HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Գերասիմ Ալավերդյան. «Մենք ունենք արտահանելու լուրջ, լավ շուկա»

Իսկ մսի անհարկի թանկացումների մասին տեղեկությունները, ըստ նախարարի, «պատերի տակի խոսակցություններ են»

«Անցած տարի մենք ունեցանք աննախադեպ արտահանման ծավալներ. մոտ 6 հզ. տոննայով ավելի ծիրան արտահանեցինք: Եվ դեղձի, և խաղողի, և ծիրանի, և սալորի, և կարտոֆիլի, և մսամթերքի, գառների արտահանումները հավուր պատշաճի կազմակերպվեցին: Ես կարծում եմ, որ այդ գործընթացը մենք շարունակելու ենք նաև այս տարի, և բոլոր ուղղություններով համապատասխան աշխատանքներ արդեն կատարվում են»,- այսօր կազմակերպված ասուլիսին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը:

Նրա խոսքերով` 2010 թ.-ի առաջին 3 ամսվա ընթացքում Հայաստանն արդեն մոտ 3.000 տոննա կարտոֆիլ է արտահանել` 2009-ի 1345 տոննայի դիմաց: ՀՀ-ն արտադրում են մոտ 580 հզ. տոննա կարտոֆիլ, իսկ սպառման նորման հանրապետությունում կազմում է մոտ 300 հզ. տոննա: Մնացած կարտոֆիլը կարող է օգտագործվել որպես անասնակեր կամ տնկանյութ: Գերասիմ Ալավերդյանի խոսքերով` կարտոֆիլը միակ մշակաբույսն է ՀՀ-ում, որի ավելցուկ կա: Հայաստանում չկա նաև կարտոֆիլի տնկանյութի խնդիր: «Մենք անցած տարվա վերջին նախատեսել էինք, որ որոշ ցանքատարածություններ կարտոֆիլից հանենք և անցկացնենք շաքարի ճակնդեղի տակ: Այսօր արդեն արտահանումները սկսել են նորմալ հունով ընթանալ և Պարսկաստան, և Իրաք: Օրինակ` Թուրքմենստանում ես եմ պայմանավորվածություն ձեռք բերել իմ այցի ժամանակ, և նրանք, համենայն դեպս նախարարը ինձ խոստացավ, որ մենք կարող ենք անսահմանափակ քանակությամբ կարտոֆիլ արտահանել Թուրքմենստան: Ժողովուրդը կարծես հետ կանգնեց շաքարի ճակնդեղի մտայնությունից և նորից որոշեց կարտոֆիլի ցանքատարածությունները պահպանել: Չկա որևէ խնդիր սահմանային անցակետերում: Ֆերմերների` արտահանողների հետ պայմանավորվածություն ունենք, ոչ մի խոչընդոտ, պրոբլեմ չկա»,- ասաց Գերասիմ Ալավերդյանը: Լրագրողներից մեկը հարցրեց, թե Գեղարքունիքի մարզում գյուղացին ի՞նչ ոգևորությամբ պետք է այս տարի կարտոֆիլ մշակի, եթե նա իր բերքն ամբարեց, հավատաց այն խոստումներին, որ պիտի Վրաստան արտահանեն, իսկ այսօր թափում է այդ կարտոֆիլը: «Որ ասում եք` ամբարեցին, թափեցին, այդքան էլ այդպես չէ: Նույնիսկ Գեղարքունիքի մարզում ես խոսել եմ 2 օր առաջ, մարդիկ եկել էին մեզ մոտ և ուզում էին ծանոթանալ, թե ինչ պայմաններով է շաքարի ճակնդեղը տնկվելու: Այսօրն արդեն շատերը հրաժարվում են այդ գաղափարից: Մենք արտահանելու նորմավորված թիվ չունենք: Ինչքան դրսից պահանջարկ կա, այդքան մենք կարող ենք արտահանել: Մենք արտադրել ենք մոտ 580 հզ. տոննա կարտոֆիլ: Մեր սպառման նորման տատանվում է 250-300 հզ. տոննայի: Այսօր էլ մենք արտահանում ենք»,- ասաց Գերասիմ Ալավերդյանը: «Եթե 580 հզ. տոննա իրոք արտադրում ենք, մենք 250-300 հզ.-ը օգտագործում ենք պարենում: 280 հզ.-ի ավելցուկ է լինում: Տարեկան 2-3.000 տոննա էլ մենք ներկրում ենք սորտաթարմացման նպատակով: Ստացվում է` մենք կարողանում ենք արտահանել (ավելցուկի, ոչ արտադրվածի) ընդամենը 1 %-ը, նույնիսկ պակաս: Դա չնչին քանակություն է»,- նշեց լրագրողներից մեկը: Նրա դիտարկմանն անդրադառնալով` նախարարը կրկնեց, որ այսօր որքան դրսից պահանջարկ կա, այնքան մենք արտահանում ենք: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանը այնքան ոչխար ունի՞, որ շարունակի արտահանել` Գերասիմ Ալավերդյանը նշեց, որ արտահանելու դեռ շատ-շատ ոչխարներ ունենք: Նրա խոսքերով` այսօր ՀՀ-ում 540 հզ. ոչխար կա: «Այսօր արդեն ծնի սեզոն է մինչև ապրիլի վերջ, մայիսի կեսեր: Այսինքն` հունվար-մայիս ամիսներին ՀՀ-ում, եթե ունենք 430 հզ. մայր ոչխար, կակնկալենք առնվազն 430 հզ. հատ գառ, թեև ոչխարների ծնի գործակիցը 1,2 է. եթե բազմապատկում ենք, մոտ 500 հզ.-ի չափ գառ կունենանք, որից 250 հզ.-ը կլինեն արու գառներ, որոնք ենթակա են իրացման: Արուներին և արտահանելու ենք, և ներսում ենք օգտագործելու: Մենք ունենք արտահանելու լուրջ, լավ շուկա»,- ասաց Գերասիմ Ալավերդյանը: Նրա խոսքերով` կա հրաման, որով արգելվում է ՀՀ-ից էգ գառների և վերարտադրության ենթակա մայր ոչխարների արտահանումը: «Եթե տարածքներից հավաքագրում են գառներ, մարդիկ վաճառում են իրենց ոչխարները, գառները, բնականաբար դա պետք է ձևակերպում ստանա Մաքսային և Սննդի անվտանգության տեսչությունում: Բնականաբար, մեր անասնաբույժները տեղերում միանշանակ տեղեկանքները տալիս են արտահանման ենթակա այն գառների և ոչխարների համար, որոնք արու են և վերարտադրման ենթակա չեն»,- ասաց Գերասիմ Ալավերդյանը: Նա հավելեց, որ իրենք ունեն ծրագիր, որի շրջանակներում այսօր արդեն ՀՀ են ներկրում ազնվացեղ տեսակի մայրեր Վրաստանից ու Կրասնոդարից: Այժմ նախապատաստվում են Ավստրիայից ու Գերմանիայից ներկրել հղի անասուններ, որոնք 3-4 ամիս հետո ձագ կունենան: Ըստ նույն ծրագրի` նախատեսվում է ներկրել նաև մոտ 150 հատ խոյ, որոնցից կարելի է ստանալ այնպիսի տեսակ, որի 97 %-ը զույգ է ծնում: «Ինչ վերաբերում է մսի անհարկի թանկացումներին` կապված արտահանումների հետ, Հայաստանի Հանրապետությունում չկա, պատերի տակի խոսակցություններ են: Անհարկի շահարկում են տավարի մսի թանկացման մասին: Բայց ես հավաստիացնում եմ, որ մինչև այսօր մեկ գլուխ խոշոր եղջերավոր անասուն չի արտահանվել: Եթե վերլուծություններ կատարենք, կտեսնենք, որ ամեն տարի` հունվար, փետրվար, մարտ ամսիներին մսի գնի թանկացում է տեղի ունենում 100-200 դրամի սահմաններում, և դա ընդամենը կապված է սեզոնի հետ»,- ասաց Գերասիմ Ալավերդյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter