HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Գերասիմ Ալավերդյան. «Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ»

Գյուղատնտեսության նախարարը պնդում է, որ ինքը ՕԵԿ-ի զինվորն է, կուսակցությունն էլ իրենց գոհ է

Այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին լրագրողները ՀՀ գյուղատնտեսության նախարար, ՕԵԿ-ական Գերասիմ Ալավերդյանին հարցեր ուղղեցին ՕԵԿ-ական երկու նախարարների` Արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանի և Տրանսպորտի ու կապի նախարար Գուրգեն Սարգսյանի հետ կանչման և պաշտոնանկության վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք ասուլիսի այդ հատվածը:

Երկու շաբաթ առաջ կառավարության նիստում վարչապետը Ձեզ նկատողություն արեց: Անցավ երկու շաբաթ, և աշխատանքից ազատվեցին Ձեր երկու կուսակիցները: Ինչո՞ւ դա Ձեզ հետ չպատահեց: Արդյոք Դուք պատրաստվո՞ւմ եք, կամ կուսակցությունը պատրաստվո՞ւմ է նույն քայլը անել նաև Գյուղատնտեսության նախարարի հետ:

Ոչ, միանշանակ ոչ: Ես շատ ամուր կանգնած եմ իմ ոտքերի վրա: Ես համապատասխան ծրագրեր ունեմ, աշխատում ենք: 2009 թ.-ին միակ ոլորտը, որ 0,1 % տնտեսական անկում ունեցավ, գյուղատնտեսության ոլորտն է: Մնացած ոլորտները մոտ 15 %-ի տնտեսական անկում ունեցան: Դրանք հերյուրանքներ են: Չկա այդպիսի բան: Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ: Իմ կուսակցությունը իմ աշխատանքից գոհ է: Ինչ վերաբերում է երկու թե մի շաբաթ առաջ կառավարության նիստում ինձ նկատողություն տալուն, դա աշխատանքային գործընթաց է: Ես էլ իմ աշխատանքի ընթացքում իմ աշխատակիցներին նկատողություն էլ եմ տալիս, խրախուսանք էլ եմ տալիս, պարգևատրում էլ եմ տալիս, շնորհակալություն էլ եմ հայտնում: Այսօր ես դա չեմ համարում շատ ահավոր վատ դեպք: Կլինեն և խրախուսանքներ, և պատժի միջոցներ են կիրառվում, որպեսզի մենք կարողանանք այս աշխատանքները հավուր պատշաճի կատարել: Դա իմ թերությունն էր, թերություններ, որոնք կապված էին կոնկրետ Գնումների գործակալության, գնումների մրցույթների կազմակերպման ընթացքի հետ: Ես դրան անդրադարձել էի նաև իմ նախկին աշխատանքի` Վերահսկիչ պալատում աշխատածս տարիներին, որ կան գների, չափորոշիչների այս խնդիրները, որ որոշ չափորոշիչների սահմանման դեպքում լայն կազմակերպություններ հնարավորություն չեն ունենում մասնակցել մրցույթների: Պատշաճորեն թեկուզ այս խնդիրը առաջինը ես էի բարձրաձայնել, որ կա. ես խոսել էի և Վերահսկիչ պալատի նախագահի հետ, և վարչապետի: Եվ այս թերություններից զերծ մնալու, առաջիկայում թույլ չտալու համար, ես կարծում եմ, նկատողությունն եղավ: Համապատասխան աշխատակիցները` մեր Ֆինանսական վարչության պետը և Սննդի անվտանգության տեսչության պետը, ովքեր տարիների ընթացքում եղել էին այդ հանձնաժողովի նախագահը և Թովմասյան Գևորգը նաև (այս` 2010 թ.-ին, հանձնաժողովի նախագահն էր), ազատվել են աշխատանքից: Վարչապետի հետ ունենք աշխատանքային շատ լավ, փայլուն հարաբերություններ:

Պրն Ալավերդյան, Դուք նոր ասացիք. «Ես շատ ամուր կանգնած եմ իմ ոտքերի վրա»: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ պաշտոնանակ արված Ձեր գործընկերները «ոտքերի թուլացում» ունեին:

Ոչ: Իրենք էլ շատ ամուր կանգնած էին, մեր լավ, կուսակցական ընկերներն էին երկուսն էլ` և Գուրգեն Սարգսյանը, և Մհեր Շահգելդյանը, ով կար և էլի կա «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ: Մեր քաղխորհուրդը որոշվում կայացրեց հետ կանչել մեր նախարարներին, որպեսզի նրանք ավելի հստակ, ավելի ժամանակի մեջ տեղավորվեն և զբաղվեն մեր կուսակցաշինության աշխատանքներով:

Ո՞րն է երաշխիքը, որ նույն որոշումը Ձեր պարագայում չի կայացվի:

Ես կուսակցության զինվոր եմ, «Օրիաց երկիր» կուսակցության զինվորն եմ, և այն աշխատանքը, որտեղ ինձ կվստահի կուսակցությունը, ես կլինեմ այդտեղ հենց այդ նույն վայրկյանից: Մենք այդպիսի խնդիրներ չունենք, չենք դրել, և ես կարծում եմ, որ չենք էլ դնելու: Մենք շատ երկար, հաստատակամ իրար հետ աշխատելու ենք:

Նշեցիք, որ տեղյակ էիք Գնումների գործակալության այդ խախտումներից: Այդ դեպքում ինչո՞ւ բանը հասավ կառավարությանը, ինչո՞ւ հենց Դուք չձեռարկեցիք այդ միջոցները:

Ես նշեցի, որ առաջինը ես եմ անդրադարձել: Մեր նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, և այդ հայտարարության մեջ ես նշեցի ամեն ինչ: Միջոցները արդեն իսկ ձեռնարկված են: Երեկ ինձ մոտ եղել է դիսպետչերական, և ես իմ դիսպետչերականում հայտարարել եմ, որ գնումների գործընթացը, մրցույթները համենայն դեպս չգիտեմ մնացած կազմակերպություններում ոնց կլինեն, Գյուղատնտեսության նախարարության գնումների մրցույթը ես անց եմ կացնելու տեսախցիկների տակ, լրագրողների ներկայությամբ, որոպեսզի ապահովեմ առավել անաչառության, առավել թափանցիկություն, պարզություն, հստակություն: Այսօր բոլորս գիտենք, որ այդ գործընթացներում կան լուրջ թերություններ: Ես կարծում եմ` հենց առաջին քայլը, որ այս թերություններից մենք կարողանանք զերծ մնալ, հանրության հստակ իրազեկումը և վերահսկողությունն է գնումների գործընթացի վրա:

Պրն Ալավերդյան, երբ Ձեզ նկատողություն արվեց, խոսքն այն մասին էր, որ Գյուղատնտեսության նախարարությունը այնպիսի չափանիշներ է սահմանել, որոնցով հստակ մոնոպոլիա է ստեղծվում: Այսինքն` իմանալով, որ կոնկրետ պատվաստանյութը գնելու նման չափանիշների կարող է տվյալ ընկերությունը բավարարել, սահմանել է այդ չափանիշը, որպեսզի միայն այդ ընկերությունը մատակարարի: Այսինքն` արհեստական մոնոպոլիա է: Եվ կխնդրեի հստակեցնել, թե ի՞նչ գումարների մասին է խոսքը, քանի որ ըստ վարչապետի տվյալի` ձեր նախարարությունը կրկնակի վնաս է պատճառել պատբյուջեին:

Վնաս չի պատճառվել: Առաջին` 2010 թ.-ին դեռ վակցինայի մի դոզա ձեռք չի բերվել: Երկորդ` այդ չափորոշիչները սահմանվում են միջազգային կազմակերպությունների պահանջներով. կոնկրետ Համաշխարհային բանկը գնումների ավելի խիստ չափորոշիչներ է սահմանում, քան մենք: Եվ այդ չափորոշիչների սահմանումը հստակեցնում է նաև կազմակերպություններին, ովքեր իրականում կարող են. ոչ թե մի կազմակերպություն, որին շատ փող է պետք, գնա մասնակցի, վերցնի այդ գումարը և այդ մրցույթի արդյունքում շահի և հետո չկարողանա այդ խնդիրները լուծել: Դա, ներողություն, մեզ պետք չի: Մեզ պետք են հստակ կազմակերպություններ, և այդ չափորոշիչները հստակ սահմանված են նաև միջազգային կազմակերպությունների, Համաշխարհային բանկի կողմից: Եթե Դուք կցանկացաք, ես Ձեզ կներկայացնեմ, որ Դուք տեսնեք, որ այդտեղ անհարկի ինչ-որ չարաշահումներ, բաներ չեն եղել:

Ո՞ր կազմակերպության մասին է խոսքը, ո՞րն է այդ մեկ կազմակերպությունը:

Եթե մենաշնորհային կազմակերպություն լինի, գոնե ես` որպես Գյուղատնտեսության նախարար, պե՞տք է ճանաչեմ նրան, թե՞ ոչ: Ես առաջին անգամ տեսել եմ մրցույթից անմիջապես հետո, երբ ես հրավիրեցի ինձ մոտ և ասացի. «Գինդ իջեցրու»: Եվ նա էլ ինձ պարզաբանեց, գնագոյացումը բերեց և ասաց. «Ես չեմ կարող գինը իջեցնել, քանի որ...»:

Պարոն նախարար, լրագրողները անվանում են սպասում:

«Բիոունիվերսալ» ՍՊԸ:

Ո՞վ է տնօրենը:

Տնօրենին ես չգիտեմ:

Ո՞ւմ հետ եք Դուք խոսել:

Տիգրան Սահակյանի:

Այսինքոն` պրն Ալավերդյան, վարչապետը չէ՞ր տիրապետում այդ ինֆորմացիային:

Վարչապետի վերահսկողության ծառայությունը մանրամասն ուսումնասիրություններ կատարեց այդ կազմակերպությունում` այս գործընթացի, գնումների վերաբերյալ, և այդ տեղեկատվությունը ներկայացրեց վարչապետին: Կրկնում եմ` մեր նախարարությունը պարզաբանումներ տվել է: Եկեք չխորանանք այս մանրամասնությունների մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter