ԼՂՀ մշտական ներկայացուցիչներն արտերկրներում կուսումնասիրեն Արցախում ներդրումներ կատարելու հնարավորությունները
Այսօր տեղի է ունեցել արտերկրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչների հանդիպումը Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Կարեն Եսայանի հետ:
Ինչպես հայտնում են արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից, Կարեն Եսայանը ներկայացրել է հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները: Միաժամանակ նշել է, որ համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի պայմաններում հիմնադրամին հաջողվել է ոչ միայն իրականացնել բոլոր նախանշված ծրագրերը, այլեւ սկսել նոր ծրագրերի իրականացումը: Կանգ առնելով առկա խնդիրների վրա, որոնք պայմանավորված են, մասնավորապես, միջազգային մակարդակով հանրապետության չճանաչվածությամբ` Կարեն Եսայանը կոչ է արել դիվանագետներին աջակցություն ցուցաբերել Արցախի տնտեսության տարբեր բնագավառներում օտարերկրյա ներդրումների ներգրավման գործընթացում:
ԼՂՀ մշտական ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել նստավայր երկրներում ուսումնասիրել Արցախում ներդրումներ իրականացնելու իրական հնարավորությունները, հանդես եկել կոնկրետ առաջարկություններով:
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության մի շարք պատասխանատու աշխատակիցներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել