HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Շուրջ 1 մլն եվրո` երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման համար

Այսօր «Անի» հյուրանոցում կայացած կլոր սեղանով մեկնարկեց «Վորլդ Վիժն Արմենիա» կազմակերպության «Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության նվազեցում» դրամաշնորհային ծրագիրը, որը նպատակ ունի նվազեցնել երեխաների նկատմամբ կիրառվող բռնության հնարավոր դեպքերը: «Հետքը» ծրագրի ղեկավար Ելենա Իսպիրյանին հարցրեց, թե ինչո՞ւ են ընտրել հատկապես գիշերային խնամքի հաստատությունների երեխաների իրավունքների պաշտպանությունը. արդյո՞ք այդ հաստատություններում տեղի են ունենում բռնություններ երեխաների նկատմամբ: «Գիշերային խնամքի կենտրոններն ընտրվել են նրա համար, որ համեմատաբար նոր ստեղծված կառույցներ են, դրանք ստեղծվել են նախկին գիշերօթիկ դպրոցների հիմքի վրա, իսկ մանկատները վաղուց կան եւ խնամքի որակի տեսակետից բավականին առաջ են: Ոչ թե բռնությունները շատ են խնամքի կենտրոններում, այլ հնարավոր բռնությունները կանխելու համար է այս ծրագիրը»,- ասաց Ելենա Իսպիրյանը: Նրա խոսքով` պետական մարմինների հետ աշխատանքը բավականին հեշտ է ստացվել, քանի որ վերջիններս պատրաստակամություն են ցուցաբերել: «Եթե ծրագրի ընթացքում երեխաների նկատմամբ բռնության դեպքեր ձեզ հայտնի դառնան, արդյո՞ք կտեղեկացնեք այդ մասին իրավապահ մարմիններին»,- «Հետքի» այս հարցին ծրագրի ղեկավարը պատասխանեց. «Մենք հիմա էլ ենք դա անում, մենք աշխատում ենք դեպքի վարման սկզբունքով, կախված է տվյալ դեպքից: Եթե պետք է իրավապահ մարմին ներգրավել, կներգրավենք, եթե հոգեբան է պետք, հոգեբան կներգրավենք: Մենք չենք վարանի կոնֆլիկտ ունենալ խնամքի կենտրոնի տնօրենների հետ, եթե անհրաժեշտություն առաջանա»: Նշենք, որ «Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության նվազեցում» դրամաշնորհային ծրագիրը ֆինանսավորվում է հիմնականում Եվրահանձնաժողովի, ինչպես նաեւ Վորլդ Վիժն Արմենիա կազմակերպության կողմից: Ընդհանուր բյուջեն կազմում է 937 հազար եվրո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter