Վիճել են
«ՀԺ»-ի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Փարիզում կայացած Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հանդիպման ժամանակ երկյակը լուրջ վեճ է ունեցել: Ըստ թերթի աղբյուրների` Քոչարյանը պահանջել է, որ Սարգսյանն իրեն վարչապետ նշանակի: Քոչարյանը հիմնավորել է, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից բոլոր առումներով` և' ներքաղաքական, և' արտաքին քաղաքական, ու պետք է համարժեք քայլեր ձեռնարկել:
Սերժ Սարգսյանը, սակայն, ինչպես պնդում են թերթի աղբյուրները, հրաժարվել է կատարել Ռոբերտ Քոչարյանի պահանջը, ինչի արդյունքում էլ վեճը տեղի է ունեցել:
Թերթին աղբյուրները փոխանցում են նաև, որ Երևան գալուց հետո Սերժ Սարգսյանը զանգել է Ռուսաստան և ներկայացրել Քոչարյանի պահանջները: Քոչարյանն էլ իր հերթին է զանգել Ռուսաստան և բողոքել Սերժ Սարգսյանից: Թե ինչով կավարտվի հայտնի զույգի այս վիճաբանությունը, դեռ դժվար է ասել:
Պատգամավորները մարզվում են
«Չորրորդ ինքնիշխանության» և ԱԺ պատգամավորներից մեկի նախաձեռնությամբ մոտ ժամանակներս պատգամավորները և լրագրողները իրենց ուժերը կփորձեն ֆուտբոլ խաղալով: Լրագրողների թիմը բավականին լավ մարզավիճակում է և պատրաստ պատգամավորների հետ կայանալիք խաղին:
Իսկ ահա պատգամավորները դեռ մարզվում են: Շուրջ մեկ ամիս է, ինչ տարբեր դահլիճներում ԱԺ պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը, Վահե Հակոբյանը, Շիրակ Թորոսյանը, Արծվիկ Մինասյանը, Արմեն Մարտիրոսյանը, Հովհաննես Սահակյանը, Կարեն Ավագյանը, Գագիկ Մելիքյանը և այլք «ֆուտբոլ են պարապում»: Նրանք թեև պնդում են, որ իրենց համար միևնույն է` կհաղթեն, թե ոչ, բայց փաստն այն է, որ լուրջ պատրաստվում են:
Պատգամավորներն այս թեմայով խոսելիս նույնիսկ կատակում են միմյանց հետ: Երբ գործարար պատգամավորներից մեկն ասաց, թե ինքը ևս ցանկանում է ընդգրկվել պատգամավորների թիմում, երիտասարդ հանրապետականներն ասացին, թե «դու փողը տուր, մենք կվազենք էլ, կլխաղանք էլ»:
Հուսով ենք, որ այսպիսի «ջան-ջիգյարի» մթնոլորտում էլ կանցնի լրագրողներ-պատգամավորներ թիմերի ֆուտբոլը, որի համար պատգամավորներին մեկ պայման կա առաջադրված լրագրողների կողմից. եթե խաղում հաղթի լրագրողների թիմը, ապա բոլոր լրատվամիջոցներով այդ տեղեկատվությունը կտարածվի, իսկ եթե պատգամավորները հաղթեն, ապա որևէ լրատվամիջոց չպետք է հրապարակի այդ «պարտության լուրը»: Պատգամավորները սիրով համաձայնել են այս պայմանին` ավելացնելով, թե անկախ խաղի արդյունքներից` լրագրողների թիմին պատգամավորները «պատիվ կտան»:
Դարձ ի շրջանս յուր
«168 ժամի» տեղեկություններով, «Ժառանգությունում» որոշել են հետ ընդունել կուսակցությունից հեռացված Վարդան Խաչատրյանին: Հիշեցնենք, որ նրան կուսակցությունից հեռացրել էին սեպտեմբերին, և կարճ ժամանակ անց նա անդամակցել էր ՍԴՀԿ-ին:
Մեր աղբյուրների համաձայն` «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը Վ. Խաչատրյանին ետ կանչելու ծրագիրը վերջերս քննարկել է ԱԺ ղեկավարության հետ: Ընդ որում, ծրագրվում է «Ժառանգություն» ընդունել նաև Ժիրայր Սէֆիլյանին, ով ՀԱԿ անդամ է: Այսպիսով, նաև ինչ-որ կերպ ՀԱԿ-ից գործիչներ պոկելու փորձ է արվում:
Հիշեցնենք, որ Ժ. Սէֆիլյանը «Սարդարապատ» շարժման շրջանակներում սկտիվորեն համագործակցում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ, և բողոքի շատ ակցիներ նրանք կազմակերպում են միասին:
Թուրքիան սպառնում է
Այսօր ծրագրվում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Անգլիա: Լոնդոնում իր անգլիացի պաշտոնակից Գորդոն Բրաունի հետ հանդիպման օրակարգի գլխավոր հարցերից մեկը Անգլիայի Համայնքների պալատում ապրիլի 30-ին քննարկվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման օրիագիծն է:
Ենթադրվում է, որ Թուրքիայի վարչապետը Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման հետ կապված «զգուշացումներ» կանի Լոնդոնում: «Այդ շրջանակում էրդողանը կընդգծի, որ օրինագծի վավերացումը կվնասի երկկողմ հարաբերություններին և կսառեցնի թուրք-հայկական հարաբերությունների նորմալացման գործընթացը»,- նշում են թուրքական լրատվամիջոցները:
«Թթի օղու» գործոնը Ղարաբաղի հարցում
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեն Երևանում անցկացված ՆԱՏՕ-ի ԽՎ «Ռոուզ-Ռոթ» համաժաղովի ժամանակ անհավանական էր համարել պատերազմի վերսկսումը և ի թիվս այլ փաստարկների` նշել էր նաև այն, որ ինքը ծանոթ է հայ մարտիկների, մասնավորապես ղարանբաղցի մարտիկների խիզախությանը:
Այս միտքը դժգոհություն է առաջացրել Բաքվում: Հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը` ասելով, որ հարմար պահի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը այս մասին կխոսի պարոն Ֆասիեի հետ: «Թրենդ» գործակալության փոխանցմամբ` պաշտոնական Բաքուն ցանկանում է պարզել, թե ինչ նկատի ունի ֆրանսիացի համանախագահը:
day.az-ի հետ զրույցում քաղզաքագետ Վաֆա Գուլուզադեն ասել է. «Այդ հայտարարությունից 2 բան կարելի է եզրակացնել` կամ նա եղել է ալկոհոլի ազդեցության տակ, կամ Ֆասիեի մոտ բացակայում է դիվանագիտական որակավորումը: Սակայն, կարծում եմ` դա թթի օղու աղդեցությունն էր»:
Թեպետ Բեռնար Ֆասիեն դեռ չի արձագանքել Բաքվի այս մեղադրանքներին, սակայն «Առավոտի» թղթակիցը, որը լուսաբանել է այդ համաժողովի աշխատանքները, վկայում է, որ պարոն Ֆասիեն այդ օրը միանգամայն սթափ վիճակում էր, և նրանց օղու կամ այլ ոգելից խմիչքի հոտ չէր գալիս:
Իսպանիայում պայքարում են ռուսական մաֆիայի դեմն, որում կան նաև հայեր և վրացիներ
Իսպանական LaVaguardia թերթի տեղեկացմամբ` Իսպանիայում ոստիկանությունը խոր գործողություններ է իրականացնում ընդդեմ ռուսական մաֆիայի: Թերթը նշում է, որ այս գործողությունը ամբողջ Եվրամիության տարածքում ընդդեմ ռուսական մաֆիայի իրականացվող 69 գործողություններից մեկն է: Ընդ որում, արդեն ձերբակալվել է 24 մարդ, որոնց մեջ կան Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներ:
Այժմ իսպանական ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում Մադրիդում, Բարսելոնում և Վալենսիայում գտնվող որոշ կառույցներում:
«Նաիրիտը»` գույք` պարտի դիմաց
«Նաիրիտ» գործարանը պարբերաբար հոսանքազրկվում է: Վերջին անգամ եղել է մարտի 10-ին: «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը մի քանի օրով հոսանքազրկել է «Նաիրիտի» մի հատվածը` 829 մլն դրամի պարտքի դիմեց: Պարապուրդի հետևանքով գործարանն ահռելի կորուստներ է ունեցել:
Ըստ թերթի տեղեկությունների, սակայն, հոսանքի պարտքը պաշտոնական պատճառաբանություն է: Իրականում «Նաիրիտը» ֆինանսական խնդիրներ ունի ԱՊՀ միջպետական բանկի հետ, որտեղ գործարանը գրավադրված է 2005 թվականից, և որի հիմնական բաժնետերը Ռուսաստանն է:
Թերթի աղբյուրները հաղորդում են, որ հոսանքազրկումից մի քանի օր առաջ Հայաստան են եկել ԱՊՀ միջպետական բանկի ներկայացուցիչները և «Նաիրիտի» հետ կապված որոշակի պահանջներ են դրել գործարանի ղեկավարության առաջ, որոնք, սակայն, չեն բավարարվել, որից հետո «Նաիրիտը» հոսանքազրկվել է նախազգուշացման կարգով:
Հիշեցնենք, որ «Նաիրիտ» գործարանը 40 մլն դոլարով վաճառվել է «Ռայնովի փրոփերթի լիմիթեդ» ընկերությանը, որն էլ, գրավադնելով հայկական քիմիական գիգանտին, ԱՊՀ միջպետական բանկից ստացել էր 70 մլն դոլար: Այս պարագայում «գույք` պարտի դիմաց» բանաձևի կիրառումը եզակի հայկական գործարանին էլ է սպառնում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել