվում: Մինչդեռ 1970-ական թվականների սկզբին տեղի ութամյա դպրոցն ունեցել է 350 աշակերտ: Հիմա Բարեկամավանի միջնակարգ դպրոցում սովորողների քանակը 10 անգամ պակաս է` 35 աշակերտ: Այս տարի դպրոցը միայն մեկ շրջանավարտ է ունենալու` Մերի Շահինյանը: Գյուղի պաշտպանության դիրքերում զոհված բարեկամավանցի Մայիս Ղարաքեշիշյանի անունը կրող կրթօջախի տնօրեն Աստղիկ Ազատյանն ասում է, որ 1-3 եւ 2-4, 10-11 դասարանները երկկոմպլեկտ են, այստեղ նաեւ խտացված դասեր են անցկացնում, օրինակ` «Հայ ժողովրդի պատմության» դասաժամը համատեղում են «Հայ եկեղեցու պատմության» հետ: 1998-ին պետբյուջեի 10 մլն դրամով նորոգել են դպրոցի շենքը: Դպրոցի տնօրենը դժգոհ է մնացել նորոգման որակից, բողոքել շինարարների դեմ, սակայն` անօգուտ: Հիմա էլ տեսանելի են ադրբեջանական ռմբակոծության հետքերը, տանիքը ծակ է, որոշ դասասենյակներ, օրինակ ռազմագիտության կաբինետը, տուժել են անձրեւներից: Բարեկամավանում երիտասարդներ քիչ են մնացել: Նրանց համար ժամանցի, հանգստի ոչ մի հնարավորություն չկա:
Մշակույթի տունը կարծես անցյալ դարի 30-ական թվականների կոլխոզի գրասենյակ լինի, այն էլ` մի քանի տեղից ռմբահարված, կտուրի մի մասը քանդված է: Գյուղի դպրոցում տեղադրված սարքավորման միջոցով վերահեռարձակվում է հիմնականում սփյուռքի համար սփռվող արբանյակային Հ1-ը, նաեւ` ռուսական «ՌՏՌ Պլանետան»: «Հայաստանի համար սփյուռք ենք դարձել»,- տխուր կատակում է Խալաթ Մարտիրոսյանը: Հայաստանի սահմանի այս հատվածի եթերում առկա է վրացական 7-8 հեռուստաալիք: Բարեկամավանում ով ֆինանսական հնարավորությունի ունի` մոտ 25 ընտանիք, արբանյակային ալեհավաք է տեղադրել: Համայնքապետ Գ. Աբազյանը հիմնահարցերի ներկայացմանը զուգահեռ նշում է նաեւ համայնքում կատարված աշխատանքները. 2004-ին ԻՖԱԴ կազմակերպության ֆինանսավորմամբ կառուցվել է Ոսկեվան-Կոթի-Բարեկամավան ճանապարհը, որը կարեւոր է գյուղը մայրուղուն կապելու համար, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը նորոգել է բուժկետը, հագեցրել գույքով եւ առաջնային օգնության դեղամիջոցներով, Համաշխարհային բանկի վարկավորմամբ համայնքը մի քանի փուլով գյուղտեխնիկա է ստացել` մինի տրակտոր, գութան, շարքացան, կուլտիվատոր, մամլիչ-բարդուցիչ, էքսկավատոր եւ այլն: 17.9 մլն դրամ արժեքով այդ ծրագրում համայնքի ներդրումը` 1.2 մլն դրամ, կատարել է ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանը, որի համար բարեկամավանցիները երախտապարտ են: Համայնքի ղեկավարն ասում է, որ գյուղի խնդիրները լուծելուն օգնում է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ով վերջին մեկուկես տարում 3 անգամ Բարեկամավան է այցելել: Գարիկ Աբազյանը կարծում է, որ հանրապետության գործարարները, բարեգործները պետք է հնարավորինս օգնեն Բարեկամավանին, քանզի այս գյուղը երկրի համար ռազմավարական նշանակություն ունի: Վերջերս Տավուշի մարզխորհրդի նիստում Գ. Աբազյանը հայտարարեց, որ գյուղի նկատմամբ Կառավարության ուշադրությունն է հարկավոր: ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն ասաց, որ առաջիկայում ինքը կլինի Բարեկամավանում, տեղում կքննարկվեն գյուղի խնդիրները: «Այս տարին կարող ենք հայտարարել Բարեկամավանի տարի»,- եզրափակել է Արմեն Գեւորգյանը: 29-ամյա Գարիկ Աբազյանը Կառավարման ակադեմիայի իրավագիտության մագիստրատուրան ավարտելուց հետո 2007 թ. հայրենի գյուղ է վերադարձել, ապրում է ծնողների եւ եղբոր հետ: Համայնքի ղեկավարը դեռ չի ամուսնացել` հույս ունենալով, որ հայրենի շենում կյանքի պայմանները փոքր-ինչ կբարելավվեն: Իսկ փոքրիկ Բարեկամավանում մի ամուսնությունը, մեկ երեխայի ծնունդն էլ մեծ իրադարձություն են:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել