HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Քաղաքապետարանը ցանկանում է վտարել ընտանիքին հայրական տնից

«1915 թվականի Ցեղասպանությունից հետո պապս Արեւմտյան Հայաստանից եկել է Երեւան, նրան տուն են տվել, պապս վեց երեխա է ունեցել, մեծացրել է այդ տունը, հայրս, ես, երեխաներս այդ տանն ենք ծնվել, բայց հիմա մեզ ուզում են վտարել այդտեղից»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Բուզանդ 83 հասցեի բնակիչ Արմեն Աբրահամյանը: Աբրահամյանների ընտանիքը 1991 թվականից հաշվառվել է այդ հասցեում եւ մինչ օրս բարեխղճորեն օգտագործել է այն, սակայն նրանց թույլ չեն տվել տունը սեփականաշնորհել, իսկ 2007 թվականին ՀՀ Կառավարության որոշմամբ` նրանց տան տարածքը ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ եւ վաճառվել հայտնի գործարար, «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի որդուն` անհատ ձեռներեց Հայկ Բեգլարյանին: Արմեն Աբրահամյանը կնոջ եւ երկու անչափահաս դստրերի հետ դիմել է Վարչական դատարան` պահանջելով քաղաքապետարանին պարտավորեցնել իրենց սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ ընդունել բարենպաստ վարչական ակտ: «Չարամիտ նպատակով հրաժարվում են նշված տան նկատմամբ մեր սեփականության իրավունքը գրանցել` գիտակցելով, որ այդ դեպքում ստիպված կլինեն փոխհատուցել մեզ այդ տան համար,- նշված է ընտանիքի հայցադիմումում,- քաղաքապետարանը, ԱՁ Հայկ Բեգլարյանի հետ միասին համառորեն ցանկանում են բռնի ուժով, սպառնալով, առանց որեւէ փոխհատուցման` մեզանից վերցնել այդ տունը, որպիսի գործողությունները գտնում ենք անօրինական, հակասահմանադրական, ինչպես նաեւ մարդասիրական սկզբունքներին դեմ»: Այսօր Վարչական դատարանում սկսվեց գործի նախնական քննությունը, որի ընթացքում քաղաքապետի ներկայացուցիչ, փաստաբան Գեղամ Թադեւոսյանը դատարանին ներկայացրեց քաղաքապետարանի հակընդդեմ հայցն ընդդեմ Աբրահամյանների ընտանիքի` նրանց վտարելու պահանջով: Դատավոր Արթուր Առաքելյանը նկատեց, որ քաղաքապետարանի հայցադիմումը բավականին անփույթ է. «Ես չեմ հասկանում` ոտի վրա եք գրե՞լ, վերցրեք-ճշտեք»,- ասաց դատավորը: Ճշտումներ կատարելուց հետո քաղաքապետարանի հայցադիմումը ներկայացվեց դատարանին, այն վարույթ ընդունելու մասին որոշումը կհրապարակվի ապրիլի 12-ին, այդ օրը կշարունակվի նախնական դատական նիստը: Քաղաքապետարանի ներկայացուցիչ Գեղամ Թադեւոսյանը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին: Իսկ Աբրահամյանների փաստաբան Էդգար Բադեմյանն ասաց, որ Երեւանի քաղաքապետարանը որոշում է կայացրել Բուզանդ 83 հասցեի նկատմամբ ճանաչել քաղաքապետարանի սեփականության իրավունքը. «Բայց քանի որ այս ընտանիքը տարիներ շարունակ տիրապետում է այս տունը, քաղաքապետարանը որեւէ իրավունք չուներ այդ տան նկատմամբ ճանաչելու իր սեփականության իրավունքը»,- ասաց Էդգար Բադեմյանը: Փաստաբանը նշեց, որ եթե տեղական դատական ատյաններում իրենց չհաջողվի արդարության հասնել, կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նշենք, որ մինչ նախնական դատական նիստը «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները, կադաստրի աշխատակիցները, ոստիկանների աջակցությամբ, փորձել են չափագրել Աբրահամյանների տունը: Ընտանիքի անդամները պարզապես թույլ չեն տվել, որ նրանք ներս մտնեն եւ չափագրման աշխատանքներ կատարեն, սակայն կասկածում են, որ այդ իրավիճակը կարող է կրկնվել: Այդ պատճառով էլ Էդգար Բադեմյանը դատարանին բազմիցս միջնորդել է որպես հայցի ապահովման միջոց արգելանք դնել Բուզանդ 83 հասցեում գտնվող մոտ 60 քմ մակերեսով բնակելի տան վրա եւ արգելել որեւէ մեկին, այդ թվում նաեւ «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ին նշված տան նկատմամբ որեւէ գործողություն կատարել: Այսօր եւս Էդգար Բադեմյանը նույն միջնորդությամբ հանդես եկավ: Դատավոր Արթուր Առաքելյանն ասաց, որ այդ միջնորդությունը փաստաբանը կարող է ներկայացնել դատարանի գրասենյակ: «Վերջին միջնորդությանը Վարչական դատարանը պատասխանել էր, որ քանի որ տան նկատմամբ իրականացվում են անօրինական գործողություններ, դատարանը չի կարող արգելել անօրինական գործողությունները: Բայց քանի որ հիմա կատարվում են պաշտոնական գործողություններ (քաղաքապետարանը պաշտոնապես դիմել է կադաստրին, որ տունը չափագրի) օրինական մարմնի կողմից, որի հիման վրա, գտնում եմ, որ դատարանը պետք է բավարարի մեր միջնորդությունը»,- ասաց փաստաբան Էդգար Բադեմյանը: Հիշեցնենք, որ Բուզանդ 83 հասցեում գտնվող մեկ այլ տանը բնակվում էր Արմեն Աբրահամյանի եղբոր ընտանիքը. նրանց տունը 2009 թվականի դեկտեմբերին իրացվել է` ընտանիքին փոխհատուցելով ընդամենը 33 միլիոն դրամ: Արմեն Աբրահամյանը «Հետքին» ասաց, որ եղբոր ընտանիքն այժմ վարձով է բնակվում: «Եթե մեզ հաջողվի սեփականշնորհել մեր տունը եւ մեզ փոխհատուցում տան, ապա եղբորս ընտանիքի եւ մեզ տված գումարով կկարողանանք ծայրամասում տուն գնել»,- ասաց Արմեն Աբրահամյանը: Հ.Գ. 2009 թվականի դեկտեմբերի 9-ին դատական ակտերի հարկադիր կատարողները փորձել էին ապօրինաբար, բռնությամբ վտարել Արմեն Աբրահամյանի ընտանիքին, սակայն Մարդու իրավունքների պաշտպանի եւ լրագրողների միջամտությամբ ապօրինությունը կանխվել էր. «Այդ դեպքից հետո փոքր աղջիկս վախենում է միայնակ տանը մնալ, նախկինում հանգիստ մնում էր, սակայն հիմա նույնիսկ խոհանոց մենակ չի գնում, քրոջն է կանչում: Դպրոցում միշտ բարձր գնահատականներ էր ստանում, իսկ հիմա ուսման մեջ խնդիրներ ունի»,- «Հետքին» պատմեց Արմեն Աբրահամյանի կինը` Նունե Հախվերդյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter