HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Գլենդել Հիլզ»-ը «Հետքին» պարզաբանումներ չտվեց

«Հետքը» բազմիցս անդրադարձել է «Գենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից Գյումրու անօթեւանների համար կառուցվող շենքերի անորակության խնդրին: Այդ մասին հասարակությունը տեղեկացավ հատկապես 2009 թվականի դեկտեմբերին, երբ շահագործման ենթակա շենքերն այնքան անորակ էին, որ ստիպված եղան դրանք չտրամադրել բնակիչներին` մինչեւ վերացնեն թերությունները: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես տեսել էր, որ «շահագործման ենթակա» բնակարաններում ապրել հնարավոր չէ ու այդ առիթով արտահերթ խորհրդակցություն էր անցկացրել հենց Շիրակի մարզում: Պարզվել է, որ «Գլենդել Հիլզ»-ը Սպիտակում նույնպես աշխատել է թերություններով: Սպիտակում էլ ՓԲԸ-ն կառուցում է մոտ 300 բնակարան: Այս առիթով վերջերս խորհրդակցություն է եղել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի մոտ: Քաղաքաշինության նախարարության մամուլի եւ լրատվության պատասխանատու Բաղդասար Մհերյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց, որ Սպիտակում շինարարական թերություններ հայտնաբերվել են: «Այո, թերություններ հայտնաբերվել են նաեւ շենքերի տանիքների հետ կապված: Հանձնարարական է տրվել, որպեսզի թերությունները վերացվեն: Վերականգնման աշխատանքներն ընթացքի մեջ են»,- ասաց Բ. Մհերյանը: Պատասխանելով մեր այն հարցին, թե թերությունների դեպքում ի±նչ պատժամիջոց է նախատեսված շինարարական ընկերությունների համար եւ արդյո՞ք նման պատժամիջոց կկիրառվի «Գլենդել Հիլզի» նկատմամբ, Բ. Մհերյանը պատասխանեց, որ դրանք տարբեր են` տուգանք, պայմանագրի դադարեցում, լիցենզիայից զրկում եւ այլն: «Բայց Սպիտակում հայտնաբերած թերություններն այդքան մեծ չեն, որ «Գլենդել Հիլզ»-ի նկատմամբ սանկցիա կիրառվի: Ընկերությունն արդեն թերությունները վերացնում է»,- ասաց Բաղդասար Մհերյանը: Պարզաբանման համար դիմեցինք նաեւ «Գլենդել Հիլզ»-ին:  Ընկերության հասարակության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից պատասխանեցին, որ իրենք «Հետքին» պարզաբանումներ չեն տալիս եւ հրաժարվում են որեւէ մեկնաբանություն տալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter