HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՏՄՊՊ հանձնաժողովի նորանշանակ նախագահը հասցրել է լարվածություն առաջացնել կոլեկտիվում

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊ) 2010 թվականի մայիսի 7-ի N 54-Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել Հանձնաժողովի կանոնադրության մի շարք կետեր և ենթակետեր, ըստ այդմ` հանձնաժողովի աշխատակազմի կառուցվածքից հանվել են հետազոտությունների և կիրարկման, վարչատնտեսական և վերահսկողության վարչությունները: Այդ մասին առայժմ չի բարձրաձայնվում: Հանձնաժողովի որոշումը չի տեղադրվել նաեւ իրենց պաշտոնական կայքում: Քաղաքացիական ծառայության խորհրդի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը մեզ տեղեկացրեց, որ քաղաքացիական ծառայության խորհուրդը, հիմնվելով Հանձնաժողովի ընդունած որոշման վրա, 2010 թվականի մայիսի 14-ին որոշում է ընդունել եւ համապատասխան փոփոխություններ է կատարել քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում: Արդյունքում ուժը կորցրած է ճանաչվել ՏՄՊՊ հանձնաժողովի աշխատակազմի` թվով 15 քաղաքացիական ծառայության պաշտոն: «Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարը սահմանված կարգով և ժամկետներում ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ է ուղարկել զբաղեցրած պաշտոններց ազատված 13 քաղաքացիական ծառայողների անձնական գործերը` կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցումը հիմնավորող փաստաթղթի պատճենի և կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցվելու վերաբերյալ տվյալ քաղաքացիական ծառայողի դիմումի հետ միասին: Մյուս երկու ծառայողները կարճաժամկետ ռեզերվում գրանցվելու դիմում չեն ներկայացրել»,- տեղեկացրեց Գ. Աբրահամյանը: Պարզաբանում ստանալու համար դիմեցինք ՏՄՊՊ հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աիդա Գալստյանին: Նա ուշադրությամբ լսեց հարցերը, և երբ հերթը հասավ Արտակ Շաբոյան-կոլեկտիվ լարված հարաբերություններին, Ա. Գալստյանը ասաց, որ երկուշաբթի դիմենք աշխատակազմի ղեկավարին: «Այս հարցով պարզաբանում տալը աշխատակազմի ղեկավարի իրավասությունն է»,-նշեց Ա. Գալստյանը: Նա ասաց, որ իրենց գործունեությունը բաց է, եւ ցանկացած պահի կարող ենք գնալ եւ պարզաբանում ստանալ: «Եթե բաց եք աշխատում, ինչո՞ւ աշխատանքից ազատելու որոշումը եւ կառուցվածքային փոփոխությունը տեղադրված չէ հանձնաժողովի պաշտոնական կայքէջում» հարցին Աիդա Գալստյանը պատասխանեց. «Եթե գործընթացն ավարտված չէ, ինչո՞ւ պետք է ինֆորմացիան տեղադրվի: Երբ կավարտվի, այն ժամանակ էլ կտեղադրվի»: «Բայց փոփոխությունների որոշումն արդեն կայացվել է» մեր դիտարկմանն էլ պատասխանեց. «Դուք կգաք, ու ձեր հարցերին կպատասխանի աշխատակազմի ղեկավարը»: Նշենք, որ այս պահին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում լարված վիճակ է: Գրեթե բոլոր վարչությունների աշխատակիցներն անհանգստացած են, որ մոտ ապագայում իրենք էլ կարող է կորցնեն աշխատանքը: ՏՄՊՊ-ի մեր աղբյուրի փոխանցմամբ` «քաոսային» վիճակը սկսվեց այն բանից հետո, երբ ՏՄՊՊ-ում հանձնաժողովի նախագահ նշանակվեց վարչապետ Տիգրան Սարգսյանի կադրը համարվող ԿԲ նախկին աշխատակից Արտակ Շաբոյանը: ՏՄՊՊ աշխատակիցները, որոնք չցանկացան ներկայանալ, պնդում են, որ Արտակ Շաբոյանի հետ աշխատելը շատ դժվար է: Նրանց ասելով` հանձնաժողովի նախագահի հետ աշխատել չկարողանալու պատճառաբանությամբ դիմում գրել և ազատվել են տեխնիկական կազմից մի քանի հոգի: Հանձնաժողովի մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանը նույնպես սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, սակայն նրա աշխատանքից հեռանալը պատճառաբանվել է «այլ աշխատանքի» անցնելով: Հիշեցնենք, որ պաշտոնում հայտնվելուց անմիջապես հետո Արտակ Շաբոյանը կայացրեց մի քանի ուշագրավ որոշումներ, որոնք մինչ օրս շարունակում են կասկածելի մնալ: Մասնավորապես` նախկին նախագահ Դավիթ Հարությունյանի գլխավորած հանձնաժողովը վարույթ էր հարուցել դեղերի շուկայում: Դրանից հետո Դ. Հարությունյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից եւ նրան փոխարինեց ՀՀԿ-ական Արտակ Շաբոյանը: Վերջինս էլ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների պատկանող ընկերությունների դեմ հարուցված վարույթն անմիջապես դադարեցրեց: Մեր տեղեկություններով` Ա. Շաբոյանը, հանձնաժողովի վարչության պետերից գաղտնի, իր մոտ փակ խորհրդակցության է հրավիրել իրավաբանական վարչության պետին եւ ասել, որ վարույթի դադարեցումը կապված է դատարանի հետ: Քանի որ ընկերությունները դիմել են դատարան, ինքը չի ցանկանում, որպեսզի դատարանը անվավեր համարի հանձնաժողովի որոշումը` նախադեպ չստեղծելու համար: Մինչդեռ դատարանը նույնպես բավարարել էր ընկերությունների բողոքը: Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ` ընկերություններից մեկի սեփականատերը, որոնց դեմ վարույթ է հարուցված եղել, վարչապետ Տիգրան Սարգսյանի ընկերն է, դրանով էլ պայմանավորված է Դ. Հարությունյանին աշխատանքից ազատելն ու Ա. Շաբոյանի ղեկավարած հանձնաժողովի` վարույթը դադարեցնելու փաստը: Ինչ վերաբերում է աշխատանքից ազատված քաղծառայողներին, ապա քաղաքացիական ծառայության կարճաժամկետ ռեզերվում գտնվելու ժամանակահատվածում սահմանված վարձատրությունը քաղաքացիական ծառայողները ստանում են Քաղաքացիական ծառայության խորհրդից` անկանխիկ: Կարճաժամկետ ռեզերվում մեկանգամյա գտնվելու ժամկետը վեց ամիս է, որի ընթացքում ռեզերվում գտնվող անձը համարվում է քաղաքացիական ծառայող: Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածում քաղաքացիական ծառայողի համար սահմանվում է աշխատավարձ` իր զբաղեցրած վերջին պաշտոնի դրույքաչափով: ՏՄՊՊ պետական հանձնաժողովից ազատված քաղաքացիական ծառայողներին կարճաժամկետ ռեզերվում գրանցելու որոշումը Քաղաքացիական ծառայության խորհուրդը կայացրել է մայիսի 27-ին: «Մայիս ամսվա մնացած օրերի համար վարձատրման գումարներն արդեն փոխանցվել են այդ քաղաքացիական ծառայողների հաշվեհամարներին, և որևէ խնդիր այս մասով չկա»,- ավելացնում է Գոռ Աբրահամյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter