HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Պատգամավորության թեկնածուներն առաջադրվել են 

Ղարաբաղում ավարտվել է մայիսի 23-ին նախատեսվող խորհրդարանական ընտրություններում պատգամավորների թեկնածուների առաջադրման գործընթացը: Երեկ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորների թեկնածուների ցուցակը:

Հիշեցնենք, որ այս  ընտրություններում մեծամասնական ընտրակարգով ընտրվելու են 33 պատգամավորներից 16-ը: Հանրապետության 16 ընտրատարածքներում առաջադրվել է 46 թեկնածու, որոնցից ընդամենը 3-ն են կին: 46 հոգուց 27-ն անկուսակցական են, 6-ը` «Ազատ Հայրենիք» կուսակցությունից, 5-ական` Արցախի ժողովրդավարական կուսակցությունից եւ Հայ Հեղափոխական Դաշնակցությունից, 1-ական` «Մեր տունը Հայաստանն է», Արցախի կոմունիստական եւ «Քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցություններից:

Նշված 46 թեկնածուներից 14-ը պատգամավորներ են, 5-ն ընդհանրապես չեն աշխատում, իսկ մնացածները պետական մարմինների, մասնավոր սեկտորի, հասարակական կազմակերպությունների եւ բուժհիմնարկների ներկայացուցիչներ են: Բոլոր ընտրատարածքներում, ըստ ցուցակի, մրցակցություն կարող է լինել, բացառությամբ մեկի, որտեղ առաջադրվել է միայն մեկ թեկնածու: Խոսքը թիվ 7 ընտրատարածքի մասին է, որտեղ առաջադրվել է Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Համամասնական ընտրակարգով  առաջադրվել են 4 կուսակցություններ` «Ազատ Հայրենիք»-ը` 38 հոգանոց ցուցակով, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը` 32, Հայ հեղափոխական դաշնակցությունը` 17 եւ Արցախի կոմունիստական կուսակցությունը` 7: Ինչպես հայտնեցին կենտրոնական ընտրական հանձնաժողովից, թեկնածուների գրանցումը կանցկացվի ապրիլի 13-18-ը:

Ապրիլի 19-ից կսկսվի նախընտրական քարոզչությունը, որը կտեւի մինչեւ մայիսի 21-ը, իսկ մայիսի 23-ին կանցկացվեն Ազգային ժողովի ընտրությունները, որոնց համար ԼՂՀ պետբյուջեից հատկացվել է 65 մլն 443 հազար դրամ, որի մեջ մտնում է նաեւ մամուլի կենտրոնի ստեղծումը: Ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների մասնագիտական դասընթացների կազմակերպման համար տրամադրվել է 7 մլն 200 հազար դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter