Հայաստան-Եվրամիություն կապերի խորացման մասին` Առաջնորդների oքսֆորդյան գագաթնաժողովում
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վահե Գաբրիելյանը մասնակցել է Առաջնորդների oքսֆորդյան գագաթնաժողովին
Մարտի 15-ին Օքսֆորդի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Առաջնորդների oքսֆորդյան գագաթնաժողովը (Oxford Summit of Leaders), որին ելույթ ունեցավ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վահե Գաբրիելյանը:
Եվրոպական բիզնես ասամբլեայի (Europe Business Assembly) կողմից կազմակերպող գագաթնաժողովն այս տարի նվիրված էր Եվրոպական Միության Արևելյան համագործակցության ծրագրին, հատկապես` դրա մասնակից և ԵՄ երկրների միջև կրթական և տնտեսական համագործակցությանն ու ներդրումային հնարավորություններին:
Դեսպան Գաբրիելյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ՀՀ անկախությունից ի վեր ծավալված համագործակցությունը, մասնավորապես` Եվրոպական հարևանության ծրագրի և Արևելյան համագործակցության նախաձեռնության շրջանակներում ձեռնարկված քայլերը, այդ համագործակցության խորացման նպատակով Հայաստանում համապատասխան կառույցների ձևավորման և աշխատանքների կատարման ընթացքը:
Դեսպան Գաբրիելյանը կարևորեց Հայաստանի և Եվրոպական Միության միջև քաղաքական երկխոսության հետագա խորացումը, ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքումը, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը և ասոցիացման համաձայնագրի կնքման բանակցությունների մեկնարկը: Դեսպանը նաև անդրադարձավ Հայաստանում ներդրումային բարենպաստ պայմաններին և նշեց եվրոպական ինտեգրման գործում ՀՀ հասարակության և իշխանությունների հաստատակամությունն ու հետևողականությունը:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, միջոցառմանը մասնակցում էին ավելի քան քսան երկրներից ժամանած քաղաքական, կրթական, գիտական և տնտեսական ոլորտներիառաջատար ներկայացուցիչներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել